
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները մասնակցեցին «Կամավորությունից դեպի աշխատանք» խորագրով ծրագրին, որի շրջանակում տեղի ունեցավ նաև «Սովորի՛ր և վաստակի՛ր. Արցախ» նախագծի կամավորներին հավաստագրերի հանձնման արարողությունը՝ նպատակ ունենալով ամփոփելու կամավորական նախաձեռնության արդյունքներն ու աջակցելու ուսանողների մասնագիտական առաջընթացին։
Հիշեցնենք, որ Երևանի պետական համալսարանը և Եվրասիա միջազգային համալսարանը Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) «Սովորի՛ր և վաստակի՛ր. Արցախ» ծրագրի շրջանակում 2024 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կազմակերպել էին «Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով չորս տոնավաճառներ, որոնց կամավորական աշխատանքներում ընդգրկված էին ԵՊՀ-ի, Եվրասիա միջազգային համալսարանի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները։
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողների համար կազմակերպված «Կամավորությունից դեպի աշխատանք» խորագրով ծրագրի շրջանակում կարևորվեցին ուսանողների ջանքերը՝ ընդգծելով նրանց դերը ծրագրի իրականացման գործում։ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի մասնագետները ուսանողներին ներկայացրին կենտրոնի գործառույթները, պատմեցին կենտրոնի առանցքային ծրագրերի, նպատակների և ուսանողներին հետաքրքրող այլ ուղղությունների մասին։
Այնուհետև անցկացվեց «Կամավորությունը և գրագետ CV կազմելու կանոնները» թեմայով դասախոսություն, որին հաջորդեց ակտիվ հարցուպատասխան։
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները ծրագրի շրջանակում հանդիպում ունեցան նաև «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության ներկայացուցչի հետ, որը ներկայացրեց «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերությունը՝ որպես պատասխանատու բիզնես» թեմայով բանախոսություն։
Բանախոսն անդրադարձավ ընկերության գործունեությանը, նախագծերին, կրթական ծրագրերին, կարիերայի հնարավորություններին, ինչպես նաև բիզնես հմտությունների կարևորությանը։
Ավարտին ուսանողներն առցանց շրջայց կատարեցին «Կոկա-Կոլա Երջանկության գործարան»-ում՝ ծանոթանալով բրենդի պատմության հետաքրքիր դրվագներին, կիրառվող նորարարական տեխնոլոգիաներին, իրականացվող նախագծերին և ռազմավարությանը։