September 09, 2025 | 16:58
Science
Education
Graduates
Biodiversity, climatic conditions, and global warming
Climate change — characterized by continuous fluctuations in air temperature and weather patterns — has diverse impacts on society, economy, and ecosystems. It may result in extreme weather events, the loss of biodiversity, and other adverse consequences. One of the thematic panel discussions at YSU Alumni Forum was dedicated to the diversity of flora and fauna, as well as to climatic and environmental conditions.

«Ֆիզիկական աշխարհ» սեկցիայի շրջանակում կազմակերպված բանախոսության մոդերատորն էր ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Կարեն Թռչունյանը, մասնակիցներն էին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կլիմայի քաղաքականության վարչության պետ Նոնա Բուդոյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության կայուն հողօգտագործման հայաստանյան խորհրդատու Հովիկ Սայադյանը:

Կլիմայի համընդհանուր փոփոխությունը՝ լրջագույն մարտահրավեր
Բնապահպանական շարունակական փոփոխությունների համաշխարհային հարցերից են կենսաբազմազանության պահպանությունը, գլոբալ տաքացման խնդիրները, կլիմայի անկայունության ազդեցությունը մեր առօրյա կենսակերպի, մարդու առողջության վրա և ոչ միայն:
Մոդերատորի առաջարկով բանախոսներն անդրադարձան հետևյալ հարցերին․ կլիմայի փոփոխությունները թե՛ Հայաստանի, թե՛ համաշխարհային մակարդակով ի՞նչ ազդեցություն են թողնում, հետագայում ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկել դրանց հարմարվելու, նվազագույն վնասներ կրելու ուղղությամբ: Վերջին 20-30 տարում շատ փոփոխություններ են տեղի ունեցել կլիմայում, շատացել են անոմալիաները, ուստի բազմաթիվ երևույթներ ուսումնասիրության կարիք ունեն:
«Նման ֆորումները պետք է ավանդույթ դառնան»․ Լևոն Ազիզյան
Բանախոս Լ. Ազիզյանը հույս հայտնեց, որ ներկա շրջանավարտներից յուրաքանչյուրն իր համեստ ներդրումն է ունենալու ԵՊՀ զարգացման շնորհակալ գործում:
Ըստ բանախոսի՝ Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը պարբերաբար ուսումնասիրություններ է կատարում տեղումների, օդի ջերմաստիճանի վերաբերյալ՝ արդյունքներն ամփոփելով կլիմայի ազգային հաղորդագրություններում:

1994 թվականից ի վեր գրանցվում է ջերմաստիճանի անընդհատ աճ 1961 և 1990 թվականների նորմաների նկատմամբ, և չի եղել գեթ մեկ տարի, որ օդի տարեկան միջին ջերմաստիճանը ցածր լինի նորմայից: Դա իր ազդեցությունն է թողնում գրեթե բոլոր ոլորտների՝ ջրային ռեսուրսների, գյուղատնտեսության, կենդանական և բուսական աշխարհի և այլնի վրա:
Կլիմայական անկանոնությունը հանգեցնում է, օրինակ, տեսակների տարածման փոփոխության: Կենսաբազմազանության այն տեսակները, որոնք սահմանափակ միջավայրում չեն ապրում, կարողանում են հարմարվել՝ ի տարբերություն դժվար տեղաշարժվողների: Վերջիններս հայտնվում են ոչնչացման վտանգի գոտում:
Մթնոլորտային տեղումների քանակի պարագայում, համաձայն 1935-2024 թվականների տվյալների, հանրապետությունում նկատվում է տեղումների նվազում 15-20%-ով: Կամ՝ ՀՀ հիդրոօդերևութաբանության պատմության մեջ 2023-2024-ի ձմեռը գրանցվել է իբրև ամենատաքը, իսկ հաջորդ՝ 2024-2025-ինը՝ ամենաչորը:
2024 թվականի մայիսի 26-ին գրանցվեց Դեբեդ գետի՝ հիդրոօդերևութաբանական դիտարկումների պատմության մեջ աննախադեպ հեղեղում, որը միլիոնավոր դոլարների վնաս հասցրեց ՀՀ տնտեսությանը: Նմանատիպ հեղեղումներ լինում են 1000 տարին մեկ հավանականությամբ: Ասել է թե՝ ունենք անոմալ երևույթների թվի կտրուկ աճ:
Մոդերատոր Կ. Թռչունյանը նկատեց, որ անոմալիաները միշտ չէ, որ բացասական հետևանքներ են թողնում: Ընթացիկ տարվա ապրիլ-մայիս ամիսների՝ նորմայից շատ տեղումների շնորհիվ, օրինակ, խուսափեցինք հնարավոր աննախադեպ երաշտից:
«Ողջունելի է ԵՊՀ-ի և պետական ծառայողների միջև երկխոսությունը»․ Նոնա Բուդոյան
Մոդերատորի առաջարկով բանախոս Ն. Բուդոյանն անդրադարձավ կլիմայական քաղաքականության մշակմանը և դրա շրջանակում օրենսդրական կամ ենթաօրենսդրական հնարավոր կարգավորումներին՝ ուղղված փոփոխվող կլիմայի նկատմամբ հարմարվողականության բարձրացմանը:
Բանախոսն ընդգծեց, որ կլիմայական փոփոխությունը միջազգային գործընթացներում դիտարկվում է որպես սպառնալիք: Այն իր ազդեցությունն է թողնում տնտեսության բոլոր ոլորտների, մարդկանց կենսակերպի, առողջության և այլնի վրա:

Ըստ Ն. Բուդոյանի՝ ՀՀ Կառավարությունը քայլեր է ձեռնարկում (օրինակ՝ ջերմոցային արտանետումների կրճատումը)՝ փորձելով նվազեցնել կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը: Կլիմայական փոփոխությունների նկատմամբ մեր իշխանությունները վարում են երկու՝ մեղմման և հարմարվողականության քաղաքականություն: Կլիմայի փոփոխությանը հարմարվելու նպատակով 2021 թվականին ազգային ծրագրով առանձնացվել են 7 ոլորտներ՝ էներգետիկա, գյուղատնտեսություն, բնակավայրեր, մարդու առողջություն, զբոսաշրջություն, ենթակառուցվածքներ: Յուրաքանչյուր ոլորտի համար մշակվել է համապատասխան ռազմավարություն, որը մաս է կազմում ընդհանուր մեկ՝ մայր ռազմավարության:
Մեղմման քաղաքականության շրջանակում ևս ազգային մակարդակով սահմանվել են համապատասխան գործողությունների քայլեր, որոնք ուղղված են էներգետիկայի ոլորտում ջերմոցային գազերի արտանետումների, թափոնների սահմանափակմանը:
Բանախոսը նշեց, որ 2022 թվականին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ սկսվել են կլիմայի մասին օրենքի մշակման աշխատանքները: Ոլորտը կարգավորող համապատասխան օրենքով նախատեսվում է հստակ ձևակերպումներ տալ, ինչպես նաև սահմանել դերեր ու պարտավորություններ այդ քաղաքականության իրականացման համար: Նախագիծն այժմ վերջնականացվել է և ներկայացվել պետական իրավական փորձաքննության: Օրենքը նախատեսվում է ընդունել ընթացիկ տարում:
Դրանից բացի՝ ՀՀ-ն, միջազգային մի շարք գործընթացների մասնակից դառնալով, հստակ պարտավորություններ է ստանձնել այս հարցում, օրինակ՝ ստույգ տեղեկությունների հավաքագրում, այդ տեղեկությունների հաղորդում կոնվենցիայի քարտուղարություն՝ սահմանված ձևաչափով և այլն:
«Բոլորս պարտավոր ենք մեր ներդրումն ունենալ մայր բուհի զարգացման գործում»․ Հովիկ Սայադյան
Անտառների և բուսածածկ տարածքների վրա կլիմայական փոփոխությունների դրական և բացասական ազդեցությունների մասին խոսեց օրվա երրորդ բանախոս Հ. Սայադյանը:
Բանախոսը մեծ հարցին անդրադարձավ փոքր օրինակով՝ ներկայացնելով ունեցած փորձառությունը:

««ԵՄ-ն Սևանի համար» ծրագրի շրջանակում 2100 մետր բարձրության վրա տնկվել է 30.000 հա անտառ: Ծրագրի իրականացման ընթացքում արդեն նկատվել է կլիմայական փոփոխությունների բացասական ազդեցությունը: Կանոնակարգով հիմնված ագրոանտառում այդ բարձրությունների վրա նախատեսված էր հինգ ոռոգում, սակայն իրականացվել է կրկնակին՝ տասը, քանի որ Մարտունու տարածաշրջանում ուղիղ 100 օր անձրև չի տեղացել»,- ասաց նա:
Այլ օրինակներից բանախոսը նշեց մշակաբույսերի փոփոխության ուղղությամբ միջազգային համագործակցությունները: Դրանց նպատակն է պիլոտավորել այնպիսի ծրագրեր և զարգացնել այնպիսի մոդելներ (ի տարբերություն ավանդական մշակաբույսերի, որոնք մշակվում են ամիսների ընթացքում և վեգետացիոն շրջանում լրացուցիչ եկամուտ չեն ապահովում), որոնք հնարավորություն կտան մշակաբույսերի վեգետացիայի ընթացքում ապահովելու օգուտներ (օրինակ՝ բրոկոլիի՝ իբրև միջանկյալ եկամտի աղբյուրի մշակումը Մարտունու տարածաշրջանում):
Հաջորդ կարևոր հարցը, որին անդրադարձավ Հ. Սայադյանը, վերականգնողական գյուղատնտեսությունն է կամ հողի առողջության վերականգնումը (քանի որ ՀՀ-ն մեծ կախվածություն ունի հատկապես ազոտական պարարտանյութերից): Խնդիրը հողի քիչ՝ մակերեսային մշակման և հողի հնարավորությունների (բակտերիաների, միկրոբների) վերականգնման մեջ է: Այս հարցում ունեցած ՀՀ հաջող փորձն այսօր կիրառում են նաև Զամբիայում:

Ըստ բանախոսի՝ կարևոր մարտահրավերներից է անտառների հարցը: Երկրագնդի մակերեսի 31%-ն այժմ (նախկին մոտ 60%-ի փոխարեն) զբաղեցնում են անտառները: Անտառային ծածկույթի համընդհանուր փոփոխությունը՝ մակերեսի նվազումը, պայմանավորված է մարդածին գործոններով: 1990-2020 թվականներն ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր տարի 10.000.000 հա անտառ է ենթարկվել հատման (հիմնականում Կոնգո և Ամազոն գետերի ավազաններում, որոնք CO₂-ի կլանման հիմնական օջախներն են):
Տեղայնացնելով հարցը՝ Հ. Սայադյանը նշեց, որ հավաստի տվյալներով՝ բրոնզեդարյան Հայաստանն ունեցել է 35% անտառածածկույթ: Դա հիմնավորվում է և՛ հնագիտական, և՛ գրական, և՛ հետազոտական (փոշեհատիկային) վերլուծության տարբեր ուսումնասիրություններով: 200 տարի առաջ ունեցել ենք 18% անտառ, իսկ 20-րդ դարի ընթացքում այդ ցուցանիշն իջել է՝ հասնելով աղետալի 8.5%-ի (1960-ականներին ամենացածր նիշն է գրանցվել): Խորհրդային տարիներին արհեստական անտառների տնկումների շնորհիվ անտառածածկույթն աճել է 2.5%-ով՝ 1991 թվականին հասնելով 11.2%-ի (հիմնականում սոճու հաշվին):
Հետաքրքիր քննարկման մանրամասները՝ տեսանյութում⤵️
Video