ԵՊՀ-ում անցկացված «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2026»-ը մեկ օրում միավորեց կրթությունն ու աշխատաշուկան՝ ուսանողներին ու շրջանավարտներին հնարավորություն տալով հանդիպելու գործատուներին, բացահայտելու կարիերայի նոր ուղիներ, ներկայացնելու սեփական գաղափարներն ու մասնագիտական ներուժը, իսկ կազմակերպություններին՝ գտնելու նոր մասնագետներ և ձևավորելու համագործակցության նոր կապեր։
Համալսարանական կրթության կարևոր բաղադրիչներից են մասնագիտական գիտելիքի ձեռքբերումը և հասկանալը՝ ինչպես է այդ գիտելիքը կիրառվում աշխատաշուկայում, ինչ հմտություններ են ակնկալում գործատուները, որտեղ կարելի է ձեռք բերել առաջին մասնագիտական փորձը, ինչպես կառուցել հետագա կարիերան։ Հենց այս կապի ամրապնդմանն է միտված «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո»-ն, որն արդեն չորրորդ տարին անընդմեջ անցկացվում է համալսարանում։
Միջոցառման մեկնարկին Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծեց, որ «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո»-ն ուսանողների համար գործատուների հետ ծանոթանալու, շփվելու և մասնագիտական ապագայի հնարավորությունները պատկերացնելու կարևոր հարթակ է։
«Մենք կարևորում ենք այս էքսպոյի անցկացումը և ուրախ ենք, որ այն արդեն դարձել է մեր համալսարանի առանցքային միջոցառումներից մեկը։ Նախորդ տարիներին այն անցկացվում էր մայիսին, իսկ այս տարի որոշեցինք կազմակերպել սեպտեմբերին։ Պատճառը շատ պարզ է. ցանկանում ենք, որ մեր առաջինկուրսեցիները ևս հնարավորություն ունենան հենց ուսումնական տարվա սկզբից ծանոթանալու համալսարանի ֆակուլտետներին, ԵՊՀ հնարավորություններին, ինչպես նաև մեր գործընկեր կազմակերպություններին՝ հետագայում այդ հնարավորություններից օգտվելու ակնկալիքով»,- նշեց նա՝ բարձր գնահատելով բոլոր հովանավորների և գործընկերների աջակցությունը նախաձեռնությանը:
«ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026»-ը միայն կարիերայի և աշխատանքի հնարավորությունների հարթակ չէր։ Կրթության տոնավաճառի շրջանակում ԵՊՀ ֆակուլտետները, ինստիտուտներն ու կենտրոնները, վարչական ստորաբաժանումները, ուսանողական կառույցները, ինչպես նաև ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցը ներկայացրին իրենց կրթական, փորձնակության ծրագրերը, կազմակերպեցին վիկտորինաներ, մրցույթներ։ Միջոցառմանը մասնակցեց նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը՝ ներկայացնելով իր կրթական ծառայությունները և ցուցադրելով կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների աշխատանքները:
ԵՊՀ կրթական ստորաբաժանումները միջոցառմանը մասնակցեցին ինտերակտիվ տաղավարներով՝ ներկայացնելով իրենց մասնագիտություններն ու ընձեռվող հնարավորությունները։ Ցուցահանդեսի միջոցով էքսպոյի այցելուներին ներկայացվեցին մասնաճյուղի ուսանողների ստեղծագործական ներուժն ու աշխատանքները:
Այս տարվա «ԲանՈՒԳործ» ցուցահանդեսին ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը ևս ակտիվ մասնակցություն ցուցաբերեց։ Ինստիտուտի տաղավարն աչքի էր ընկնում հատկապես իր գիտական գրականությամբ․ այստեղ համադրված էին ինչպես ՀՀԻ տասնամյակների գիտական ձեռքբերումները, այնպես էլ վերջին շրջանում նոր հետազոտությունները, «Հայագիտության հարցեր» հանդեսը, նոր մենագրություններն ու պատմական քարտեզագրության ոլորտի բացառիկ աշխատանքները։
Ցուցադրված աշխատանքներն ընդգծում էին ՀՀԻ կարևոր տեղը ժամանակակից հայագիտության մեջ, վերջինիս գիտական ներուժն ու հնարավորությունները, ինչպես նաև դրանց իրական կիրառական բացառիկ արժեքը ուսումնական գործընթացներում, գիտական վերլուծություններում և պետական ռազմավարություններ մշակելիս։
Նշենք՝ այս ամենից զատ՝ ՀՀԻ տաղավարում առանձնահատուկ հետաքրքրություն առաջացրեց երիտասարդության՝ դպրոցականների և ուսանողների համար կազմակերպված ինտերակտիվ վիկտորինա-մրցույթը, որը նվիրված էր ԵՊՀ ՀՀԻ գործունեությանն ու պատմությանը։ Հավելենք, որ վիկտորինա-մրցույթի ակտիվ մասնակիցներն ու հաղթողները պարգևատրվեցին ինստիտուտի տարբեր տարիների հրատարակությունների օրինակներով, մրցանակներով և գավաթներով: Էքսպոյին մասնակցեցին նաև ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տարբեր տարիների կրթական ծրագրերի շրջանավարտներ, որոնք ներկայացրին իրենց կրթական փորձը, ձեռքբերումներն ու ինստիտուտում ստացած գիտելիքների կիրառման հնարավորությունները։
Օրվա ընթացքում տեղի ունեցան նաև հանդիպումներ ու քննարկումներ՝ մասնակիցներին հնարավորություն ընձեռելով հաստատելու նոր կապեր և ձևավորելու հետագա համագործակցություններ. համալսարանից աշխատաշուկա տանող ճանապարհը սկսվում է ոչ միայն լսարանից, այլև ԵՊՀ «ԲանՈՒԳործ»-ից:







