- Գլխավոր
- Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
- Մեխանիկայի լաբորատորիա
Մեխանիկայի լաբորատորիա
Լաբորատորիայում կատարվում են գիտահետազոտական աշխատանքներ ժամանակակից մեխանիկայի մի շարք ոլորտներում, որոնք սերտորեն կապված են գիտատեխնիկական առաջընթացի և նոր տեխնոլոգիաների ներդրման հետ: Գիտահետազոտական գործունեության հիմնական բնագավառն է մեխանիկան, ինչպես նաև ուսումնասիրվող խնդիրների լուծման համար անհրաժեշտ մաթեմատիկական մեթոդների մշակումն ու արդյունքների կիրառության ներկայացումը։ Հետազոտությունները կարևոր նշանակություն ունեն տեսական մեխանիկայի, դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկայի, նյութագիտության, մաթեմատիկական ֆիզիկայի զարգացման գործում։
Մեխանիկայի տարբեր բնագավառներում գիտական աշխատանքներ կատարվել են ԵՊՀ մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետի մեխանիկայի բաժնում, մեխանիկայի ֆակուլտետում, իսկ 2007 թվականից աշխատանքները կատարվում են ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում: Գործել է ֆիզիկատեխնիկական պրոբլեմների գիտահետազոտական լաբորատորիա, այնուհետև հետազոտական աշխատանքները կատարվել են գիտական թեմատիկ պլանների շրջանակներում: 2012 թվականին ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի մեխանիկայի ամբիոնին կից սեղծվել է «Մեխանիկայի տեսական հարցեր և կիրառություններ» գիտահետազոտական լաբորատորիան: 2022 թվականից մեխանիկայի լաբորատորիան գործում է ԵՊՀ մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոնում։
Գիտահետազոտական աշխատանքներ են կատարվում մեխանիկայի տեսական հարցերի և կիրառությունների բնագավառում, ձևակերպվում են նոր դրվածքով խնդիրներ։ Ուսումնասիրվում են մեխանիկական համակարգերի շարժումների ղեկավարման և կայունացման, առաձգական մարմինների փոխազդեցության մաթեմատիկական տեսության, ֆիզիկամեխանիկական տարբեր դաշտերի փոխկապակցվածությամբ ալիքների տարածման խնդիրներ։ Դիտարկվող խնդիրների ուսումնասիրման համար լաբորատորիայում մշակվում և զարգացվում են մաթեմատիկական մեթոդներ, կիրառվում են հաշվողական մաթեմատիկայի ժամանակակից եղանակներ և մոտեցումներ։
Մեխանիկայի լաբորատորիայի գիտական ուղղությունների գծով երիտասարդ գիտնականները պաշտպանում են թեկնածուական ատենախոսություններ «Դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկա» և «Տեսական մեխանիկա» մասնագիտություններով։ Բակալավրիատի «Մեխանիկա» և մագիստրոսական «Մեխանիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրերի շրջանակներում ուսանողներին դասավանդվում է լաբորատորիայի գիտահետազոտական աշխատանքներին համապատասխան դասընթացներ, պաշտպանվում են ավարտական աշխատանքներ և մագիստրոսական թեզեր։
Կոնտակտներ
Լաբորատորիայի ղեկավար` Ջիլավյան Սամվել Հակոբի
Հեռ․՝ (+374 91) 500 770, (+374 60) 710 379 (աշխ․)
Էլհասցե՝ samjilavyan@ysu.am