ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի (ՏՏԿՀ) ուսանող Սանդրո Հակոբյանը Հայաստանի ազգային թիմի կազմում մասնակցել է կիբեռանվտանգության ոլորտի երիտասարդ մասնագետների «European Cybersecurity Challenge» (ECSC 2026) միջազգային մրցույթին՝ միտված միջազգային մակարդակում երիտասարդ մասնագետների ներուժի դրսևորմանը, համագործակցության խթանմանը, գիտելիքների և փորձի փոխանակմանը: Սանդրոն համոզված է, որ համալսարանական միջավայրն ու ՏՏԿՀ կենտրոնում ուսումնառությունը ստեղծում են ակադեմիական այն հարթակը, որտեղ ձևավորվող ինժեներական և տեխնիկական ընդհանուր մտածելակերպը նպաստում է մասնագիտական հետագա առաջընթացին:
Մրցույթն անցկացվել է հոկտեմբերի 12–16-ը Գերմանիայի Բոխում քաղաքում՝ համախմբելով 42 երկրների ավելի քան 400 երիտասարդների, որոնք հնարավորություն են ունեցել ցուցադրելու կիբեռանվտանգության ոլորտում իրենց գիտելիքներն ու գործնական հմտությունները։
Հայաստանը մրցույթում մասնակցել է 10 անդամից բաղկացած ազգային թիմով, որի կազմում էր և թիմը որպես ավագ առաջնորդում էր ԵՊՀ ՏՏԿՀ-ի «Տեղեկատվական համակարգերի կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի երկրորդ կուրսի ուսանող Սանդրո Հակոբյանը։ Նախքան ազգային թիմում ընդգրկվելը՝ նա մասնակցել է Հայաստանի ուսանողական ազգային կիբեռվարժանքի ընտրական փուլերին, դարձել երկրորդ տեղը զբաղեցրած «Team ByteForce»-ի անդամ՝ արժանանալով Հայաստանի ազգային թիմում ընդգրկվելու հնարավորությանը։
«European Cybersecurity Challenge»-ը (ECSC) երիտասարդ կիբեռանվտանգության մասնագետների ամենամյա միջազգային մրցույթ է, որն անցկացվում է Եվրոպական միության կիբեռանվտանգության գործակալության (ENISA) աջակցությամբ։ Մրցույթի նպատակն է բացահայտել և խթանել երիտասարդ տաղանդների զարգացումը, նպաստել մասնագիտական գիտելիքների փոխանակմանը և միջազգային համագործակցությանը։
Մրցութային առաջադրանքներն ընդգրկում են կիբեռանվտանգության տարբեր ուղղություններ՝ վեբ անվտանգություն, գաղտնագրություն, թվային հետաքննություն, հակադարձ ինժեներիա և համակարգերի խոցելիությունների բացահայտում։ Մասնակիցները գործնական առաջադրանքների միջոցով կիրառում են իրենց գիտելիքները, զարգացնում խնդիրների լուծման, վերլուծական մտածողության և թիմային աշխատանքի հմտությունները։
Մրցույթի և մասնագիտական ոլորտի վերաբերյալ Սանդրո Հակոբյանի հետ զրույցը՝ ստորև.
- Ինչպե՞ս սկսվեց քո հետաքրքրությունը կիբեռանվտանգության նկատմամբ, և ի՞նչը դրդեց մասնակցելու Հայաստանի ուսանողական ազգային կիբեռվարժանքին։
- Դեռ վաղ տարիքից ինձ մոտ մեծ հետաքրքրություն կար հասկանալու, թե ինչպես են իրականում գործում տարբեր համակարգերը՝ դրանց հիմքերից սկսած։ Այդ մշտական հետաքրքրասիրությունը մղեց ավելի խորությամբ ուսումնասիրելու համակարգերի ներքին տրամաբանությունը, իսկ ժամանակի ընթացքում՝ նաև բացահայտելու դրանց ուժեղ ու թույլ կողմերը, ինչն էլ բնականոն հանգեցրեց կիբեռանվտանգության ընտրությանը։ Ազգային կիբեռվարժանքին մասնակցելու հիմնական դրդապատճառն այդ կուտակված գիտելիքները պրակտիկ միջավայրում փորձարկելն էր և երկրի լավագույն ուսանողների հետ ուժերը չափելու մարտահրավերը։
- Ինչպե՞ս անցավ ազգային ընտրական մրցույթը, ի՞նչ առաջադրանքների պետք է լուծում տայիք, և ինչպիսի՞ն էր երկրորդ տեղը զբաղեցրած թիմի կազմում ընդգրկվելու զգացողությունը։
- Նախընտրական փուլը հիմնականում կենտրոնացած էր պաշտպանողական կիբեռանվտանգության վրա (defense, threat hunting, incident investigation)։ Մեր առաջադրանքն էր մանրակրկիտ հետազոտել համակարգը, հասկանալ, թե կոնկրետ ինչ էր տեղի ունեցել միջադեպի ընթացքում, և ճշգրիտ վերականգնել իրադարձությունների ժամանակային հաջորդականությունը (timeline): Մինչ այդ առավելապես առնչվել էի հարձակողական ուղղության հետ, և սա հիանալի հնարավորություն տվեց խորանալու նաև պաշտպանական կողմի նրբությունների մեջ։ Երկրորդ տեղը զբաղեցնելն ու ազգային հավաքականում ընդգրկվելը մեծ ոգևորություն պարգևեցին. հաճելի էր տեսնել, որ համակարգված ու սառնասիրտ աշխատանքը տալիս է նման շոշափելի արդյունք։
- Ինչպե՞ս անցավ նախապատրաստությունը «ECSC 2026» միջազգային մրցույթին։ Ի՞նչ աշխատանքներ էիք կատարում Հայաստանի ազգային թիմով։
- Նախապատրաստական շրջանը բավականին ակտիվ էր ու լարված։ Քանի որ Հայաստանն առաջին անգամ էր մասնակցում կիբեռանվտանգության ոլորտում նման մասշտաբային ու բարձրակարգ միջոցառման, բնականաբար շատ բաներ պարզապես անկանխատեսելի էին։ Մեր աշխատանքը հիմնականում ուղղված էր թիմային փոխգործակցությանն ու հնարավոր տարբեր սցենարների մշակմանը։ Այս փորձառությունն անգնահատելի էր. այն հստակ ցույց տվեց, թե հատկապես որ ուղղություններով պետք է ավելի շատ աշխատենք ինչպես մեր, այնպես էլ ապագայում մրցույթին մասնակցող թիմերը: Վստահ եմ, որ այս ձեռք բերված փորձի շնորհիվ հաջորդ անգամ Հայաստանը շատ ավելի լավ արդյունքներ կգրանցի։
- Դու Հայաստանի ազգային թիմի ավագն էիր։ Ի՞նչ պատասխանատվություն էր դա ենթադրում, ինչպե՞ս էիր կազմակերպում թիմի աշխատանքը մրցույթի ընթացքում և ի՞նչ մարտահրավերների հանդիպեցիր այդ դերում։
- Ավագի դերն առաջին հերթին հոգեբանական պատասխանատվություն էր։ Մրցաշարային լարվածության մեջ մարտահրավերները շատ էին, բայց ամենակարևորը թիմի ներքին ոգին ու մոտիվացիան անկոտրում պահելն էր՝ անկախ նրանից, թե տվյալ պահին առաջադրանքները որքան բարդ էին թվում։ Իմ խնդիրն էր ապահովել, որ յուրաքանչյուր մասնակից կենտրոնանա իր առավելագույնի վրա, և մենք գործենք որպես մեկ միասնական օրգանիզմ։
- Ի՞նչ տպավորություններ ստացար «ECSC 2026»-ից։ Մրցութային ո՞ր առաջադրանքներն էին առավել բարդ կամ հետաքրքիր քեզ համար։
- Տպավորությունները շատ մեծ էին՝ հաշվի առնելով առաջադրանքների մակարդակն ու բազմազանությունը։ Հատկապես առանձնացան և առանձնահատուկ հետաքրքիր ու բարդ էին մրցույթի տարբեր փուլերում տրված ֆիզիկական սարքերի (hardware) հետ կապված խնդիրները։ Դրանք պահանջում էին ոչ միայն ստանդարտ տեսական կամ ծրագրային մոտեցում, այլև ապարատային մակարդակի խոր ընկալում և պրակտիկ ճկունություն, ինչը մարտահրավերն ավելի յուրահատուկ էր դարձնում։
- ՏՏԿՀ կենտրոնում ստացած գիտելիքներն ու հմտությունները որքանո՞վ են նպաստել քո մասնակցությանը։ Կա՞ կոնկրետ գիտելիք կամ փորձ, ինչը հատկապես օգտակար եղավ մրցույթի ընթացքում։
- Համալսարանական միջավայրն ու ՏՏԿՀ կենտրոնում ուսումնառությունն առաջին հերթին ստեղծում են ակադեմիական հարթակ, որտեղ ձևավորվում է ինժեներական և տեխնիկական ընդհանուր մտածելակերպը։ Ծրագրային համակարգերի և դրանց կառուցվածքի վերաբերյալ բազային ընկալումը կարևոր է ցանկացած տեխնիկական մարտահրավերի բախվելիս, քանի որ այն օգնում է տեղեկատվությանը մոտենալ համակարգված և կառուցվածքային տեսանկյունից։
- Ի՞նչ նոր փորձ, գիտելիք կամ մասնագիտական կապեր ձեռք բերեցիր այս մրցույթի շնորհիվ: Ի՞նչ խորհուրդ կտաս այն ուսանողներին, որոնք ցանկանում են մասնագիտանալ կիբեռանվտանգության ոլորտում։
- Մրցույթի շնորհիվ տարբեր երկրներից բազմաթիվ նոր ընկերներ ձեռք բերեցինք և առնչվեցինք նորարարական տեխնիկական խնդիրների։ Ամենամեծ ձեռքբերումներից էր այն գիտակցումը, որ նման մակարդակի մրցաշարերում, բացի անհատական գիտելիքից, շատ կարևոր են թիմային աշխատանքը, ներքին ներդաշնակությունը և դերերի ճիշտ բաշխվածությունը։
Իսկ ոլորտով հետաքրքրվող ուսանողներին խորհուրդ կտամ չբավարարվել միայն տեսական նյութով. կարևոր է մշտապես մասնակցել գործնական վարժանքների, CTF մրցույթների, խորանալ համակարգերի ֆունդամենտալ աշխատանքի մեջ և երբեք չվախենալ բարդ մարտահրավերներից։ Հաստատակամությունն ու հետևողական պրակտիկան այս մասնագիտության մեջ հաջողության հասնելու գլխավոր նախապայմանն են։
Սանդրո Հակոբյանի մասնակցությունը «ECSC 2026» միջազգային մրցույթին կարևոր փորձառություն է նրա մասնագիտական զարգացման ճանապարհին։ ԵՊՀ ՏՏԿՀ կենտրոնը շնորհավորում է ուսանողին միջազգային մրցահարթակում Հայաստանի ներկայացուցչական թիմի կազմում հանդես գալու կապակցությամբ՝ մաղթելով նոր հաջողություններ և մասնագիտական ձեռքբերումներ։