June 10, 2025 | 16:02
Research
Publications and scientific journals
International cooperation
The kingdom in Artsakh was called 'Albanian,' the church 'Albanian,' but we are dealing with indigenous Armenian identity, says Hamlet Petrosyan
To date, no Albanian letters have been found in Artsakh. Numerous early Christian monuments, including their inscriptions—many of which are precisely dated— provide grounds to assert that Artsakh was historically Armenian. This point is highlighted by Hamlet Petrosyan, Head of the Chair of Cultural Studies at Yerevan State University, who has conducted archaeological excavations in Artsakh for many years in collaboration with the international academic community.

Համլետ Պետրոսյանի հեղինակած «Վաղքրիստոնեական հնագիտությունն ու հուշարձանները հայ-ադրբեջանական հակամարտության գոտում. Տիգրանակերտ, Ամարաս, Վաճառ» վերտառությամբ գիտական հոդվածը լույս է տեսել Գերմանիայի Քիլ համալսարանի՝ «Արցախի մշակութային ժառանգությունը. hայոց պատմությունը և դրա հետքերը Լեռնային Ղարաբաղում» վերտառությամբ ժողովածուում: Հետազոտողի նպատակն է եղել ցույց տալ, որ քրիստոնեական արշալույսին՝ 4-րդ դարի վերջից մինչև արաբական արշավանքները՝ 7-րդ դարի կեսերը, Արցախը հայաբնակ էր, հայախոս ու հայագիր:
Գիրը՝ էթնիկության ցուցիչ. Արցախի հայկական ժառանգությունը

«Հոդվածում ներկայացրել եմ այն հուշարձանները, որոնք Աղվանից եկեղեցու ենթակայության տակ էին: Մոտավորապես 5-րդ դարի կեսերից Արցախը և Ուտիքը միացվել են Աղվանից թագավորությանը և Աղվանից եկեղեցու մաս կազմել: Ադրբեջանցիներն օգտվում են այն առիթից, որ եկեղեցին կոչվում է Աղվանական, կաթողիկոսը կոչվում է Աղվանից կաթողիկոս, և այդ պատճառով էլ ասում են, թե Արցախը հայության հետ որևէ առնչություն չունի: Մինչդեռ վաղքրիստոնեական մի շարք հուշարձաններ՝ ներառյալ նրանց վրայի արձանագրությունները, որոնք հստակ ժամանակագրություն ունեն, հնարավորություն են տալիս խոսելու այն մասին, որ Արցախը հայկական է եղել»,- ասաց Համլետ Պետրոսյանը՝ ընդգծելով, որ էթնիկության ավելի հստակ ցուցանիշ, քան գիրը, հազիվ թե գոյություն ունի. «Ճարտարապետական կառույցները երբեմն վիճարկելի են, բայց գիրը չես կարող վիճարկել»:
Համլետ Պետրոսյանն ընդգծեց, որ Արցախի վաղմիջնադարյան հայերեն արձանագրությունները թվագրվում են 5-9-րդ դարերով, այսինքն՝ հայերենի այբուբենի ստեղծումից ի վեր:
Արցախում հայտնաբերված 5-6-րդ դարերի եկեղեցիների առանձնահատկությունները

2006-2020 թվականներին Արցախի մի շարք շրջաններում՝ մասնավորապես Տիգրանակերտում, Դադիվանքում, Վաճառում, կատարված պեղումների արդյունքները ներկայացված են Քիլ համալսարանի ժողովածուում:
Տիգրանակերտի պեղումների ժամանակ, որոնք կատարվել են վերոնշյալ ժամանակամիջոցում, երկու եկեղեցի է հայտնաբերվել: Ըստ ԵՊՀ հետազոտողի՝ դրանք դասական քրիստոնեական եկեղեցիներ են և ոչնչով չեն տարբերվում Հայաստանի մի շարք եկեղեցիներից: Եկեղեցական այդ կառույցներին կից կան որոշ առանձնահատկություններ, որոնք դրսևորվել են 5-6-րդ դարերում. «Տիգրանակերտի պեղումների արդյունքում հայտնաբերվել է մասունքարան, որն ունի միայն արևելյան մուտք: Քրիստոնեական կառույցները ոչ թե արևելյան, այլ արևմտյան մուտք պետք է ունենան: Միակ արևելյան մուտք ունեցողը համարվում է Տիրոջ գերեզմանը Գողգոթայում: Հետայդու պեղումներ են արվել Ամարասի վանքում: Այնտեղ Գրիգոր Լուսավորչի թոռան՝ Գրիգորիսի մասունքարանն է, որն ունի երեք մուտք՝ մեկը արևելքից:
Պեղումները շարունակվեցին Վաճառում, որտեղ կա Սուրբ Ստեփանոսի վաղքրիստոնեական մասունքարանը: Տվյալ կառույցը ևս ունի արևելյան մուտք: Այս բոլոր կառույցների վրա հայտնաբերվել են միայն հայերեն արձանագրություններ»,- նշեց Համլետ Պետրոսյանը: Նա ընդգծեց, որ Աղվանքի թագավոր Վաչագան Բարեպաշտը աղվանական եկեղեցուն ինքնուրույն կարգավիճակ տալու ձգտումով 5-րդ դարի վերջին և 6-րդ դարի սկզբին փորձել է առանձնացնել Աղվանից եկեղեցին, որը միշտ հայ եկեղեցու գաղափարական-ծիսական ազդեցության տակ է եղել. «Այս նպատակով ստեղծել է «երուսաղեմյան» պատմություններ, այն է՝ քրիստոնեությունն առաջինը տարածել է ոչ թե Գրիգոր Լուսավորիչը, այլ Թադեոս առաքյալի աշակերտ Եղիշան, որն այդ նպատակով Աղվանք է եկել Երուսաղեմից: Սակայն այս վաղքրիստոնեական բոլոր պատմությունները հազիվ թե իրականության հետ մեծ կապ ունենան: Խնդիրն այն է, որ թագավորը փորձել է իր եկեղեցին ավելի ինքնուրույն դարձնել: Մինչդեռ մեկ դար անց հայ եկեղեցին նորից վերականգնել է իր դիրքերը»,- ասաց հետազոտողն ու հավելեց, որ վաղ քրիստոնեության տարբեր ժամանակահատվածներում կարելի է տեսնել՝ Աղվանից կոչված եկեղեցին, որի ամենաինտելեկտուալ համայնքը արցախուտիքյան հայ համայնքն էր, անընդհատ ձգտել է ինքնուրույնություն ձեռք բերել: Եվ այսօր Ադրբեջանը հաճախ է մատնացույց անում այդ հանգամանքները, թե հայ եկեղեցին բռնությամբ է իր ձեռքում պահել Աղվանից եկեղեցին»:

Արցախի վաղմիջնադարյան հուշարձանների օտարալեզու արձանագրությունները
Ըստ Համլետ Պետրոսյանի՝ Արցախում 5-9-րդ դարը ներառյալ կա 40-50 արձանագրություն, որոնցից ընդամենը 4-ն են օտարալեզու, իսկ մնացածը հայերեն են. «Ամբողջ Արցախում կա երեք հունարեն արձանագրություն. Հիսուս Քիրստոսի անունը երեք անգամ փորագրված է Տիգրանակերտի ժայռափոր եկեղեցու պատերին: Կա նաև մեկ արաբերեն արձանագրություն, որը հայտնաբերվել է Տիգրանակերտի գլխավոր բազիլիկ եկեղեցու հատակին և թվագրվում է 8-րդ դարով: Դա տարածաշրջանի՝ արաբերենով ամենավաղ արձանագրությունն է»,- նշեց հետազոտողն ու հավելեց, որ ըստ իր եզրահանգման՝ թեև Արցախում թագավորությունը կոչվել է Աղվանից, մարզպանությունը՝ Աղվանից, եկեղեցին՝ Աղվանից, բայց գործ ունենք բնիկ հայկականության հետ, իսկ այսպես կոչված աղվանական ցեղերի ներկայացուցիչների մասին եղած տեղեկությունները եզակի են և որևէ այլ պատկեր, հայկականությունից զատ, երևան չեն բերում:
Ինչ վերաբերում է Արցախի տարածքում գոյություն ունեցող ամենավաղ իսլամական կառույցներին, հետազոտողը շեշտեց, որ դրանք թվագրվում են 14-րդ դարի սկզբով և օտար լծի առկայության արտահայտությունն են. «Երբ ասում ենք Արցախի տարածքի իսլամական ժառանգություն, պետք է նկատի ունենանք, որ այն համարյա բացակայում է Արցախի լեռնային մասում կամ Լեռնային Ղարաբաղում: Այդ հուշարձանների մեծ մասը ղարաբաղյան տափաստանում են: Իսլամական ժառանգության մեծ մասը դամբարաններ են՝ ընդհանուր մոտ 34-ն են՝ ներառյալ 19-րդ դարի Շուշիի, Աղդամի, Ֆիզուլիի մզկիթները: Իսկ Արցախի հայկական հուշարձանների թիվը մոտ 4600 է, որից 1000-ը ստեղծվել են ՀՀ անկախության տարիներին»:
Ադրբեջանի վարած քաղաքականությունը՝ Արցախի հայկական ժառանգության նկատմամբ

Համլետ Պետրոսյանը նշեց, որ ներկայում Ադրբեջանն ի կատար է ածում իր այն հայտարարությունը, թե անկախության տարիներին Արցախում և շրջակայքում կառուցված հուշարձաններն օկուպանտական ժառանգություն են, և պետք է վերացնել դրանք. «Այսինքն՝ անկախության տարիների բոլոր հուշարձանները, այդ թվում՝ եկեղեցիները, պետք է վերացնեն ու վերացնում են: Բայց քանի որ այդ հուշարձանների մի մասը տեղակայված է Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների կողքին, հետևաբար վերացվում են նաև Հայրենական մեծ պատերազմի հուշարձանները: Իսկ հնագույն ժամանակաշրջանի հուշարձանները, օրինակ՝ Դադիվանքը, Ամարասը, ներկայացվում են աղվանաուդիական, և նշում, որ հայերեն արձանագրությունները պետք է ջնջվեն դրանց վրայից»,- ասաց հետազոտողը՝ հավելելով, որ հայերեն արձանագրությունները ջնջելու վերաբերյալ տեղեկություններ դեռևս չկան:
Ըստ հետազոտողի՝ խնդիրներից մեկն էլ այն է, որ Հայաստանը ոչ մի տեղեկություն չունի այն տապանաքարերի, խաչքարերի վիճակի մասին, որոնք Արցախի անտառներում են: Համլետ Պետրոսյանը, սակայն, հիմք ընդունելով Ադրբեջանի՝ 60-ական թվականների պրակտիկան, հետևություն է անում, որ նրանք այդ ամենը ոչնչացնում են. «Արցախում մոտ 1000 գյուղեր են եղել, որոնք 19-րդ դարում ունեցել են եկեղեցի, գերեզմանոց: Ճանապարհաշինական աշխատանքների անվան տակ այժմ Ադրբեջանը վերացնում է հայկական հետքերը: Ամիսը 2-3 գյուղ է ջնջվում»:
Համլետ Պետրոսյանի դիտարկմամբ մեր մշակութային կերպարի ինքնության պահպանության կարևորագույն լծակներից մեկը միջազգային գիտական համայնքն է, և նմանատիպ հոդվածների տպագրություններն ուղղված են այդ համայնքի իրազեկվածության բարձրացմանը: