Ընդհանուր տվյալներ
ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՐՑՄԱՆ ԿԱՐԳ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է ԵՊՀ-ում իրականացվող դասընթացի արդյունավետության ու որակի վերաբերյալ միջանկյալ գնահատման նպատակով ուսանողների հարցման (այսուհետ` միջանկյալ հարցում) անցկացման և արդյունքների օգտագործման կարգը:
2. Դասընթացի միջանկյալ հարցումը դասավանդման և ուսումնառության որակի ապահովման, շարունակական բարելավման ու դասախոսի գործունեության արդյունավետության գնահատման հիմնական գործառույթներից է և անցկացվում է ԵՊՀ կանոնադրության ու ներքին իրավական այլ ակտերի պահանջների համաձայն:
3. Միջանկյալ հարցման արդյունքներն օգտագործվում են հետևյալ նպատակներով՝
1) դասախոսի կողմից կիրառվող դասավանդման և ուսուցման մոտեցումների և մեթոդների շարունակական բարելավման,
2) դասընթացի բովանդակության, վերջնարդյունքների, ուսումնական ռեսուրսների և մատուցման որակի բարելավման,
3) դասընթացի մշտադիտարկման ու վերանայման համար որակական տվյալների հավաքագրման։
2. ՀԱՐՑՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
4. ԵՊՀ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերում ներառված բոլոր դասընթացները (ուսումնական մոդուլները) 2025/2026 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակից սկսած գնահատվում են առցանց անցկացվող միջանկյալ հարցման միջոցով։
5. Ուսանողների մասնակցությունը միջանկյալ հարցմանը կամավոր է։ Հարցումն անանուն է։
6. Միջանկյալ հարցումը կազմակերպում և առցանց անցկացնում է դասախոսը՝ առաջին միջանկյալ քննությունից հետո, կիսամյակի 10-րդ շաբաթվա ընթացքում։
7. Ուսանողները մասնակցում են հարցմանը՝ լրացնելով դասընթացի Մուդլ հարթակում տեղադրած հարցաթերթը, որի մասին նրանք տեղեկացվում են հարթակի «հայտարարություններ» գործիքի միջոցով։
8. Միջանկյալ հարցման արդյունքները հավաքագրում, մշակում և վերլուծում է դասախոսը կիսամյակի 11-րդ շաբաթվա ընթացքում։
9. Հարցումն անցկացվում է դասընթացի միջանկյալ գնահատման միասնական հարցաթերթով (Հավելված 1), որտեղ ուսանողը պատասխանում է առաջադրված հարցերին որակական գնահատման սանդղակով։
10. Դասախոսը հարցաթերթում, ըստ անհրաժեշտության, կարող է կատարել որոշ փոփոխություններ։
3. ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
11. Դասախոսը՝
1) պահպանում է հարցումների անցկացման էթիկական նորմերն ու ապահովում տվյալների գաղտնիությունը,
2) ուսանողներին տրամադրում է հարցմանն առնչվող անհրաժեշտ տեղեկատվություն, խորհրդատվություն և օժանդակություն,
3) ուսանողներին տեղեկացնում է հարցումների կարգի և ժամանակացույցի մասին,
4) խրախուսում է ուսանողների մասնակցությունը հարցմանը՝ գործադրելով համապատասխան մեխանիզմներ ու միջոցներ՝ առավելագույնի հասցնելու ուսանողների մասնակցությունը,
5) ապահովում է ուսանողների իրազեկումը հարցման արդյունքների և դրանցից բխող հետամուտ գործողությունների ու միջոցառումների վերաբերյալ,
6) ապահովում է հարցման անցկացման համար անհրաժեշտ միջավայր ու անկաշկանդ մթնոլորտ,
7) կազմակերպում է քննարկումներ միջանկյալ հարցման կարևորության, առկա խնդիրների և ընդհանուր արդյունքների վերաբերյալ։
12. Ուսանողը՝
1) հարցմանը մասնակցելով՝ նպաստում է դասընթացի, դասավանդման և ուսուցման բարելավմանը,
2) hարցերին պատասխանում է հիմնավորված, անկեղծ և կառուցողական, իր պատասխաններում բացառում է դասախոսների արժանապատվությունը նսեմացնող գրառումները, ցուցաբերում է առավելագույն անաչառություն։
4. ՀԱՐՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
13. Հարցման արդյունքները մշակում և ամփոփում է դասախոսը:
14. Հարցման արդյունքներն ամփոփելուց հետո դրանք հասանելի են դարձվում ուսանողներին և քննարկվում:
15. Դասախոսն օգտագործում է հարցման արդյունքները դասընթացի ու դասավանդման որակի բարելավման միջոցառումներ ձեռնարկելու և հետամուտ գործողություններ իրականացնելու նպատակով։
16. Դասախոսը կիսամյակի 12-րդ շաբաթվա ընթացքում ուսանողներին ներկայացնում է միջանկյալ հարցման արդյունքների ամփոփ (ընդհանրացված) պատկերն ու դրանց հիման վրա դասընթացներում, դասավանդման մեթոդներում ու տեխնոլոգիաներում կամ դասընթացի այլ բաղադրիչներում կատարված փոփոխություններն ու բարելավումները։