Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում նշվեց Ֆրանկոֆոնիայի տոնը, որը կազմակերպվել էր բուհի և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (AUF) համագործակցության շրջանակում։
Միջոցառման բացման հանդիսավոր արարողությանը ներկաներին ողջունեց ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը։ Շնորհակալություն հայտնելով ֆրանկոֆոն գործընկերներին և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչներին՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն անդրադարձավ տարիներ առաջ սկիզբ առած համագործակցության արդյունքներին։
Միջմշակութային միջոցառման նպատակն էր խթանել ֆրանսերենի տարածումն ու միջբուհական համագործակցությունը։ Ելույթով հանդես եկան ֆրանկոֆոն գործակալության անդամ համալսարանների ուսանողները, երգչախմբերն ու նվագախմբերը:
Միջոցառման ծրագիրը հագեցած էր ֆրանսիական երաժշտության տարբեր ժանրերով՝ շանսոն, փոփ, ջազ և այլն։ Հնչեցին Սայաթ-Նովայի, Արամ Խաչատրյանի, Շառլ Ազնավուրի, Էդիթ Պիաֆի, Զազի և այլոց ստեղծագործություններից:
Ելույթ ունեցան Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ներկայացուցչական խմբերը։
Երևանի պետական համալսարանը ներկայացրեց Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի և ԵՊՀ ֆրանսիական բանասիրության ամբիոնի ուսանողական երգչախումբը:
Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության ազգային գրասենյակի ղեկավար Ռուզաննա Ղալթաղչյանն իր ելույթում ընդգծեց, որ Ֆրանկոֆոնիան մշակութային բազմազանություն է, համագործակցություն և փոխըմբռնում։
Գործակալության տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Լոռ Կաստենը նշեց, որ միջոցառման գաղափարը խորհրդանշական է հատկապես մեր օրերում: Այդ համատեքստում վերջինս ընդգծեց նաև Ֆրանկոֆոնիայի հիմնարար արժեքների՝ հավասարության, փոխլրացման, համերաշխության կարևորությունը:
Ֆրանկոֆոնիայի տոնը ոչ միայն մշակութային միջոցառում էր, այլև համագործակցային յուրօրինակ մի հարթակ: Լեզվի և արվեստի շնորհիվ հերթական անգամ վերահաստատվեց այն փաստը, որ ֆրանսերենն ու ֆրանկոֆոն մշակույթը կարևոր դեր ունեն մեր երկրի մշակութային միջավայրում։
