ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և Քարարտադրողների միության գործակցության շրջանակում ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում կազմակերպվեց սեմինար-քննարկում։
Քարարտադրողների միության՝ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողների համար կազմակերպած մասնագիտական հանդիպման ընթացքում ներկայացվեց «Ոչ մետաղային օգտակար հանածոների արդյունաբերության սոցիալ-տնտեսական և բնապահպանական ազդեցությունները» խորագրով զեկուցում։
Հանդիպման ընթացքում անդրադառնալով ոլորտի հիմնական զարգացումներին ու մարտահրավերներին՝ շեշտադրվեցին հետևյալ թեմաները.
ոչ մետաղային հանքարդյունաբերության ներդրումը ՀՀ տնտեսության մեջ,
արդյունաբերության նշանակությունը մարզային համայնքների զարգացման ու աշխատատեղերի ստեղծման համար,
բնապահպանական ռիսկերի նվազեցման արդյունավետ գործիքները,
պատասխանատու հանքարդյունաբերության միջազգային չափանիշներն ու ՀՀ արդի ցուցանիշները,
համայնքների հետ համագործակցության կարևորությունը և սոցիալական ներդրումների մոդելները:
Ինտերակտիվ ձևաչափով կազմակերպված հանդիպման շրջանակում ուսանողները հնարավորություն ունեցան հնչեցնելու քարի արտադրության և իրացման ոլորտներին առնչվող բազմաթիվ հարցեր:
Քննարկումը հնարավորություն տվեց ուսանողներին խորությամբ ծանոթանալու ոլորտի կառուցվածքին, կարգավորումների համակարգին, ինչպես նաև պատկերացում կազմելու կայուն ու պատասխանատու արտադրության անհրաժեշտության մասին։