ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի դահլիճում կայացավ «Ծառա Սիմոն» ներկայացումը՝ բեմադրված Ավետիք Իսահակյանի համանուն ստեղծագործության հիման վրա։ «Համալսարանական» թատրոն-ստուդիայի սաները Գայանե Եղիզարյանի բեմադրությամբ նորովի ներկայացրին Վարպետի ստեղծագործությունը։
Ավետիք Իսահակյանի «Ծառա Սիմոն» ստեղծագործությամբ անդրադարձ է կատարվում մարդու առօրյայի դժվարություններին, սիրո և անձի պայքարի թեմաներին։ Բեմադրության միջոցով այն ժամանակակից համահայկական բեմում վերածվել էր այնպիսի խորքային խոսքի, որը շոշափում էր նաև հասարակական ու հոգեբանական խնդիրներ։
«Համալսարանական» թատրոն-ստուդիայի բեմադրությունն առանձնանում էր իր ստեղծագործական մոտեցմամբ, որտեղ ռեժիսորական և դերասանական ուժերը միաձուլվում էին այնպես, որ յուրաքանչյուր գործողություն արտահայտված լիներ որպես գեղարվեստական ամբողջության մի մաս։ Ձևավորված մթնոլորտը խրախուսում էր դիտողի խոր վերլուծությունը՝ ստեղծելով խորապատկերներ, որոնք նոր իմաստ են հաղորդում Իսահակյանի ստեղծագործության գաղափարախոսությանը։
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Սարգիս Հովսեփյանը, ընդգծելով այսօրինակ թատերական նախաձեռնությունների կարևորությունը, մեծապես արժևորեց և բարձր գնահատեց «Համալսարանական» թատրոն-ստուդիայի սաների և գեղարվեստական ղեկավար Գայանե Եղիազարյանի կատարած մեծ աշխատանքը։
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Գայանե Եղիազարյանը շեշտեց, որ նմանատիպ թատերական ներկայացումները ոչ միայն գեղարվեստական իրադարձություններ են, այլև ուսանողների արժեհամակարգի ձևավորման կարևոր հարթակներ։ Դրանք նպաստում են արվեստի զարգացմանը, բազում ավանդույթների պահպանմանն ու տարածմանը, որոնք ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ համաշխարհային մշակույթի մաս են կազմում։