Երևանի պետական համալսարանի միջազգային համագործակցության վարչության և Փարիզի Սիտե համալսարանի (Université Paris Cité) միջև ձևավորված գործակցության շրջանակում ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների բաժնի առաջատար գիտական աշխատող Ալեքսանդր Աղաջանյանը առաջին անգամ դասախոսությամբ հանդես կգա Փարիզի համալսարանում։
Սա բացառիկ հնարավորություն է՝ ներկայացնելու Երևանի պետական համալսարանը եվրոպական հեղինակավոր ակադեմիական հարթակներից մեկում։
Մեզ հետ զրույցում Ալեքսանդր Աղաջանյանը նշեց, որ ունի միջազգային փոխանակման և ակադեմիական համագործակցության հարուստ փորձ, սակայն առանձնացնում է հատկապես երկու երկիր, որոնց հետ համագործակցությունը համարում է նշանակալի թե՛ ԵՊՀ-ի, և թե՛ իր անձնական գիտական ուղու համար։
«Կցանկանայի հատկապես ընդգծել մեր համագործակցությունը ԱՄՆ-ի, մասնավորապես Արիզոնայի համալսարանի «Մելիքյան» կենտրոնի հետ։ Այդ ծրագիրը շարունակվում է մինչև այսօր՝ ապահովելով փոխայցելություններ, դասավանդում և գիտական համագործակցություն։ Այդ համագործակցության շրջանակում ես հնարավորություն եմ ունեցել դասավանդելու նաև Արիզոնայում»,- նշեց պրոֆեսորը։
Երկրորդ երկիրը, որի հետ Ալեքսանդր Աղաջանյանը երկարամյա ակադեմիական կապեր ունի, Ֆրանսիան է։ Չնայած բազմաթիվ կրթական այցերին՝ սա առաջին անգամն է, երբ նրան հրավիրել են Փարիզի համալսարան՝ հենց Երևանի պետական համալսարանի հետ պաշտոնական համագործակցության շրջանակում։
ԵՊՀ հետազոտողը հանդես կգա հայ ազգային ինքնության սոցիոլոգիայի և մարդաբանության վերաբերյալ դասախոսություններով։
«Ֆրանսիացի ուսանողներին կներկայացնեմ իմ վերջին ուսումնասիրությունների արդյունքները, որոնք անդրադառնում են այնպիսի կարևոր հարցերի, ինչպիսիք են՝ ինչպես է հիշվում անցյալը (հատկապես՝ սովետականը), հայ-ռուսական մշակութային և քաղաքական հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև ազգային ինքնության ներկայիս ձևավորումն ու դրսևորումը Հայաստանում»,- ասաց Ալեքսանդր Աղաջանյանը։
Հարկ է նշել, որ այսօրինակ համագործակցությունները ոչ միայն մասնագիտական նշանակության են, այլև կարևոր քայլ են հայագիտական թեմաները միջազգային ակադեմիական հարթակներում ճանաչելի դարձնելու գործում։