Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 12:00-ին, Երևանի պետական համալսարանում տեղի կունենա ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ցեղասպանագիտության բաժնի ղեկավար, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր Աշոտ Հայրունու «Եվրոպային սպասելիս. 1918–1920 թթ. հայ ռազմաքաղաքական ղեկավարության ճակատագրական սխալները» պատմագիտական և քաղաքագիտական նոր աշխատության շնորհանդեսը։
Գիրքը շարադրված է արժեքավոր սկզբնաղբյուրների և փաստական հարուստ նյութի հենքի վրա։ Այն նորովի անդրադարձ է կատարում 1918–1920 թթ. տարածաշրջանային-աշխարհաքաղաքական զարգացումներին և այդ ժամանակաշրջանի ճակատագրական որոշումներին։
Հեղինակը ներկայացնում է խնդրո առարկա իրադարձությունների պատմագիտական և քաղաքագիտական վերլուծությունը՝ բացահայտելով հայ ռազմաքաղաքական ղեկավարության թույլ տված սխալները, հանրապետությանը պատուհասած հայտնի աղետների, տարածքային և այլ կորուստների պատճառները, ինչպես նաև չիրացված հնարավորությունները։
Աշխատությունում լուսաբանված հարցերը կարևոր են ոչ միայն պատմական անցյալի վերաիմաստավորման, այլև մերօրյա քաղաքական ու աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում։ Մոտ մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս վերարժևորելու պատմական փորձառությունը, բացահայտելու դրանից ածանցվող դասերն ու դրանց արդիականությունը։
Մուտքն ազատ է: