ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ և «Technological Education Foundation»-ի ու «Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամ մասնաճյուղ» առանձնացված ստորաբաժանման հետ գործակցության շրջանակում ԵՊՀ-ում հյուրընկալվեց Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի առաջատար ընկերություններից «DataArt»-ը։
«DataArt»-ը միջազգային առաջատար կազմակերպություն է, որը գործում է ծրագրային ապահովման և ինժեներական լուծումների ոլորտում և ունի ավելի քան 25 տարվա փորձ։ Նյու Յորքում հիմնադրված ընկերության 25 գրասենյակները գործում են ԱՄՆ-ում, Լատինական Ամերիկայում, Արևմտյան և Արևելյան Եվրոպայում, Մեծ Բրիտանիայում, այդ թվում՝ Հայաստանում: «DataArt»-ի հայկական գրասենյակն ունի շուրջ 400 աշխատակից, ընկերության աշխատակիցների թիվն ամբողջ աշխարհում 6000 է:
Կազմակերպությունների համար մատակարարելով առաջընթացային անհրաժեշտ տվյալներ, վերլուծություններ և արհեստական բանականության հարթակներ՝ «DataArt» ընկերության աշխատակիցներն առաջարկում են ծրագրային լուծումներ, որոնք փոխում են բիզնեսի ճակատագիրը։
Հանդիպման ընթացքում «DataArt»-ի ներկայացուցիչներն ուսանողներին ներկայացրին ընկերության գործունեությունը, ոլորտի առանձնահատկությունները, խոսեցին անհրաժեշտ հմտությունների, դրանց զարգացման կարևորության և առաջարկվող հնարավորությունների մասին՝ այդպիսով խթանելով և ամրապնդելով սովորողների հետաքրքրությունները նոր տեխնոլոգիաների նկատմամբ։
Ուսանողներին ծանոթացնելով ՏՏ ոլորտի կառուցվածքին, գործունեության առանձնահատկություններին և ժամանակակից միտումներին՝ ոլորտի ներկայացուցիչներն ընդգծեցին սովորողների նորարարական մտածողության կատարելագործման, թիմային աշխատանքի և նախաձեռնողականության ամրապնդման ու զարգացման կարևորությունը:
Ուսանողները հանդիպման ընթացքում հնարավորություն ունեցան մասնագիտական կողմնորոշման, կրթության և ՏՏ ոլորտի կապի, աշխատաշուկայի պահանջների, մասնագիտական հաջող գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ ինչպես հմտությունների, այնպես էլ պայմանների մասին իրենց հետաքրքրող հարցերն ուղղելու ըներության ներկայացուցիչներին՝ ստանալով սպառիչ պատասխաններ։
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնած նմանօրինակ հանդիպումները կազմակերպությունների ներկայացուցիչների հետ մեծապես նպաստում են նրան, որ ուսանողներն առավել հստակ պատկերացում կազմեն այս կամ այն ոլորտի աշխատանքային միջավայրի և գործընթացների մասին, ինչպես նաև հասկանան, թե ինչպես կարող են ապագայում իբրև մասնագետ համապատասխանել ոլորտի աշխատաշուկայի պահանջներին: