ԵՊՀ Գևորգ Արշակյանի անվան գիտելիքի դպրոցը հայտարարում է ամառային դպրոցի ընդունելություն, որին կարող են դիմել 2025-2026 ուստարվա 10-12-րդ դասարանների աշակերտները։
Գևորգ Արշակյանի անվան գիտելիքի դպրոցը ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնում գործող դպրոց է, որը նպատակ ունի նպաստելու ոչ ֆորմալ կրթության միջոցով երեխաների և երիտասարդների կարողությունների, հմտությունների զարգացմանը։ Դպրոցը կրում է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված, Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանակիր, ԵՊՀ բրոնզե մեդալակիր Գևորգ Արշակյանի անունը։
Ամառային դպրոցի ընդունելությունը կկազմակերպվի ս.թ. հուլիսի 1-5-ը Երևանի պետական համալսարանում: Ընդունելության քննությունը կիրականացվի տարբեր առարկաների և ընդհանուր զարգացվածության թեստային առաջադրանքներով։
Հայտադիմումը լրացրած մասնակիցների հետ կապ կհաստատեն դպրոցի կազմակերպիչները և կտեղեկացնեն ընդունելության քննության օրվա, ժամի մասին։
Դիմելու վերջնաժամկետն է ս.թ. հունիսի 27-ը:
Ամառային դպրոցի շրջանակում նախատեսվում են երկշաբաթյա դասընթացներ, քննարկումներ, հանդիպումներ, թիմային աշխատանքներ հետևյալ (և ոչ միայն այս) թեմաներով.
- ժամանակի կառավարում,
- հաղորդակցման հմտություններ,
- ներկայանալու հմտություններ,
- արագ ընթերցանության տեխնիկաներ,
- առաջնորդություն
- հետաքրքրաշարժ ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, մաթեմատիկա
- ֆինանսական գրագիտություն,
- մեդիագրագիտություն,
- հանրային խոսքի հմտություններ,
- էկոդաստիարակություն,
- ՀՀ պետական կառավարման համակարգ,
- ՀՀ հարաբերությունները հարևան երկրների հետ,
- ձեռներեցության հմտություններ և այլն։
Ամառային դպրոցի նպատակը աշակերտների կարողությունների ու հմտությունների զարգացումն ու մասնագիտական կողմնորոշման խթանումն է։ Այն հնարավորություն կտա աշակերտներին մասնագիտական ցուցահանդեսի միջոցով ծանոթանալու ԵՊՀ-ում առկա մասնագիտություններին, աշխատանքային հնարավորություններին և հեռանկարներին:
Ծրագրին կարող են դիմել ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում բնակվող երեխաները, սակայն պետք է նկատի ունենալ, որ ամառային դպրոցի շրջանակում կազմակերպիչները չեն հոգում տեղափոխության և կեցության ծախսերը։
Ամառային դպրոցը նախատեսվում է անցկացնել 2025 թվականի հուլիսի 14-25-ը (յուրաքանչյուր օր՝ 3 ժամ) Երևանի պետական համալսարանում։
Ամառային դպրոցի մասնակցությունն անվճար է։
Հայտադիմումը՝ այստեղ:
Ամառային դպրոցի ավարտին մասնակիցներին կստանան մասնակցության հավաստագրեր։
Հարցերի դեպքում գրել sd@ysu.am էլփոստին կամ զանգահարել 060710192 հեռախոսահամարով: