Մայիսի 17-ին ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի ներկայացուցիչները՝ աշխատակազմը, երգչախումբը և աղջիկների պարային համույթը, այցելել են Վրաստան՝ մասնակցելու Սայաթ-Նովային նվիրված «Վարդատոն»-ի 111-րդ հոբելյանին: Միջոցառումը տեղի է ունեցել Թբիլիսիում Վիրահայերի միության և Թբիլիսիի քաղաքապետարանի հետ համատեղ:

Նշենք, որ 2022 թվականին Երևանի պետական համալսարանը և Վիրահայերի միությունը ստորագրել են երկարաժամկետ համագործակցության հուշագիր՝ նպատակ ունենալով ամրապնդելու մշակութային կապերը և խթանելու հայ ժողովրդի մշակույթը Վրաստանում:
«Վարդատոն»-ը, որը հիմնադրվել է 1914 թվականին հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի, գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի և վրացի բանաստեղծ, գրականագետ Իոսեբ Գրիշաշվիլու նախաձեռնությամբ, հանդիսանում է Վրաստանի մշակութային մեծ իրադարձություններից մեկը: Միջոցառումը լավագույնս ներկայացնում է Վրաստանի բազմազանությունը և հայ մշակույթի առանձնահատուկ դերը այդ բազմազանության մեջ:
Տոնակատարությունը մեկնարկել է Սուրբ Գևորգ եկեղեցում մատուցված պատարագով: Այնուհետև տեղի է ունեցել հոգեհանգստյան արարողություն Սայաթ-Նովայի շիրիմի մոտ: Հատուկ միջոցառման երաժշտական մասը ներառել է ժողովրդական երգիչ Մավր Մկրտչյանի և այլ կատարողների ելույթներ, ինչպես նաև հայկական և վրացական պարախմբերի կատարումներ, որոնք ցուցադրել են երկու ազգերի մշակութային արժեքները:

ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի աղջիկների պարային համույթը և երգչախումբը նույնպես մասնակցեցին համերգին՝ հանդես գալով հայկական ժողովրդական երգերով և պարերով: Միջոցառմանը ներկա էին Վիրահայերի միության նախագահ Մարի Առաքելովան, Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, Հայաստանի վաստակավոր արտիստ, երգիչ Հարութ Փամբուկչյանը, պաշտոնատար անձինք Թբիլիսիի քաղաքապետարանից և այլ հյուրեր:
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Սարգիս Հովսեփյանը շեշտեց, որ նմանօրինակ մշակութային համագործակցությունները կարևոր են ոչ միայն հայ մշակույթի տարածման ու զարգացման, այլ նաև երկու երկրների միջև դիվանագիտական կապերի ամրապնդման առումով: Նա նաև վստահություն հայտնեց, որ կենտրոնը շարունակելու է ակտիվ մասնակցությունը նման միջոցառումներին:
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը երախտագիտությունն է հայտնում Թբիլիսիի քաղաքապետարանին և Վիրահայերի միության նախագահ Մարի Առաքելովային՝ համատեղ ծրագրերում մշտական աջակցման և մշակութային համագործակցության համար: