Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը՝ որպես Օմբուդսմանի և մարդու իրավունքների ազգային և ամենաբարձր «A» միջազգային կարգավիճակ ունեցող հաստատություն, գործում է փարիզյան և միջազգային այլ սկզբունքներին համապատասխան: Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, հանրային ծառայությունների ոլորտում գործող կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը։ Պաշտպանը նպաստում է նաև խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը, ինչպես նաև իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը: Իր իրավական առաքելության շրջանակում մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է անհատական և կոլեկտիվ բողոքների, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ հարցերի քննարկումներ։
Պաշտպանն իրականացնում է նաև իրավունքների խթանմանն ուղղված գործունեություն: Այս առումով կարելի է ընդգծել նրա կողմից Սահմանադրական դատարան դիմումներ ներկայացնելու լիազորությունը՝ բարձրացնելով օրենքների, Ազգային ժողովի որոշումների, հանրապետության նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Կառավարության և վարչապետի որոշումների, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի՝ Սահմանադրության 2-րդ գլխի դրույթների համապատասխանության հարցը: Սահմանադրական դատարանի հետ համագործակցության շրջանակում մարդու իրավունքների պաշտպանը ներկայացնում է նաև իրավական դիրքորոշում (amicus brief) դատարանում քննվող` մարդու իրավունքներին առնչվող գործերի վերաբերյալ։
Նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը նպաստելու գործառույթի շրջանակում մարդու իրավունքների պաշտպանը իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկներ է մշակում և ներկայացնում իրավասու մարմիններին:
Հատկանշական է նաև, որ մինչև մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի ընդունումը, դրանք պետք է ուղարկվեն պաշտպանին՝ գրավոր կարծիք ներկայացնելու:
Համակարգային խնդիրների լուծման և իրավունքների խախտումների կանխարգելմանն ուղղված աշխատանքի մյուս կարևոր ուղղություններից են իրազեկման աշխատանքները։ Այս համատեքստում պաշտպանը հրապարակում է տեսանյութեր, տեղեկատվական թերթիկներ, ուղեցույցներ և այլ նյութեր մարդու իրավունքներին առնչվող տարբեր խնդիրների վերաբերյալ:
Գործընկերոջ մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելե՛ք պաշտոնական կայքէջ՝ www.ombuds.am