ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀԻ) նախաձեռնությամբ և Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի (ՀՈՒՖՀՀ) աջակցությամբ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Հայագիտական կադրերի վերապատրաստում. արհեստական բանականության (ԱԲ) և մասնագիտական նոր մեթոդների կիրառումը հայագիտական հետազոտություններում» աշնանային դպրոցի երկրորդ փուլը։
Դպրոցի շրջանակում դասախոսությամբ հանդես եկավ Մարիամ Պետրոսյանը, որը ներկայացրեց ԱԲ նորագույն գործիքները, դրանց հնարավորությունները և կիրառական արդյունավետությունը հայագիտական ուսումնասիրություններում։ Դասախոսն առանձնացրեց մի շարք նոր հարթակներ ու մեթոդաբանություններ, որոնք կարող են նպաստել հետազոտական գործընթացների ավտոմատացմանը, տվյալների վերլուծության արդյունավետ կազմակերպմանը և գիտական արդյունքների ներկայացման խորքային բարելավմանը։
Դպրոցի մասնակիցները հնարավորություն ունեցան գործնականում փորձարկելու ներկայացված գործիքները՝ կիրառելով դրանք սեփական հետազոտական նախագծերում։ Գործնական առաջադրանքների ընթացքում ներկայացվեցին ԱԲ-ի առաջարկած նորարարական լուծումները, ինչպես նաև քննարկվեց դրանց ներուժը հայագիտության տարբեր ոլորտներում։
Աշնանային դպրոցի երկրորդ փուլը նպատակ ուներ ինչպես ամրապնդելու Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ողջ անձնակազմի հմտությունները նորարարական մեթոդների կիրառման ուղղությամբ, այնպես էլ խթանելու գիտական հետազոտությունների զարգացումը ժամանակակից տեխնոլոգիական միտումներին համընթաց։