ԵՊՀ գիտական խորհրդի դահլիճում մեկնարկեց ուսումնական ստորաբաժանումների տարեկան հաշվետվությունների ներկայացման ԳԽ երկրորդ նիստը, որի ընթացքում ֆակուլտետների, ինստիտուտների և կենտրոնների ղեկավարները ներկայացրին տարվա ընթացքում կատարված աշխատանքները, կարևոր ձեռքբերումները, ինչպես նաև զարգացման ու բարելավման ծրագրերը։
Տարեվերջյան ամփոփիչ գործընթացի երկրորդ նիստի շրջանակում հաշվետվություններ ներկայացրին ուսումնական 11 ստորաբաժանումների ղեկավարները։ Այս նիստի ընթացքում ևս առանձնահատուկ ուշադրություն դարձվեց ուսումնամեթոդական և գիտական գործունեության արդյունքներին, ինչպես նաև այն հարցերին, որոնք պահանջում են հետագա զարգացում ու նոր նպատակների սահմանում։ Հանդիպումն անցավ գործնական և համագործակցային մթնոլորտում՝ ապահովելով արդյունավետ քննարկումներ և նոր հեռանկարների ձևակերպում։
Օրակարգի հաստատումից հետո գիտական խորհրդի անդամները ներկայացրին հաշվետվությունները։
ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի տնօրեն Արթուր Ավագյանը նշեց, որ 2024–2025 ուսումնական տարին զարգացման, ինչպես նաև համապարփակ արդիականացման շրջան էր․ դիմորդների մասնագիտական կողմնորոշման նոր նախաձեռնությունների շնորհիվ դիմորդների թիվն աճել է մոտ 10%-ով, թարմացվել են մի շարք առարկայական ծրագրեր՝ զարգացնելով արդեն իսկ գոյություն ունեցող «AI», «Cloud», «Data Science» և ժամանակակից վեբ տեխնոլոգիաների հետ կապված բովանդակությունը, իսկ ուսանողները պահպանել են 100%-անոց զբաղվածությունը ոլորտի առաջատար ընկերություններում։ Նա առանձնահատուկ կարևորեց ենթակառուցվածքային և տեխնիկական հագեցվածության ուղղությամբ կատարված աշխատանքները՝ միտված թե՛ թվային կրթական միջավայրի կատարելագործմանը, թե՛ ֆիզիկական աշխատանքային պայմանների բարելավմանը։
Տնօրենն ընդգծեց, որ ստեղծվել են համակարգչային երկու նոր լաբորատորիաներ, կատարելագործվել է «E-learning» հարթակը, արդիականացվել են «Registrar» ու «Supervision» համակարգերը, համալսարանական «Moodle» («E-learning») ուսումնական միջավայրին ամբողջությամբ ինտեգրվել է ակադեմիական ազնվության ապահովման «Turnitin» համակարգը։
Ա. Ավագյանի խոսքով՝ կենտրոնը շարունակելու է խորացնել համագործակցությունը «MIT»-ի և արտասահմանյան այլ կառույցների հետ, ինչպես նաև ընդլայնելու է ուսանողների ներգրավվածությունը հետազոտական աշխատանքներում՝ ապահովելով ծրագրերի համապատասխանությունը ՏՏ ոլորտի՝ արագ փոփոխվող պահանջներին։
Նիստի ավարտին փակ գաղտնի քվեարկության արդյունքում հաստատվեցին ԵՊՀ գիտական խորհրդի անդամների ներկայացրած բոլոր հաշվետվությունները։