«Ունիվերսիադա-2026» մրցույթի շրջանակում ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի «Համալսարանական» թատրոն-ստուդիայի սաները հանդես եկան Ավետիք Իսահակյանի ստեղծագործության հիման վրա բեմադրված «Ծառա Սիմոնը» թատերական ներկայացմամբ (գեղարվեստական ղեկավար՝ Գայանե Եղիազարյան)՝ պատվավոր առաջին հորիզոնականը կիսելով Հայ-ռուսական համալսարանի ներկայացուցիչների հետ։
Ժյուրիի անդամ Սոնա Թորոսյանը բարձր գնահատեց թատրոն-ստուդիայի սաների ելույթը՝ ընդգծելով նրանց բեմական կեցվածքը, ներդաշնակ համագործակցությունն ու պրոֆեսիոնալ մոտեցումը։ Մեծապես արժևորելով երիտասարդ դերասանների նվիրված աշխատանքը և բարձրարվեստ կատարումը՝ նա նշեց, որ ներկայացումը առանձնանում էր դերասանական համաչափ խաղով և բեմական ամբողջականությամբ։
Թատրոն-ստուդիայի սաները մեծ պատասխանատվությամբ էին մոտեցել ներկայացման բեմադրությանը՝ գիտակցելով միջոցառման կարևորությունն ու մրցույթի նշանակությունը։ Նրանց համար սա ոչ միայն ստեղծագործական աշխատանք էր, այլև կարևոր հնարավորություն՝ իրենց ուժերն ու կարողությունները դրսևորելու մասնագիտական միջավայրում։ Նրանք նշում են, որ խորապես տպավորված և հուզված էին նման հնարավորություն ունենալու համար, քանի որ այսպիսի հարթակները ոչ միայն նպաստում են իրենց ստեղծագործական աճին, այլև նոր վստահություն են ներշնչում հետագա բեմական գործունեության համար։
Թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավար Գայանե Եղիազարյանը մատնանշեց, որ այս աշխատանքը ստեղծագործական հետաքրքիր գործընթաց էր, որտեղ հատկապես կարևոր էին երիտասարդ դերասանների ներուժը բացահայտելը և նրանց մեջ բեմի հանդեպ սեր ու նվիրվածություն սերմանելը։
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը այսպիսով եզրափակեց այս տարվա մասնակցությունը «Ունիվերսիադա-2026» մրցույթին, որը հնարավորություն տվեց ուսանողներին և երիտասարդ ստեղծագործողներին ներկայացնելու իրենց տաղանդը, փոխանակվելու փորձով և հանդես գալու ստեղծագործական առողջ մրցակցային միջավայրում։
Շնորհավորում ենք մեր սաներին այս արժանի հաղթանակի կապակցությամբ՝ մաղթելով նրանց շարունակական ստեղծագործական վերելքներ, նոր բեմեր և նոր հաղթանակներ։
