
Կենսաբանական գիտություններ և բնապահպանական լուծումներ՝ հանուն կայուն զարգացման նպատակների
-
Կենսաբանական գիտություններ և բնապահպանական լուծումներ՝ հանուն կայուն զարգացման նպատակների
-
«Կենսաբանական գիտություններ և բնապահպանական լուծումներ՝ հանուն կայուն զարգացման նպատակների» առաջին գիտաժողովը միջազգային հարթակ է՝ ուղղված բնապահպանական հրատապ խնդիրներին և զարգացման մարտահրավերների կայուն լուծումներին: Գիտաժողովը նվիրված է Կենսաբանության ֆակուլտետի 90-ամյակին, ինչպես նաև ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի 10-ամյակին:
Կենսաբանության ֆակուլտետը հիմնադրվել է 1935 թվականին, սակայն նրա պատմության ակունքները սկսվում են համալսարանի հիմնադրման առաջին իսկ օրից: Այն, լինելով ՀՀ գիտակրթական առաջատար կենտրոններից մեկը, պատրաստում է կենսաբանության տարբեր ոլորտների բարձր որակավորում ունեցող մասնագետներ։ Ֆակուլտետի շրջանավարտներն աշխատում են աշխարհի առաջատար կրթական և հետազոտական հաստատություններում: Կենսաբանական և բնապահպանական գիտությունները կարևոր դեր են խաղում այնպիսի հրատապ խնդիրների լուծման գործում, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, կենսաբազմազանության կորուստը, պարենային անվտանգությունը, ջրի սակավությունը և հանրային առողջապահական ճգնաժամերը, որոնք առանցքային նշանակություն ունեն Միավորված ազգերի կազմակերպության կայուն զարգացման նպատակների համար:
Գիտաժողովը համախմբելու է առաջատար գիտնականների, մանկավարժների, քաղաքական գործիչների և տարբեր ոլորտների մասնագետների, որոնք ուսումնասիրում են կենսաբանական գործընթացների, շրջակա միջավայրի կառավարման և տեխնոլոգիական նորարարությունների փոխադարձ կապը: Բովանդակալից քննարկումների, նորարարական հետազոտությունների ներկայացման ու համատեղ նիստերի անցկացման արդյունքում գիտաժողովի ժամանակ հատուկ ուշադրություն կդարձվի գործնական կիրառություններին և քաղաքականության հետևանքներին, որոնք համահունչ են կայուն զարգացման նպատակներին։
Կայուն զարգացման նպատակներին հասնելու համար առաջադրված հիմնական թեմաներն ընդգրկում են կենսաբանական հետազոտությունների տարբեր ուղղություններ՝ բջջակենսաբանություն, գենոմիկա, պրոտեոմիկա, մետաբոլոմիկա, համակարգային կենսաբանություն, բույսերի և սնկերի երկրորդային մետաբոլիտներ, իմունոլոգիա, նյարդաբանություն, կառուցվածքային կենսաբանություն, կենդանիների և բույսերի ֆիզիոլոգիա, կենսաճարտարագիտություն, կենսատեխնոլոգիա, էվոլյուցիոն կենսաբանություն, մանրէաբանություն, կենդանաբանություն, բուսաբանություն, մոլեկուլային կենսաբանություն, կենսաբժշկություն, զարգացման կենսաբանություն, կենսավիճակագրություն, կենսաքիմիա, կենսաֆիզիկա և կենսաինֆորմատիկա։ Բնապահպանական լուծումների ոլորտում գործունեության հիմնական ուղղություններն են՝ կլիմայագիտություն, բնապահպանական քաղաքականություն և կառավարում, էկոլոգիական վերականգնում, էկոլոգիա և բնապահպանություն, հողերի կայուն կառավարում, բնապահպանական տնտեսագիտություն, վերականգնվող էներգիա և կայունություն, երկրատարածական գիտություն և հեռահար զոնդավորում, հիդրոլոգիա և ջրհավաք ավազանների կառավարում, էկոթունաբանություն, էներգետիկ համակարգեր և կայունություն, էկոլոգիական իրավունք, թափոնների կառավարում և ռեսուրսների վերականգնում, էկոնորարարություն և կանաչ տեխնոլոգիաներ, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում (ՇՄԱԳ), ածխածնի շրջապտույտի կառավարում և կլիմայի բարելավմանն ուղղված ֆինանսական միջոցներ, օդի և ջրի որակի կառավարում, ջրային ռեսուրսների պահպանում, գյուղատնտեսություն և բուսաբուծություն, էկոտուրիզմ և կայուն զարգացում:
Գիտաժողովի շրջանակում առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու կայուն զարգացման միջառարկայական մոտեցումներին՝ խթանելով համընդհանուր համագործակցությունը և կապելով հետազոտությունն ու պրակտիկան:
Գրախոսություն անցած բարձր որակի հակիրճ և ընդլայնված հոդվածները կհրապարակվեն հեղինակավոր հրատարակչությունների գրքերում, ինչպիսիք են՝ «IGI Global» (ԱՄՆ), «De Gruyter Germany», «AAP-CRC Taylor and Francis» (ԱՄՆ), «Wiley-Scrivener» (ԱՄՆ), ինչպես նաև բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում՝ «Frontiers in Plant Science» (ԱԳ՝ 4,8) (Q1), «Egyptian Journal of Soil Science» (ԱԳ՝ 3.4) (Q3): Բոլոր հրապարակումները ինդեքսավորվելու են համաշխարհային ճանաչում ունեցող տվյալների շտեմարաններում («Scopus», «Web of Science», «Google Scholar»):
Միացե՛ք մեզ՝ ս․թ․ սեպտեմբերի 24-26-ը մասնակցելու ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի 90-ամյա և կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի 10-ամյա հոբելյանների առթիվ Երևանում կազմակերպվող միջոցառմանը, որտեղ միասին կբացահայտենք կենսաբանական և բնապահպանական գիտությունների ներուժը՝ ուղղված մեր մոլորակի վրա գալիք սերունդների կայուն ապագայի ձևավորման գործին: