Հայ-ռուսական համալսարանում ս․թ․ փետրվարի 20-ին կայացավ միջբուհական մարզամշակութային և ինտելեկտուալ «Ունիվերսիադա-2026» միջոցառման բացման արարողությունը, որը վերածվեց երիտասարդական ոգու, միասնության և ստեղծագործական ներշնչանքի տոնի՝ մեկ գաղափարի շուրջ համախմբելով Հայաստանի տարբեր բուհերի ուսանողների։
«Ունիվերսիադա-2026»-ի առաքելությունն է ձևավորել բարեկամական և համերաշխ միջավայր, որտեղ ուսանողները հնարավորություն ունեն ոչ միայն մրցելու, այլև ճանաչելու միմյանց, կառուցելու նոր կապեր և կիսվելու փորձով։ Միջոցառմանը մասնակցում են ՀՀ 22 բուհեր, որոնց ներկայացուցիչները իրենց ուժերն են չափում մարզական, մշակութային և ինտելեկտուալ հարթակներում։
Մարզական մրցույթները՝ ֆուտզալ, բասկետբոլ, վոլեյբոլ, լող, հրաձգությոն, պտտաձողի ձգումներ, սեղանի թենիս, հեծանվասպորտ, վազք և շախմատ, մարմնավորում են պայքարի կամք, թիմային ոգի և հաղթանակի ձգտում։ Մշակութային ուղղությունը՝ պար, թատերական արվեստ, երգեցողություն, սոցիալական հոլովակ և ՈՒՀԱ, արտահայտում է երիտասարդության ստեղծագործ միտքն ու ազգային ինքնության գունեղ դրսևորումները։ Իսկ ինտելեկտուալ «Ի՞նչ։ Որտե՞ղ։ Ե՞րբ։» ձևաչափը վեր է հանում գիտելիքի ուժն ու արագ մտածելու կարողությունը։
Միջոցառումն անցկացվում է ամեն տարի՝ 2014 թվականից ի վեր, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ գործակցությամբ՝ ընդգծելով կրթության, սպորտի և հայրենասիրական արժեքների սերտ փոխկապակցվածությունը։
Ս․թ․ փետրվարի 26-ին «Ունիվերսիադա-2026»-ին իր մասնակցությունն ունեցավ նաև ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի աղջիկների պարային համույթը՝ ներկայանալով Սայաթ-Նովայի «Նազանի» կատարումով (բեմադրությունը՝ գեղ․ ղեկավար՝ Անի Հարոյանի)։ Նրանց ելույթն աչքի ընկավ բեմական մշակույթով, շարժումների ներդաշնակությամբ և արտահայտչականությամբ։ Պարային համարն առանձնանում էր ռիթմի ճշգրտությամբ, բովանդակային ամբողջականությամբ և հուզական ներգործությամբ՝ հանդիսատեսին փոխանցելով ազգային շունչ և կենսախինդ տրամադրություն։ Արդյունքում համույթը զբաղեցրեց պատվավոր երկրորդ հորիզոնականը՝ ևս մեկ անգամ հաստատելով իր բարձրարվեստ կատարողական հմտությունը։
Շնորհավորում ենք մեր սաներին՝ մաղթելով ստեղծագործական անսպառ եռանդ, բեմական նոր հաղթանակներ և շարունակական հաջողություններ։



