ԵՊՀ ուսանողական խորհուրդը (Մշակույթի հանձնաժողովը), հավատարիմ լինելով հայապահպան առաքելությանը, այս անգամ ևս հանդես եկավ յուրահատուկ ծրագրով։ Համագործակցելով «Կարին» ավանդական երգի և պարի խմբի, «Թոնիր հարսանեկան գյուղ» ավանդական ծիսական կենտրոնի և «Մարաշլյան» ֆոտոստուդիայի հետ՝ մայիսի 8-ին ԵՊՀ-ում նախաձեռնեց բացառիկ մշակութային միջոցառում՝ նվիրված հայ մշակութային ինքնության բացահայտմանը։

Միջոցառման առաջին հատվածում ներկայացվեց պատմական Հայաստանի վեց տարածաշրջանների մշակույթը՝ Կարին, Ալաշկերտ, Մուշ-Սասուն, Արցախ-Սյունիք, Վասպուրական և Համշեն։
Այցելուները հնարավորություն ունեցան տեսնելու վերոնշյալ տարածաշրջաններին բնորոշ տարազներ, լսելու երաժշտություն, համտեսելու ավանդական ուտեստներ, ինչպես նաև ծանոթանալու տարածաշրջաններին բնորոշ ծիսակարգերին:
«Բացահայտելով հայի մշակութային ինքնությունը» խորագրով պանելային քննարկման ընթացքում մասնակիցները վերլուծեցին հայ ժողովրդի մշակութային ինքնության ձևավորումը՝ պարի, երաժշտության և ծիսական արարողությունների ազդեցությամբ։
Բանախոսությամբ հանդես եկան «Կարին» խմբի գեղարվեստական ղեկավար Անի Գինոսյանը, պարուսույց Աբել Մաթևոսյանը և «Թոնիր հարսանեկան գյուղ» ընկերության համահիմնադիրներ Սիրարփի Խոջաբաղյանն ու Հայկ Երանոսյանը: Քննարկման ընթացքում շեշտվեց Կոմիտասի նշանակալի դերը ազգային երաժշտական ժառանգության պահպանման գործում։ Հատուկ ուշադրություն դարձվեց նաև այլ անհատների ներդրմանը հայ ինքնության պահպանման ճանապարհին։
Երեկոյի գեղարվեստական հատվածը մեկնարկեց Վարսինե Մելքոնյանի կատարմամբ «Բալլադ զինվորի մասին» երգով։ Այնուհետև բեմ բարձրացավ ԵՊՀ ՈՒԽ մշակույթի հանձնաժողովի ազգային պարերի ակումբը՝ ներկայացնելով «Ֆնջան» պարի բեմադրությունը։

Միջոցառմանը եզրափակիչ ելույթով հանդես եկավ «Ծովակ» ավանդական երգի և պարի համույթը, որը հանդիսավորությամբ ամփոփեց մշակութային երեկոն։
Այս նախաձեռնությունը հարթակ էր, որտեղ նոր սերունդը կարող էր վերաիմաստավորել սեփական մշակութային արմատները, վերագտնել անցյալը և ամրապնդել ազգային արժեքները։
ԵՊՀ ուսանողական խորհուրդը շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին այս նախաձեռնության կարևոր մաս կազմելու համար։