ԵՊՀ ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնում տեղի է ունեցել մագիստրոսական ծրագրերի շրջանավարտների դիպլոմների հանձնման պաշտոնական արարողությունը։
Արարողությանը ներկա էին կենտրոնի գիտական ղեկավար Սամվել Շուքուրյանը, գործադիր տնօրեն Արթուր Ավագյանը, դասախոսներ, ուսանողներ, շրջանավարտների հարազատներ ու հյուրեր։
Շրջանավարտներին շնորհավորական խոսքով դիմեց կենտրոնի գիտական ղեկավար Սամվել Շուքուրյանը՝ ընդգծելով մագիստրոսի կոչման կարևորությունն ու նշանակությունը մասնագիտական զարգացման և կարիերայի առաջընթացի ճանապարհին։ Նա վստահություն հայտնեց, որ կենտրոնի և շրջանավարտների միջև ձևավորված կապը կշարունակվի նաև ապագայում՝ վերածվելով արդյունավետ և ամուր գործընկերության:
«Տեղեկատվական համակարգերի մշակում» կրթական ծրագրի շրջանավարտ Քրիստինե Վասիլյանը, շրջանավարտների անունից հանդես գալով շնորհակալական խոսքով, ընդգծեց. «Սրտանց շնորհակալություն ենք հայտնում ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնին ուսումնառության այս կարևոր և հիշարժան ճանապարհի համար։ Անցած երկու տարիների ընթացքում մենք ձեռք ենք բերել ոչ միայն նոր գիտելիքներ, այլև առավել խորությամբ ճանաչել ենք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, դրա բազմազան ուղղություններն ու հնարավորությունները։ Ուսումնական ծրագիրն արդիական էր, բազմակողմանի և գործնական, իսկ ստացած գիտելիքներն այսօր վստահությամբ կիրառում ենք մասնագիտական գործունեության ընթացքում։
Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում դասախոսներին՝ մասնագիտական բարձր պատրաստվածության, նվիրվածության և փոխանցած արժեքավոր գիտելիքների համար։ Շնորհակալ ենք նաև կենտրոնի ղեկավարությանը և ողջ անձնակազմին՝ ուսումնական բարենպաստ միջավայր ստեղծելու, մշտական աջակցության և հոգատար վերաբերմունքի համար։
Ուսումնառության ողջ ընթացքում մասնակցելով հետաքրքիր միջոցառումների, հանդիպելով ոլորտի առաջատար մասնագետներին՝ ձեռք ենք բերել նոր ծանոթություններ և արժեքավոր փորձ, որոնք, վստահ եմ, կնպաստեն մեր մասնագիտական հետագա զարգացմանը։
Այստեղ ստացած գիտելիքները, փորձը և ձևավորված կապերը դեռ երկար տարիներ կուղեկցեն մեզ մասնագիտական ճանապարհին։ Շնորհակալ ենք ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնին ընձեռած հնարավորությունների, ստացած գիտելիքների և շարունակական կրթության հնարավորության համար»։
Արարողության ավարտին շրջանավարտներին հանձնվեցին մագիստրոսական կրթության դիպլոմները։














