ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի աշխատակիցները, երգչախումբն ու աղջիկների պարային համույթը ընթացիկ տարվա մայիսի վերջին կիրակի օրը՝ մայիսի 31-ին, Վրաստանում մասնակցեցին մեծ աշուղ Սայաթ-Նովայի հիշատակին նվիրված ավանդական Վարդատոնին:
Վարդատոնը, որն առանձնահատուկ տեղ ու դեր ունի հայ-վրացական մշակութային հարաբերությունների պատմության մեջ, հերթական անգամ համախմբեց հայ և վրացի ժողովուրդների՝ մշակութային ժառանգությունը գնահատող հարյուրավոր մարդկանց։ Հովսեփ Գրիշաշվիլիի, Հովհաննես Թումանյանի և Գևորգ Բաշինջաղյանի նախաձեռնությամբ տոնն առաջին անգամ նշվել է 1914 թվականին Թբիլիսիում: Ավելի քան մեկ դար շարունակվող ավանդույթի ընթացքում տոնի մասնակիցները հավաքվում են Սուրբ Գևորգ եկեղեցու բակում և կարմիր վարդեր խոնարհում Սայաթ-Նովայի շիրիմին՝ հարգանքի տուրք մատուցելով անմահ աշուղի հիշատակին։
Միջոցառումը կազմակերպվել էր «Վիրահայերի միության» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և Թբիլիսիի քաղաքապետարանի, սակրեբուլոյի գործուն աջակցությամբ: Թբիլիսիի սակրեբուլոյի փոխնախագահ Թինաթին Նիբլոշվիլին մասնակիցներին ու ներկաներին ուղղված իր խոսքում, ընդգծելով, որ Վարդատոնը կարևոր մշակութային կամուրջ է հայ և վրացի ժողովուրդների միջև, հավաստեց նաև Թբիլիսիի քաղաքապետարանի պատրաստակամությունը՝ շարունակաբար աջակցելու բազմամշակութային արժեքներ կրող նախաձեռնություններին։
Ողջույնի խոսքով հանդես եկան Վիրահայերի միության նախագահ Մարիամ Առաքելովան, Վրաստանի խորհրդարանի նախագահի տեղակալ Գիա Վոլսկին, Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարարի առաջին տեղակալ Լիա Գիգաուրին, Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Վլադիմիր Պողոսյանը, ինչպես նաև Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին, Վրաստանի և Հայաստանի գրողների միությունների անդամ Ռուզաննա Հովասափյանը։
Տոնական միջոցառմանը ելույթ ունեցան ժամանակակից գրողներ, բանաստեղծներ և հասարակական գործիչներ: Հետայդու կատարումներով հանդես եկան Հայաստանի և Վրաստանի երգի ու պարի համույթները։
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի երգչախումբը (խմբավար՝ Ռուբեն Կարասեֆերյան, գեղարվեստական ղեկավար՝ Կարեն Սարգսյան) հանդիսատեսին ներկայացրեց Սայաթ-Նովայի ստեղծագործություններից բաղկացած երգերի շարան՝ «Յիս քու ղիմէթըն չիմ գիդի», «Փահրադըն միռած», «Դուն էն հուրին իս» և «Չկա քիզի նըման» երգերով։ Երգչախմբի կատարումը ջերմ ընդունելության արժանացավ ներկաների շրջանում։
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի աղջիկների պարային համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Անի Հարոյան) ներկայացրեց Սայաթ-Նովայի «Քամանչա» ստեղծագործության հիման վրա բեմադրված պարային ներկայացումը՝ փոխանցելով աշուղի արվեստի նրբությունն ու հոգևոր խորությունը։
Վարդատոնն այսօր էլ շարունակում է կարևոր դերակատարում ունենալ ազգային մշակույթը պահպանելու, տարածելու և սերունդներին փոխանցելու կենսական գործում: