Մշակույթը սահմաններ չի ճանաչում. այն միավորում է մարդկանց, սերունդներին ու գաղափարները՝ ստեղծելով հոգևոր հաղորդակցության յուրահատուկ միջավայր։ Այս գաղափարին էր միտված Երևանի պետական համալսարանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի համերգային այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, որտեղ կազմակերպված մշակութային միջոցառումը համախմբել էր ուսանողներին, դասախոսներին և աշխատակիցներին։
Միջոցառման ընթացքում կատարումներով հանդես եկան ԵՊՀ երգչախումբը, աղջիկների պարային համույթը և «YSU Band»-ը։
Մշակույթի կենտրոնի ուսանողական, ստեղծագործական խմբերը երաժշտության, երգի և պարի միջոցով ներկաներին փոխանցեցին դրական լիցքեր, ջերմ հույզեր ու տոնական տրամադրություն՝ օրը վերածելով մշակութային գեղեցիկ հանդիպման։
Միջոցառումը վարեցին ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի «Համալսարանական» թատրոն-ստուդիայի սաներ Մելինե Դավթյանը, Նարեկ Ստեփանյանը, Դիաննա Հովհաննիսյանը և Անգելինա Մկրտչյանը։
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Մհեր Օթարյանն ընդգծեց, որ համալսարանական կյանքը չի սահմանափակվում միայն կրթական և գիտական գործունեությամբ. ուսանողների համակողմանի զարգացման, աշխարհայացքի ընդլայնման և հոգևոր արժեքների ձևավորման գործում կարևոր դեր ունեն նաև մշակութային միջոցառումներն ու ստեղծագործական նախաձեռնությունները։ Նա հուշանվեր հանձնեց Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնին՝ ընդգծելով մշակութային արժեքների պահպանման, ազգային ժառանգության արժևորման և կրթամշակութային համագործակցության կարևորությունը։
Իր հերթին ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Սարգիս Հովսեփյանը շնորհակալություն հայտնեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գործընկերներին և ուսանողներին ջերմ ընդունելության և համագործակցության համար՝ կարևորելով երկու կառույցների միջև մշակութային կապերի ամրապնդման ու նման հանդիպումների շարունակականությունը։
Միջոցառման ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախագահ Նարեկ Շահնազարյանը՝ կարևորելով նման նախաձեռնությունների դերը համալսարանական կյանքի աշխուժացման, ուսանողների մշակութային հետաքրքրությունների խթանման և ստեղծագործական միջավայրի ձևավորման գործում։
Հանդիպումը ևս մեկ անգամ փաստեց, որ մշակույթը համալսարանական կյանքի անբաժանելի բաղադրիչն է. այն ոչ միայն գեղեցկացնում է առօրյան, այլև միավորում, ոգեշնչում և նոր հնարավորություններ ստեղծում ստեղծագործական համագործակցության համար։ Մշակութային հանդիպումը դարձավ համալսարանական համայնքների միջև ջերմ կապի, փոխգործակցության և մշակութային ընդհանուր արժեքների ևս մեկ արտահայտություն։