ԵՊՀ ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի, Հաղորդակցությունների ազգային հետազոտական ինստիտուտի (Մոսկվա) և ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-ռուսական հարաբերությունների հետազոտական բաժնի նախաձեռնությամբ ընթացիկ ուսումնական տարվա սեպտեմբերի 28-ին տեղի ունեցավ «Հարավային Կովկասի տրանսպորտալոգիստիկ կապերի զարգացման հեռանկարները» խորագրով համաժողով:
Համաժողովի շրջանակում քննարկվեցին մի շարք հիմնահարցեր՝ նվիրված տարածաշրջանի տրանսպորտային ճարտարապետության փոփոխություններին, Հարավային Կովկասի՝ միջազգային տրանսպորտային միջանցքների եվրասիական համակարգում ունեցած դերին, տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնմանը, Հյուսիս–Հարավ և Արևելք–Արևմուտք տրանսպորտային երթուղիների զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանի երկրների և արտաքին դերակատարների միջև համագործակցության հնարավորություններին:
Միջոցառմանը մասնակցում էին քաղաքագետներ, վերլուծաբաններ, տնտեսագետներ, գիտնականներ, սոցիոլոգներ, ոլորտի փորձագետներ, ուսանողներ: Վերջիններս ակտիվ մասնակցեցին քննարկումներին՝ ներկայացնելով իրենց տեսակետներն ու դիտարկումները, բարձրաձայնելով ոլորտի առկա խնդիրներն ու առաջնահերթությունները՝ վերլուծելով տարածաշրջանային տրանսպորտային ու հաղորդակցային կապերի զարգացման հնարավորությունները։