- Գլխավոր
- Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
- Կոսմոլոգիայի լաբորատորիա
Կոսմոլոգիայի լաբորատորիա
Գործունեությունն ու ստեղծման պատմությունը
Կոսմոլոգիայի գիտահետազոտական կենտրոնը (ներկայումս լաբորատորիա) ստեղծվել է 2008 թվի մարտի 14-ին պրոֆեսոր Վահագն Գուրզադյանի ղեկավարությամբ:
Լաբորատորիայում իրականացվում են կոսմոլոգիայի ոչ գծային խնդիրների հետազոտություններ, մութ նյութի և մութ էներգիայի բնույթի, տիեզերքում նյութի մեծ տարածքային բաշխման վերաբերյալ, ներառյալ արբանյակային գիտափորձերից ստացված դիտողական տվյալների մշակում, տեսական մոդելների արտածում, օգտագործելով տեսական, թվային, մեքենայական ուսուցման մեթոդներ:
Համագործակցում ենք արևմուտքի առաջատար կենտրոնների հետ՝ Ռուսաստանի (Լանդաուի անվ. ինստիտուտ), ԱՄՆ-ի (Քալտեխ), Մեծ Բրիտանիայի (Օքսֆորդ), Իտալիայի, Ֆրանսիայի մասնագետների հետ, ներգրաված ենք LARES (Italian Space Agency, European Space Agency, Վ. Գուրզադյանը՝ ծրագրի ղեկավար խորհրդի անդամ) արբանյակային ծրագրում, որի նպատակն է Հարաբերականության ընդհանուր տեսության, հիմնարար ֆիզիկական սկզբունքների մեծ ճշտությամբ ստուգումը հատուկ արձակված արբանյակների միջոցով:
Հիմնական ուղղությունները
Դիտողական կոսմոլոգիա, ոչ գծային աստղաֆիզիկական համակարգերի դինամիկա, այդ թվում՝ գրավիտացիոն համակարգեր, էապես օգտագործելով դինամիկական համակարգերի տեսության մեթոդներ, բնութագրիչներ (KS-էնտրոպիա, Կոլմոգորովի ստոխաստիկական պարամետր և այլն) և համապատասխան մոդելավորում, մեքենայական ուսուցման ալգորիթմներ:
Նվաճումները
Հետազոտությունների արդյունքները տպագրվում են բարձր ազդեցության գործակցով միջազգային ամսագրերում, զեկուցվում միջազգային գիտաժողովներում: Որոշ արդյունքներ (Երկրի գրավիտացիոն մակընթացային հատկությունների և արբանյակների ուղեծրերի ճշգրիտ հաշվարկի վերաբերյալ, լույսի արագության ինվարիանտության ստուգում Եվրոպական սինքրոտրոնում (ESRF, Grenoble) մեր առաջարկով իրականացված գիտափորձի տվյալներով) սփռվել են միջազգային լրատվամիջոցներով և ներկայումս ընդգրկված են տարբեր հանրագիտարաններում:
Աշխատակիցներից 3–ը ընդգրկվել են ՀՀ արդյունավետ գիտաշխատողների ցուցակներում: 2008-ից պաշտպանվել է 9 թեկնածուական ատենախոսություն Վ. Գուրզադյանի ղեկավարությամբ (2 PhD Իտալիայում):
Կոնտակտներ
Կոսմոլոգիա լաբորատորիայի ղեկավար` Վահագն Գրիգորի Գուրզադյան, ֆ․մ.գ. դոկտոր, պրոֆեսոր
էլհասցե՝ gurzadyan@ysu.am, gurzadyan@yerphi.am