Երևանի պետական համալսարանի ՏՏ կրթական և հետազոտական (ՏՏԿՀ) կենտրոնում հունվարի 12-ին անցկացվեց «International Winter AI Olympiad (IAIO) 2026» միջազգային ձմեռային օլիմպիադայի հայաստանյան ազգային թիմի ընտրության նախընտրական փուլը, որին մասնակցեցին ավագ դպրոցների աշակերտներ։ Մրցույթի արդյունքներով կձևավորվի ազգային թիմը՝ բաղկացած չորս մասնակիցներից, որոնք Հայաստանը կներկայացնեն արհեստական բանականության ոլորտում միջազգային հեղինակություն վայելող մրցույթում։
Խոսելով նախընտրական փուլի պայմանների մասին՝ ՏՏԿՀ կենտրոնի գործադիր տնօրեն Արթուր Ավագյանը նշեց. «Նախընտրական փուլում աշակերտները պետք է հաղթահարեն երեք տեսակի առաջադրանքներ։ Մրցույթի ընթացքում աշակերտները առնչվում են համակարգչային տեսլականին և ռոբոտատեխնիկային, ինչպես նաև մեքենայական ուսուցմանը և բնական լեզվի մշակմանը։ Մրցույթի ձևաչափը համատեղում է տեսական գիտելիքները մաթեմատիկական և ալգորիթմական խնդիրների հետ, ինչին հաջորդում են արհեստական բանականության մոդելների գործնական մշակման մարտահրավերները։ Թեստային առաջադրանքները ներառում են «IAIO 2024»-ի գիտական փուլի հարցերից կազմված շարքը: Հարցերի միջոցով ստուգվում են մասնակիցների գիտելիքները, արհեստական բանականության հիմնարար հասկացությունների ըմբռնումը և խնդիրներն արդյունավետորեն լուծելու համար այդ հասկացությունները կիրառելու կարողությունը։ Առանձին առաջադրանքներ ենթադրում են խնդիրների լուծում իրական դեպքերի և իրավիճակների վերլուծության միջոցով»։
«International Winter AI Olympiad (IAIO) 2026»-ը տեղի կունենա ս.թ. փետրվարի 23–27-ը Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում։ Մրցույթը կազմակերպում է արհեստական բանականության ոլորտի միջազգային հետազոտական կենտրոնը («International Research Centre on Artificial Intelligence») Jožef Stefan ինստիտուտի հարթակում։ Մրցույթի նպատակն է արհեստական բանականության ոլորտում տեսական և գործնական հիմնախնդիրների լուծման շուրջ միավորել երիտասարդ տաղանդներին։
«IAIO» միջազգային օլիմպիադան համեմատաբար նոր նախաձեռնություն է։ Նրա առաջին շրջանը անցկացվել է 2024 թ. սեպտեմբերի 8–12-ը Ռիադում (Սաուդյան Արաբիա), որտեղ ավելի քան 90 երիտասարդ մասնակիցներ 25 երկրներից մրցել են մրցանակների համար՝ համագործակցելով ոլորտի փորձառու մասնագետների հետ և ընդգծելով նաև արհեստական բանականության կիրառման էթիկական կողմերը։
«IAIO 2026»-ին նախատեսվում է ավելի քան 120 ներկայացուցչի մասնակցություն 38 երկրներից։
Մրցույթը մասնակիցներին հնարավորություն է տալիս խորացնելու իրենց գիտելիքները արհեստական բանականության ոլորտում, զարգացնելու ալգորիթմների մշակման և խնդիրների լուծման հմտությունները, ինչպես նաև ձեռք բերելու միջազգային մակարդակի մրցակցային փորձ։ Այդ միջավայրը խթանում է նորարարական մտածողությունը, համագործակցությունը և գիտելիքների փոխանակումը տարբեր երկրների երիտասարդ մասնակիցների միջև։




