Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ձևավորվել է 2001 թվականի հունվարի 13-ին՝ 2000 թվականի նոյեմբերի 6-ին ընդունված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հիման վրա՝ որպես տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառում պետական քաղաքականություն իրականացնող պետական մարմին: Կազմավորման 20 տարիների ընթացքում ՄՊՀ-ն՝ որպես պետական ինստիտուտ, կայացման նշանակալի ճանապարհ է անցել:
Հանձնաժողովի աշխատակազմը 2001 թվականին բաղկացած է եղել կառուցվածքային 6 ստորաբաժանումներից՝ տեղեկատվության հավաքագրման, մեթոդաբանության, վերահսկողության, իրավաբանական վարչություններից, արտաքին կապերի և լրատվության բաժնից ու գործերի կառավարչությունից։
Հանձնաժողովի թիմային աշխատանքը, փորձի փոխանակումը նպաստում են հանձնաժողովի նպատակների և խնդիրների արագ ու արդյունավետ իրագործմանը։ Մենք արձանագրում, սակայն չենք բավարարվում ընթացիկ ձեռքբերումներով՝ մշտապես լավարկելով իրավական դաշտն ու կարգավորումները, ընդունվող որոշումների որակը, աշխատանքային ընթացակարգերը՝ միջազգային լավագույն փորձին, նոր իրողություններին և նոր գիտելիքին համահունչ: Հավակնոտ ծրագրեր կազմել, ձգտել և հասնել հնարավոր առավելագույն արդյունքին՝ այս առաջ մղող գաղափարներն են ընկած մեր թիմի աշխատանքների հիմքում: Թիմի յուրաքանչյուր անդամի մասնագիտական զարգացումն ու առաջխաղացումը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է: