«Եթե մարդիկ սովորել են ԵՊՀ-ում, շատ լավ է։ Իսկ եթե նրանց բախտը բերել է, և սովորել են Ֆիզիկայի ինստիտուտում, ապա՝ առավել ևս»,- այս դիտարկմամբ իր ելույթը սկսեց ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի շրջանավարտ, «GTB Holdings»-ի գլխավոր գործադիր տնօրեն, «Armenian Mushroom Company»-ի հիմնադիր և «Seaside Startup Summit»-ի համահիմնադիր Տիրան Հակոբյանը։ Նա ելույթ է ունեցել ԵՊՀ շրջանավարտների ֆորումի շրջանակում անցկացված «Շրջանավարտների բանախոսություններ»-ի ժամանակ։
«Համալսարանական կապերը՝ բիզնեսի զարգացման գրավական» թեմայով բանախոսության ընթացքում նա ներկայացրեց ոչ միայն իր մասնագիտական ճանապարհը, այլև մարդկանց և մարդկային հարաբերությունների մասին պատմություններ, որոնք ձևավորվել են ուսանողական տարիներին և հետագայում դարձել հաջողված նախաձեռնությունների հիմք։
«Համալսարանը մեզ տալիս է երկու բան, որոնք երբեք հնարավոր չէ խլել՝ գիտելիք և կապեր»,- նշեց Տիրան Հակոբյանը։