ԵՊՀ ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի տեղեկատվական համակարգեր ամբիոնի դասախոսները և կենտրոնի շրջանավարտը Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կազմակերպված Եվրոպական թեստավորման սիմպոզիումում (European Test Symposium (ETS) 2025) հանդես եկան միասնական հոդվածով:
Եվրոպական թեստավորման սիմպոզիումի շրջանակում կազմակերպվել էր «ETS teams 2025» ֆորումը: Այն ETS համայնքի՝ բոլոր մայրցամաքներից եկած հետազոտական թիմերի հավաք էր, որը նվիրված էր սիմպոզիումի 30-ամյա հետաքրքրաշարժ պատմության ընթացքում նրանց բազմազանության ու գերազանցության արժևորմանը:
Համայնքի 30-ամյա պատմությունը ակադեմիական համայնքում վերջինիս ունեցած կայուն հեղինակության վկայությունն է: Միավորումը՝ իբրև առաջատար աշխատանքներ ներկայացնելու հեղինակավոր հարթակ, համաշխարհային ճանաչում է վայելում:
Եվրոպական թեստավորման սիմպոզիումը՝ որպես գիտական հաստատությունների և սերունդների միջև համագործակցության կենտրոն, ժամանակի ընթացքում պահպանել է իր տեղն ու դերը՝ ոլորտի պահանջներին համընթաց զարգացնելով նաև իր թեմաներն ու ուղղությունները:
Հոբելյանական ֆորումը, կարևորելով համագործակցության նպատակով հետազոտական ցանցերի ստեղծումն ու զարգացումը, անդրադարձավ թիմերի պատմական նվաճումներին և նրանց ներկայիս հետազոտությունների նկատմամբ հետաքրքրությանը:
ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի տեղեկատվական համակարգեր ամբիոնի 3 դասախոսներ՝ Գ․ Հարությունյանը, Վ․ Վարդանյանը, Ս․ Շուքուրյանը, և կենտրոնի շրջանավարտ Գ․ Ճաղարյանը ներառվել են ս.թ. մայիսի 26-30-ը տեղի ունեցած ֆորումի միասնական հոդվածի համահեղինակների ցուցակում: Այս հանգամանքը վկայում է նրանց՝ էլեկտրոնային սխեմաների թեստավորման գծով մասնագետների շրջանում ունեցած բարձր հեղինակության մասին: