ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական (ՏՏԿՀ) կենտրոնում ս․թ․ հուլիսի 4-ին տեղի ունեցավ «Հայկական ծրագրեր» (ՀԾ) ընկերության աշխատակիցների՝ «Օպերացիոն համակարգեր» դասընթացի մասնակիցների հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը։

Հավաստագրերը հանձնեց կենտրոնի գիտական ղեկավարը՝ ԵՊՀ պրոֆեսոր-էմերիտուս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սամվել Շուքուրյանը, որը հանդես եկավ շնորհավորական խոսքով։ Նա ընդգծեց մասնակիցների ձեռքբերումների կարևորությունն ու հույս հայտնեց, որ կենտրոնում ստացած գիտելիքներն ու հմտությունները կծառայեն մասնագիտական առաջընթացին։
Նշենք, որ «Հայկական ծրագրեր» (ՀԾ) ընկերության հետ գործակցության շրջանակում նախորդ ուստարում ևս ՏՏԿՀ կենտրոնը հաջողությամբ իրականացրել է նույն դասընթացը՝ ապահովելով բարձր որակ և մասնագիտական ուսուցում։
2024-2025 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում ԵՊՀ և ՀԾ ընկերության միջև ստորագրված համագործակցության համաձայնագրի շրջանակում ՏՏԿՀ կենտրոնը կազմակերպել և իրականացրել է նշված դասընթացի ուսուցումը ՀԾ-ի աշխատակիցների համար։
Այսօր արդեն դասընթացի մասնակիցները ստացան իրենց հավաստագրերը՝ ամփոփելով ուսումնառության մի կարևոր փուլ։
Արարողությանը ներկա էին ՏՏԿՀ կենտրոնի գիտական ղեկավարը, դասախոսներ, մասնակիցների հարազատներ։