1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի (այսուհետ՝ ԵՊՀ) ասպիրանտի, հայցորդի (այսուհետ՝ սովորող) ուսումնառության ընդհատման (հեռացման, ազատման) և վերականգնման հետ կապված հարաբերությունները:
2. ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՏՈՒՄԸ
2․ ԵՊՀ-ից սովորողը հեռացվում է․
1) տարեկան ատեստավորման ժամանակ չատեստավորվելու դեպքում,
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ԵՊՀ կանոնադրությամբ, ներքին կարգապահական կանոններով կամ ԵՊՀ-ի և սովորողի միջև կնքված ուսումնառության պայմանագրով սահմանված պարտականությունները չկատարելու դեպքում,
3) ԵՊՀ-ի կողմից սահմանված ժամկետում ուսման վարձավճարը չվճարելու դեպքում,
4) սույն կարգի 12-րդ կետով սահմանված ժամկետի չպահպանման, կամ բաց թողնված ժամկետը հարգելի չճանաչվելու դեպքերում։
3․ ԵՊՀ-ից սովորողը ազատվում է․
1) իր դիմումի համաձայն,
2) այլ ուսումնական հաստատություն տեղափոխվելու դեպքում։
4․ ԵՊՀ-ից սովորողի ազատման հրաման իր դիմումի համաձայն չի կարող տրվել, եթե նա ենթակա է հեռացման համաձայն սույն կարգի 2-րդ կետով սահմանված հիմքերի։
5․ ԵՊՀ սովորողի ուսումնառությունը դադարեցվում է․
1) ժամկետային պարտադիր կամ շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողների՝ ծառայության ընթացքում պայմանագրային զինվորական կամ այլընտրանքային ծառայության զորակոչվելու դեպքում,
2) հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու դեպքերում,
3) առողջական վիճակի պատճառով ակադեմիական արձակուրդ ձևակերպելու դեպքում։
6. Սույն կարգի 2-3-րդ և 5-րդ կետերով նախատեսված դեպքերում սահմանված հրամանները տրվում են համապատասխան հիմքերի և փաստաթղթերի ներկայացման պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում: Հրամանի օրինակը ուղարկվում է սովորողի համալսարանական էլ.փոստին:
3. ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ
7․ ԵՊՀ-ից հեռացված կամ ազատված սովորողի ուսումնառության վերականգնումը կատարվում է ընդհատման պահից առնվազն 6 ամիս հետո՝ անկախ ուսուցման ձևից:
Սովորողի ուսումնառությունը վերականգնվում է վճարովի ուսուցման համակարգում՝ ուսումնառության մնացորդային ժամանակահատվածով, բացառությամբ սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետի հիմքով հեռացման, որի դեպքում սովորողի ուսումնառությունը վերականգնվում է այն կիսամյակի սկզբից, որից ընդհատվել է։
Սովորողի ուսումնառությունը վերականգնելու դեպքում ուսման վարձավճարը հաշվարկվում է ընթացիկ տարվա համար սահմանված վարձավճարի չափով։
8․ Ուսումնառությունը վերականգնելուց հետո սովորողը մինչև ընթացիկ տարվա մնացորդային ժամկետի ավարտը պետք է անցի տարեկան ատեստավորում:
9. Սովորողի ուսումնառությունը վերականգնելու վերաբերյալ դիմումը ներկայացվում է ԵՊՀ ռեկտորին՝ յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-15-ը կամ հունվարի 15-30-ն ընկած ժամանակահատվածում՝ աշխատանքային օրերին:
10. Սույն կարգի 2-3-րդ կետերով սահմանված հիմքերով ԵՊՀ-ից հեռացված (ազատված) սովորողի ուսումնառության վերականգնումը հնարավոր է համապատասխան ամբիոնի դրական եզրակացության (գիտական ղեկավարի մասին նշումով) դեպքում։
11. Սույն կարգի 10-րդ կետում նշված եզրակացությունը ստանալուց հետո դիմումատուն պարտավոր է եռօրյա ժամկետում կատարել անհրաժեշտ վճարումները (ուսման վարձավճարը, պարտքերի մարման վճարը և այլն) և ներկայացնել վճարման անդորրագիրը:
12․ Սույն կարգի 5-րդ կետով սահմանված դեպքերում ուսումնառությունը դադարեցրած սովորողի ուսումնառությունը վերականգնվում է՝
1) եթե ուսումնառության դադարեցման հիմքերը վերանալու պահից 10-օրյա ժամկետում սովորողը դիմում է ներկայացրել ԵՊՀ ռեկտորին,
2) մինչև ուսումնառության դադարեցումն ունեցած կարգավիճակի պահպանմամբ,
3) ասպիրանտուրայում կամ հայցորդության համակարգում ուսումնառության մնացորդային ժամանակահատվածով։
Սույն կետով սահմանված ժամկետը խախտելու դեպքում սովորողը հեռացվում է ԵՊՀ-ից, եթե բաց թողնված ժամկետը չի համարվում հարգելի։
Ուսումնառությունը դադարեցրած սովորողի վերականգման պահին նախկին մասնագիտության բացակայության դեպքում ԵՊՀ առաջարկությամբ և իր համաձայնությամբ սովորողի ուսումնառությունը կարող է վերականգնվել հարակից մասնագիտությամբ, իսկ դրա բացակայության դեպքում՝ այլ մասնագիտությամբ։
13. Ուսումնառությունը վերականգնելու մասին հրամանը տրվում է պահանջվող փաստաթղթերը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում: