Երևանի պետական համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի (ՏՏԿՀ) տեղեկատվական համակարգերի ամբիոնի դոցենտ, ֆ․մ․գ․թ․ Մանուկ Մանուկյանը ս․թ․ հոկտեմբերի 12-14-ն ընկած ժամանակահատվածում առցանց ձևաչափով մասնակցել է «Intelligent Distributed Computing» («IDC 2026») 18-րդ միջազգային գիտաժողովին։
ԵՊՀ դոցենտ Մանուկ Մանուկյանը Սալոնիկում (Հունաստան) անցկացվող «IDC 2026» միջազգային գիտաժողովին ներկայացրել է «An LLM-based Approach to Data Integration» խորագրով գիտական հոդվածը՝ նվիրված մեծ լեզվային մոդելների կիրառմամբ տվյալների ինտեգրման գործընթացի ավտոմատացմանը։ Հոդվածի համահեղինակն է ՏՏԿՀ կենտրոնի շրջանավարտ, դասախոս Աննա Մալխասյանը։
Հետազոտության շրջանակում հեղինակներն առաջարկում են մի մոտեցում, որի նպատակն է տարբեր աղբյուրներից ստացվող տվյալների սխեմաները համապատասխանեցնել միասնական՝ ընդլայնվող կոնցեպտուալ տվյալների մոդելին (Extensible Conceptual Model, XCM)։ Առաջարկվող մոտեցման հիմքում գործակալային ճարտարապետությունն է, որը համադրում է մեծ լեզվային մոդելը (Large Language Model, LLM), XCM-ին հատուկ գիտելիքների գրաֆը, տվյալների ընդլայնվող կոնցեպտուալ մոդելի հասկացությունները և կառուցվածքային համակարգային հրահանգը։ Այս բաղադրիչների համատեղ կիրառումը հնարավորություն է տալիս ավտոմատ ձևավորելու տարբեր աղբյուրների սխեմաներից դեպի թիրախային սխեմա համապատասխանեցումները՝ դրանք ներկայացնելով հանրահաշվական ծրագրի տեսքով։ Հետազոտության շրջանակում մշակվել է նաև առաջարկվող մոտեցման նախատիպ, որը հիմք է ստեղծում տվյալների սխեմաների համապատասխանեցման և ինտեգրման գործընթացների ավտոմատացման հնարավորությունների ուսումնասիրման համար։
Մանուկ Մանուկյանի և Աննա Մալխասյանի համատեղ հետազոտությունը ներկայացնում է մեծ լեզվային մոդելների կիրառման հնարավորությունները տվյալների ինտեգրման խնդիրների լուծման գործում՝ նպաստելով տվյալների մշակման և կառավարման ժամանակակից մեթոդների զարգացմանը։
«Intelligent Distributed Computing»-ը ինտելեկտուալ և բաշխված հաշվարկների ոլորտներում հետազոտողների, դասախոսների և ուսանողների համագործակցությունը խթանող միջազգային գիտական հարթակ է։ Գիտաժողովի թեմատիկ շրջանակն ընդգրկում է արհեստական բանականությունը, տվյալագիտությունը, բազմագործակալ համակարգերը, մեքենայական ուսուցումը, ամպային հաշվարկները և բաշխված հաշվողական համակարգերը։ Այն հնարավորություն է ընձեռում ներկայացնելու գիտական հետազոտությունների արդյունքները, քննարկելու ժամանակակից տեխնոլոգիական զարգացումները և ամրապնդելու մասնագիտական համագործակցությունը։