«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամը ստեղծվել է 2013 թվականին՝ նպատակ ունենալով հասարակական ներազդեցությամբ բարելավելու Հայաստանի հանրակրթական համակարգը, որ այն հավասարապես հասանելի դառնա Հայաստանի բոլոր երեխաների համար։ Կազմակերպությունը ձգտում է այս առաքելության իրականացմանը՝ հավաքագրելով և վերապատրաստելով համալսարանների շրջանավարտներին և մասնագետներին, որոնք երկու տարով գործուղվում են համայնք՝ դասավանդելու համայնքի դպրոցում։ Ապահովելով իր ծածկույթը Հայաստանի բոլոր մարզերում՝ «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն ունի ավելի քան 150 ուսուցիչ-առաջնորդ, 38.000 աշակերտ և 400 շրջանավարտ։
Ընդլայնելով կրթական հնարավորությունները, խթանելով աշակերտական առաջնորդությունը և բացահայտելով մեր համայնքների անսահման հնարավորությունները՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը հանդես է գալիս կրթական ոլորտը վերափոխող մի շարք կարևորագույն ծրագրերով ու նախաձեռնություններով, ինչպիսիք են «Սերունդ» դպրոցի փոխակերպման և դպրոցական առաջնորդության վերապատրաստման ծրագիրը, «Կայծ» սոցիալական նորարարության ինկուբատորը, «Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական ծրագիրը, «Կրթություն արտակարգ իրավիճակներում» ծրագիրը և այլն։
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի տեսլականն է՝ ունենալ այնպիսի Հայաստան, որտեղ յուրաքանչյուր երեխա` անկախ իր սոցիալ-տնտեսական կարգավիճակից, հնարավորություն կունենա գերազանց կրթության շնորհիվ բացահայտելու իր ողջ ներուժը:
Գործընկերոջ մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելե՛ք պաշտոնական կայքէջ՝ https://www.teachforarmenia.org/am/home