ԵՊՀ-ում տեղի ունեցավ համալսարանի շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը, որը մասնագիտական կյանք թևակոխելու և համալսարանի հետ առավել սերտ համագործակցելու նոր մեկնարկ է:
ԵՊՀ շրջանավարտների միջոցառումը կազմված էր համալսարանի ռեկտորի, բանախոսների ու ուսանողների տպավորիչ ելույթներից և տոնական համերգային ծրագրից:

Շրջանավարտների ավարտական միջոցառման սկիզբն ազդարարվեց Հայաստանի Հանրապետության և Երևանի պետական համալսարանի օրհներգերով՝ ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի երգչախմբի սաների կատարմամբ:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով և շնորհավորելով շրջանավարտներին, ընդգծեց, որ համալսարանական տարիներն օգնում են երիտասարդներին բացահայտելու ոչ միայն աշխարհը, այլև իրենց կարողություններն ու ունակությունները, որն էլ հենց կրթության մեծագույն հաղթանակն է. «Դուք այստեղ եկաք որպես երիտասարդներ՝ լի հարցերով, որոնումներով։
Այսօր հեռանում եք որպես մասնագետներ, որոնք արդեն ունեն պատասխաններ, բայց նաև նոր ու ավելի բարդ հարցեր։ Եվ անկախ նրանից, թե ուր կտանի ձեզ կյանքը՝ այդ նոր հարցադրումների պատասխանները գտնելու համար, թող ձեր ներսում միշտ ապրի այն ուսանողը, որն առաջին անգամ եկավ այս համալսարան։ Այսօր մեր հանրության, մեր երկրի ու ամբողջ աշխարհի համար առավել քան երբևէ կարևոր են երիտասարդ մարդիկ, որոնք ունեն մտածելու ազատություն և գործելու պատասխանատվություն։ Դուք՝ ԵՊՀ շրջանավարտներդ, հենց այդ մարդիկ եք»:

Ռեկտորը կոչ արեց երիտասարդներին երբեք չվախենալ փոփոխություններից, չխուսափել սխալվելուց. «Հիշե՛ք՝ դուք հիմա ունեք այն, ինչ ամենակարևորն է՝ հավատ ձեր հնարավորությունների նկատմամբ։ Իսկ հիմնասյունը՝ Երևանի պետական համալսարանը, որի շնորհիվ կարող եք կառուցել ամեն բան, մեկընդմիշտ ձերն է»։
Միջոցառումն ամփոփվեց տոնական համերգով, որի ժամանակ կատարումներով հանդես եկան Արամ MP3-ին և «Nemra» խումբը՝ անմոռանալի և էլ ավելի տպավորիչ դարձնելով շրջանավարտների օրը:
Ընդգծենք, որ ավանդական դարձած այս միջոցառումը շրջանավարտների ու ԵՊՀ-ի միջև սերտ համագործակցության սկիզբն է: Հետագայում իրենց ոլորտում հաջողությունների հասած համալսարանականներն ակտիվ ներգրավվում են թե՛ համալսարանի կրթական ծրագրերի արդիականացման, թե՛ ուսանողների վերապատրաստման գործընթացներում: