ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ կենտրոնի նախկին սան, երգչուհի Գայանե Թադևոսյանի «Քո գրպանում» երգի պրեմիերան։ Նա կարևորեց ԵՊՀ Շառլ Ազնավուրի մշակույթի կենտրոնի դերը շնորհալի ուսանողների հաջողության ճանապարհին՝ շեշտելով, որ իր անհատականության ձևավորման գործում ևս կենտրոնը նշանակալի ավանդ է ունեցել։
Միջոցառման ընթացքում Գայանեն խոսեց իր անցած ուղու մասին, ցուցադրվեց հոլովակ, որտեղ ներկայացված էր «Քո գրպանում» տեսահոլովակի նկարահանման ողջ ընթացքը, որից հետո տեղի ունեցավ տեսահոլովակի պրեմիերան։

«Ես վաղուց էի ցանկանում ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում կազմակերպել երգիս պրեմիերան, որովհետև հենց այդտեղ է ձևավորվել Գայանե Թադևոսյան հեղինակ-կատարողը։ Համալսարանն ու մշակույթի կենտրոնը շատ մեծ դեր խաղացին իմ ինքնաճանաչման ճանապարհին։ 11 տարի անց, երբ նորից հանդիպեցի իմ փոքրիկ եսին, ասացի, որ ինքը հուսալի ձեռքերում է, և իր երազանքներից ևս մեկն արդեն իրականություն է դարձել։ Երգիս մեջ շատերն իրենց կգտնեն։ Այն բոլորիս ապրումների, զգացածի, սիրո տարբեր դրսևորումների և պարզապես կարեկցող լինելու մասին է»,- ասաց Գայանեն՝ երախտագիտություն հայտնելով ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի աշխատակազմին՝ միջոցառումը կազմակերպելու համար։
Նշենք, որ միջոցառմանը ներկա էին նաև «Քո գրպանում» տեսահոլովակի դերասանական կազմը, Գայանեի ընկերներն ու հարազատները։
Ավարտին տեղի ունեցավ հարցուպատասխան երգչուհու և միջոցառման ներկաների միջև։