Երևանի պետական համալսարանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը համերգային ծրագրով այցելեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ (ԻՄ)՝ կազմակերպելով միջոցառում ուսանողների և աշխատակիցների համար:
Այցի սկզբում մշակույթի կենտրոնի աշխատակազմն ու ուսանողական խմբերը շրջեցին մասնաճյուղի տարածքում՝ ծանոթանալով մասնաշենքի, կրթական միջավայրի և ԻՄ կյանքի առանձնահատկություններին: Շրջայցից հետո հանդիսատեսին ներկայացվեց համերգային ծրագիր:
Կատարումներով հանդես եկան ԵՊՀ երգչախումբը, աղջիկների պարային համույթը, ինչպես նաև «YSU Band»-ը: Մշակույթի կենտրոնի ուսանողական խմբերը իրենց ելույթներով ստեղծեցին տոնական մթնոլորտ: Ներկաներն ընդգծեցին նման մշակութային այցերի անհրաժեշտությունն ու դրանք պարբերական դարձնելը:
Մշակութային ուղևորությունը շարունակվեց Իջևանի գինու և կոնյակի գործարանում, որտեղ ուսանողները մասնակցեցին էքսկուրսիային և ծանոթացան գործարանի պատմությանը, արտադրական գործընթացներին և հայկական գինեգործության ավանդույթներին: Էքսկուրսավարը ներկայացրեց գինու պատրաստման փուլերը և տեխնոլոգիաները, իսկ այցելության ավարտին ուսանողները մասնակցեցին գինու համտեսին:
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Սարգիս Հովսեփյանը կարևորեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության և Իջևանի գինու, կոնյակի գործարանի տնօրինության ջանքերը համագործակցության, ջերմ ընդունելության և հյուրասիրության համար:




