Ս.թ. հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը՝ ժամը 9:00-18:00-ն, ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի դահլիճում կանցկացվի «Սիգման» միջազգային դպրոց-2025» գիտական միջոցառումը, որը կազմակերպվելու է ԵՊՀ ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիայի, «OPTICA» օպտիկների միջազգային կազմակերպության և Բրյուսելի ազատ համալսարանի համատեղ նախաձեռնությամբ:
Միջազգային դպրոցին դասախոսություններով հանդես են գալու Անգլիայի, Իտալիայի, Գերմանիայի, Ռումինիայի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Բելգիայի և մի շարք այլ երկրների բուհերի պրոֆեսորներ:
«Սիգման» միջազգային դպրոցը մեկշաբաթյա ամենամյա ծրագիր է, որը ուսանողներին հնարավորություն է տալիս խորությամբ ուսումնասիրելու լազերային ֆիզիկայի հիմունքներն ու լազերների կիրառությունները գիտության և տեխնոլոգիաների տարբեր բնագավառներում։ Էնթոնի Սիգմանը, որի անունով է կոչվում դպրոցը, լազերի նախահոր հայտնագործողներից է։ Ավելի քան հիսունամյա գործունեությամբ Սիգմանը դարձել է լազերային ֆիզիկայի հիմնադիրներից մեկը և այս բնագավառի բազմաթիվ նորարարությունների հեղինակ է։
«OPTICA» օպտիկների միջազգային կազմակերպության և «IPG Photonics»-ի նախաձեռնությամբ 2014 թվականին Սթենֆորդում անցկացվել է միջազգային առաջին «Սիգման» դպրոցը։ Նախորդ տասը տարիների ընթացքում դպրոցը անցկացվել է Իսպանիայում (ICFO), Գերմանիայում (Max Planck Institute), Մեքսիկայում (CIO), Դանիայում (DTU), ԱՄՆ-ում (University of Rochester, Stanford University), Իռլանդիայում (University College Dublin):
Ամեն տարի շուրջ 100 մագիստրանտներ և ասպիրանտներ հրավիրվում են մասնակցելու մեկշաբաթյա ծրագրին, որի ընթացքում ոլորտի միջազգային ճանաչում ունեցող գիտնականները և արդյունաբերական առաջատար հիմնարկների ներկայացուցիչները հանդես են գալիս դասախոսություններով։ Լազերների «Սիգման» միջազգային դպրոցի ծրագրում ընդգրկված են լազերների նախագծմանը, աշխատանքի սկզբունքներին, տարբեր ծագման ակտիվ միջավայրերի ոչ գծային հատկություններին, տարբեր կիրառություններին և արդի խնդիրներին առնչվող դասախոսություններ։
Մանրամասները՝ հետևյալ հղումով: