ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀԻ) նախաձեռնությամբ ս.թ. նոյեմբերի 16-ին տեղի ունեցած «Հայաստան-Հնդկաստան ռազմավարական հարաբերությունների հեռանկարները» խորագրով կլոր սեղան-քննարկման նպատակն էր անդրադառնալ հայ-հնդկական հարաբերությունների ներկա վիճակին, համագործակցության զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումների համատեքստում երկու երկրների ռազմավարական շահերի ու փոխգործակցության հնարավորություններին։
Կլոր սեղան-քննարկման շրջանակում զեկուցումներ ներկայացրին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի միջազգային համագործակցության համակարգող Ռահուլ Անիլ Սեթհին (թեմա՝ «Մետաքսի ճանապարհից մինչև թվային դարաշրջան․ Հայաստան-Հնդկաստան հարաբերությունները և գործարար ու մշակութային փոխանակման նոր ուղիները»), Հայաստանում Հնդկաստանի մշակութային կապերի խորհրդի (ICCR) կողմից ընտրված նախկին դասախոս Կավիտա Սինգհը (թեմա՝ «Հայաստան-Հնդկաստան մշակութային կապերը․ պատմական արմատներից մինչև ժամանակակից գործընկերություն»), ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության ներկայացուցիչ Նարեկ Միքայելյանը (թեմա՝ «Հնդկաստանի շահերը Եվրասիական տնտեսական միությունում և հարաբերությունները Հայաստանի հետ»), ինչպես նաև ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի Հայաստան-Չինաստան, Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների և ռազմավարական համագործակցության բաժնի աշխատակից Աշխեն Հովսեփյանը (թեմա՝ «Որոշ դիտարկումներ Հնդկաստանի քաղաքականության վերաբերյալ Հարավային Կովկասում»)։
Կլոր սեղանի ընթացքում ներկայացված զեկուցումները վերաբերում էին Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների քաղաքական, տնտեսական, տրանսպորտային, մշակութային և ռազմավարական բաղադրիչներին։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի նշանակությանը, Հնդկաստանի դերի և ազդեցության ընդլայնմանը Կովկաս-Կենտրոնական Ասիա տարածաշրջանում, ինչպես նաև երկկողմ գործարար, կրթական և մշակութային կապերի զարգացման հնարավորություններին։
Կլոր սեղան-քննարկումը կարևոր հարթակ դարձավ հայ-հնդկական հարաբերությունների բազմակողմանի քննարկման, մասնագիտական տեսակետների փոխանակման և համագործակցության հետագա զարգացման հնարավորությունների բացահայտման ուղղությամբ։