October 03, 2025 | 13:52
Educational programs
Education
International cooperation
When the educator is only a few years older than the student, classes become more engaging and students much more active – Varuzhan Tanielyan
"While studying at Ca’ Foscari University, I never felt the need to visit a library, as all the required books and materials for the courses were already accessible via the Moodle system," notes Varuzhan Tanielyan, a 4th-year student at YSU History Faculty’s "Archaeology" bachelor’s program, sharing about his experience of studying in Italy through the Erasmus+ program.

Վարուժան Տանիելյանը վստահ է՝ Վենետիկում ուսանելու հնարավորությունն իրեն տրվել է առաջին հերթին անգլերենին վարժ տիրապետելու շնորհիվ։
«Լեզու սովորելն ամենահեշտ բանը չէ, բայց այն բոլոր պտուղները, որը տալիս է լեզվի իմացության բերրի ծառը, կարելի է անվերջ քաղել ու վայելել»,- ասում է նա:
Թե ինչու է ընտրել «Հնագիտություն» մասնագիտությունը, նա նշեց, որ դպրոցում պատմության իր ուսուցիչը հաճախ էր պատմում Եգիպտոսում կատարած պեղումներից, իսկ ինքն անհամբեր սպասում էր, թե երբ իր ուսուցչի հետ պիտի վերջապես գնա Լուքսոր` պեղումների. «Ես այդպես էլ չգնացի Եգիպտոս, բայց օրերից մի օր ինձ զանգեց ուսուցիչս և ասաց, որ Էրեբունիում պեղումներ են արվելու, եթե ուզեմ՝ մասնակցեմ։ Մասնակցեցի և մի քանի տարի անց դիմեցի ԵՊՀ պատմության ֆակուլտետի «Հնագիտության և ազգագրության» բաժին»:

Վարուժանը, խոսելով Վենետիկում իր հետ ուսանած օտարերկրացիներից, ասաց. «Ճապոնացիները լուռ էին, համեստ ու քչախոս, բրիտանացին ու իռլանդացին՝ քաղաքակիրթ, ոչ մեկին նեղություն չտվող, բայց ամենափոքր բանից նեղացող, իտալացիները՝ բարձրախոս, միշտ խոսում են կա՛մ ուտելիքից, կա՛մ քաղաքականությունից: Ես ինքս էլ ամեն հնարավոր առիթով մի բան էի պատմում իմ սիրելի հայրենիքից՝ բոլորին կամաց-կամաց սիրահարեցնելով, հետո կամաց-կամաց ձանձրացնելով, բայց այս ամենը մեր շփումն է՛լ ավելի էր հետաքրքիր դարձնում»:
- Վարուժա՛ն, որպես ԵՊՀ ուսանող՝ Ձեզ հնարավորություն ընձեռվեց մեկ կիսամյակ ուսումը շարունակելու Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանում: Ի՞նչ առարկաներ եք ուսումնասիրել, ի՞նչ նոր գիտելիքներ ու հմտություններ եք ձեռք բերել:
- Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանում իմ դասացուցակը ինքս եմ կազմել՝ ընտրելով առարկաներ տարբեր ֆակուլտետներից, բաժիններից։ Եվ բավական հետաքրքրական առարկաներ ուսումնասիրեցի, այդ թվում՝ «Թվային հնագիտություն» և «Վիրտուալ հնագիտություն», որոնց շրջանակներում շատ արդի և նորարար մեթոդների մասին իմացա, որոնք օր օրի ավելի կարևոր են դառնում մասնագիտությանս՝ հնագիտության ոլորտում։ Ձեռք բերեցի իմ մասնագիտության համար կարևոր՝ ֆոտոգրամետրիայի և GIS համակարգի օգտագործման հմտություններ. ընթացքում ֆոտոգրամետրիայի միջոցով պատրաստեցի անտիկ մի հարթաքանդակի և միջնադարյան ջրհորի («vera da pozzo») եռաչափ մոդել։ Ի դեպ, այս ջրհորի տարբեր տեսակներ կարելի է տեսնել Վենետիկի տարբեր վայրերում, դրանք ժամանակին ամբողջ քաղաքի համար ամբարել են խմելու մաքուր ջուր: Պատրաստեցի նաև Սուրբ Ղազարի փայտե կոչնակի մոդելը, որը Մեծ Պահքի վերջին՝ Ավագ շաբաթին զանգեր հնչեցնելու արգելքի ժամանակ ձայնում է արարողությունների սկզբին: QGIS համակարգով պատրաստեցի նաև «Rupinpiccolo II» հնավայրի նախագիծը։

«Միջնադարյան գիտությունների պատմություն» առարկան անհավանական հետաքրքիր էր: Այս առարկայի ժամանակ ուսումնասիրեցինք և՛ միջնադարի նշանավոր համալսարանների պատմությունն ու նրանց անվանի գիտնականների գործունեությունը, և՛ բուն գիտությունների մասին ընդհանուր պատկերացում կազմեցինք, մասնավորապես՝ օդերևութաբանության, տիեզերագիտության, տոմարաբանության և աշխարհագության:
Կատարել եմ նաև «Ինչպե՞ս էր Անանիա Շիրակացին հաշվարկում եկեղեցական տոմարը» թեմայով հետազոտական աշխատանք:
Անշուշտ, կափսոսայի, եթե Վենետիկում ուսանելու ժամանակաշրջանում ուսումնասիրության համար չընտրեի հենց երբեմնի այդ հզոր քաղաքին վերաբերող մի առարկա. «Վենետիկի պատմություն» դասընթացի շրջանակում ծանոթացա ոչ միայն Վենետիկի, այլև նրա պատմական հանրապետությանը երբևէ պատկանած շատ տարածքների՝ Դալմաթիայի, Կիպրոսի, մինչև անգամ Կոստանդնուպոլսի պատմությանը և մշակույթին՝ առավելապես խորացնելով ուսումնասիրությունս դրանց վենետիկյան հետքի ուղղությամբ։
Լինելով հայ եկեղեցու նվիրյալ սպասավոր՝ ծառայությունս մնաց անխափան․ շարունակեցի այն Միլանի Սրբոց Քառասնից Մանկանց հայ առաքելական եկեղեցում և, անշուշտ, Մխիթարյան Մայրավանք Սուրբ Ղազարում։ Չեմ կարող չափազանցնել, թե որչափ մեծ դեր ունեցան ինձ համար Մխիթարյան հայրերը և ոչ միայն Վենետիկում գտնվելու ժամանակ: Նրանք ինձ ընդունեցին գրկաբաց, և ամբողջ ընթացքում ես ինձ զգացի իբրև նրանց մի մաս: Համոզվեցի Արշակ արքայի այն գեղեցիկ դրվագի իսկության մեջ, երբ թագավորը Պարսկաստանում հայկական հողի վրա զորանում է. ես նույնպես Սուրբ Ղազարի սրբազան հողի վրա գոտեպնդվում էի, ամրանում։ Ողջ Ավագ շաբաթվա ընթացքին և զատկական տոներին ապրեցի Մայրավանքում՝ մասնակցելով բոլոր ծիսակարգերին։ Որպես կամավոր աշխատանք յօգնություն վարդապետներին՝ թվայնացրի Մխիթարյան հայրերի կտավները և անցյալի վարդապետների ձեռագրերը, ցուցակները, երբեմն նույնիսկ կղզում այցելություններ էի վարում։
- Համալսարանն ի՞նչ ենթակառուցվածքներ ուներ, ինչի՞ց եք կարողացել օգտվել, գրադարանն ի՞նչ հնարավորություններ է ընձեռել:
- Կա Ֆոսկարին ունի 9 առանձին գրադարան, ամեն մեկը՝ տարբեր ոլորտների համար։ Մեկական գրադարան կար ֆիզմաթ, հումանիտար, էկոնոմիկայի հոսքերի համար, 5 մասնաշենքերի միջև էր բաժանված լեզվաբանական գրացանկը, և մեկ գրադարան հատկացված էր պարզապես ընթերցանության համար՝ հիմնականում գեղարվեստական գրականությամբ լեցուն։ Ամենայն ազնվությամբ՝ ինքս կարիքը երբևէ չզգացի գրադարան այցելելու, քանի որ դասընթացներին վերաբերող ամեն հնարավոր գիրք և հոդված արդեն իսկ հասանելի էր «Moodle» համակարգում։
- Ո՞րն է Ձեր հետաքրքրության շրջանակը, և ինչո՞վ եք այն պայմանավորում:

- Կարծում եմ, որ բոլորն էլ փոքր ժամանակ տեսել են ֆիլմերում կամ կարդացել են գրքերում հնագետների մասին և մի պահ կանգ առել, երազել, թե ինչպիսին կլիներ հնագետի կյանքը։ Այս չափազանց ռոմանտիկ մասնագիտությամբ իրականում ես ոչ թե հետաքրքրվեցի Ինդիանա Ջոնսի կամ մեկ այլ գեղարվեստական կերպարի շնորհիվ, այլև դպրոցիս պատմության ուսուցչի։ Նա միշտ պատմում էր իր՝ Եգիպտոսում կատարած պեղումների մասին, իսկ ես անհամբեր սպասում էի այն օրվան, թե երբ նրա հետ պիտի վերջապես գնամ Լուքսոր` Ամենհոթեփ Երրորդ փարավոնի հուղարկավորման տաճարը պեղելու.... Ես այդպես էլ չգնացի Եգիպտոս, բայց օրերից մի օր ինձ զանգեց ուսուցիչս և ասաց, որ Էրեբունիում պեղումներ են արվելու, եթե ուզեմ՝ մասնակցեմ։ Մասնակցեցի և մի քանի տարի անց դիմեցի ԵՊՀ-ի «Հնագիտության և ազգագրության» բաժին։ Սկսեցի խորությամբ ուսումնասիրել հնագիտությունը, բայց ոչ թե ուրարտական, այլ միջնադարյան շրջանը։ Սա կախված է նաև իմ եկեղեցասիրությունից և, առհասարակ, միջնադարյան հայ մշակույթի, արվեստի, ճարտարապետության ու պատմության հանդեպ մեծ ակնածանքից։
- Համեմատելով ԵՊՀ-ի և արտերկրի համալսարանի կրթական միջավայրերը՝ ի՞նչ տարբերություններ են ակնառու, ի՞նչ փոփոխություններ կցանկանայիք տեսնել ԵՊՀ-ում։
- Կա Ֆոսկարիում գեթ մեկ դասընթաց չունեցա, որին վերաբերող ժամանակակից և դյուրընկալելի գրականության ողջ ցանկը, այդ թվում՝ հոդվածները, գրքերը (ամենակարևորը՝ PowerPoint պրեզենտացիաներով) հասանելի չլինեին համալսարանական «Moodle»-ում։ Եվս մի հետաքրքիր բան. ես շաբաթվա մեջ դաս ունեի առավելագույնը 3 օր։ Ամեն առարկա ուներ շաբաթական մեկ դասախոսություն, որին մասնակցելը ոչ թե պարտադիր, այլ ցանկալի էր։ Կարևորը՝ քննությանը արի՛, գնահատականդ ստացի՛ր։ Որքան էլ հաճելի է նման ազատ գրաֆիկ ունենալը, պահ է գալիս՝ հասկանում ես, որ այսպես չի լինի։ Այստեղի դասատախտակի ծանրաբեռնվածությունն էլ իր խնդիրն ունի։ Վստահ եմ՝ կա մի ոսկե միջին, որով ուսանողը միևնույն ժամանակ չի դառնում իր ժամատախտակի գերին, բայց մնում է ակադեմիական հոսքի մեջ։
- Արտերկրի բուհում դասախոսները ի՞նչ մոտեցում են ցուցաբերում ուսանողների հետ շփումներում: ԵՊՀ և արտերկրի դասախոսների միջև ի՞նչ նկատելի տարբերություն կա փորձառության ու վերաբերմունքի տեսանկյունից:

- Կա մի շատ կարևոր կետ։ Արտերկրում ինձ դասավանդած բոլոր դասախոսները երիտասարդ էին։ Բնականաբար, 35 տարեկան մասնագետը չունի 35 տարվա մասնագետի ո՛չ գիտելիքը, ո՛չ էլ փորձը։ Բայց ուսանողության և դասախոսի միջև տարիքային հսկայական տարբերությունը հաճախ բերում է նաև մեծ դիսոնանսի. դասախոսը չգիտի, թե երիտասարդներին ինչ ասի, որ հետաքրքրությունը մեծանա, իսկ ուսանողը երբեմն ամաչում է այս մեծահասակ մարդուն հավելյալ հարցեր կամ նեղություն տալուց՝ մի բան քաղելու համար։ Դասախոսը նույնիսկ տեղյակ էլ չէ՝ ուսանողները ինչով են զբաղվում, ինչ է իրենց հետաքրքրում, որոնք են իրենց սերնդին բնորոշ գծերը։ Եվ սա բնական է։ Ես անչափ սիրում և հարգում եմ իմ ավագ դասախոսներին. նրանց կենսագրություններն ու փորձը պարզապես երանելի են։ Բայց շատ ավելի արդյունավետ է դառնում, երբ դասավանդողն ընդամենը մի քանի տարվա ավագություն ունի ուսանողի հանդեպ. դասերն ինքնաբերաբար դառնում են ավելի հետաքրքիր, ուսանողները՝ շատ ավելի ակտիվ։
- Բազմամշակութային միջավայրն ի՞նչ առավելություններ ու թերություններ ունի: Ի՞նչ ազգերի հետ եք շփվել, ի՞նչն է Ձեզ համար անսովոր եղել:
- Մեր հանրակացարանում հիմնականում իտալացիներ էին մնում։ Մոտ 45 հոգի էինք, որոնցից երկուսը՝ հայ, երեքը՝ ճապոնացի, մեկը՝ սլովակ, Ղրիմի թաթար, բրիտանացի, իսպանացի, իռլանդացի, ֆրանսիացի, մեքսիկացի։ Բոլորն էլ յուրօրինակ էին, հատկապես՝ եվրոպացիները, որոնց չէր հետաքրքրի՝ իրենք մենակ են, սեղանի շուրջ են, հաց են ուտում, դասի են, թե Պատարագի, նրանք հնարավորությունը բաց չեն թողնի քիթը բարձրաձայն մաքրելու՝ հիշեցնելով բոլորին, որ իրենք այդտեղ են։
Իտալացիները՝ շատախոս, բարձրախոս, միշտ խոսում են ուտելիքից կամ քաղաքականությունից՝ առաջնահերթությունը տալով անշուշտ առաջինին։ Թե ինչ է կերել երեկ, ինչ է ուտելու այսօր և ինչ է պատրաստվում ուտել վաղը Մարիոն, ստիպված են իմանալ բոլորը։ Իսկ ավելի բնորոշ՝ իտալացիները մեկ րոպեում միջին հաշվարկով 5-10 անգամ երևի ասում են «ciao»։ Սա ունիվերսալ մի բառ է՝ և՛ ողջույն, և՛ հրաժեշտ։ Բայց եթե Յակոբոն նույնիսկ մտնի խոհանոց՝ ջուր խմելու և այնտեղ մնա ընդամենը կես րոպե, անպայման մտնելուց բոլորին կասի՝ չաո, բոլորն իրեն կասեն՝ չաո, հետո դուրս կգա՝ բոլորին ասելով՝ չաո և բոլորից կլսի՝ չաո։ Հինգ րոպե հետո Յակոբոն կհիշի, որ խոհանոցում իր հեռախոսը մոռացավ, և նույն պատմությունը կկրկնվի։ Սա՝ առանց բացառությունների։

Բոլորն էլ ունեին իրենց առանձնահատկությունները. ճապոնացիները լուռ էին, համեստ ու քչախոս, բրիտանացին ու իռլանդացին՝ քաղաքակիրթ, ոչ մեկին նեղություն չտվող, բայց ամենափոքր բանից նեղացող, ես ինքս էլ ամեն հնարավոր առիթի մի բան էի պատմում իմ սիրելի հայրենիքից՝ բոլորին կամաց-կամաց սիրահարեցնելով, հետո կամաց-կամաց ձանձրացնելով, բայց այս ամենը մեր շփումն է՛լ ավելի էր հետաքրքիր դարձնում։
Սլովակը՝ Միլոշը, դարձավ շատ մտերիմ ընկերս, միասին էինք պարապում, միասին էինք ճամփորդում, ընթրում, հետո գնում զբոսնելու և «ջելատո» ուտելու։ Մեր աշխատանքները իրար էինք առաջինը ցույց տալիս՝ միմյանց գովելով, ոգեշնչելով, առաջարկներ անելով, նույնիսկ մի քանի անգամ իրար հետ Պատարագների մասնակցեցինք։ Միասին առավոտ շուտ դուրս էինք գալիս, գնում Ռիալտոյի ձկան շուկա՝ երեկոյան ընթրիքի համար թարմ ծովամթերք առնելու։ Մի առիթով Սուրբ Ղազար էր եկել ևս մի սլովակ, որի համար շրջայցը վարեցի ես։ Նրա հետ շփվելով՝ հասկացա, թե ինչ հրաշալի ժողովուրդ են՝ բարի, աստվածասեր, իմաստասեր և այս նոր աշխարհից չազդված, չպղծված։
Անշուշտ, ինձ համար ցանկացած հայ եղբայր է և քույր, բայց այս շատ սեղմ ժամանակահատվածում ես կարողացա եղբայրանալ օտար, բայց անչափ հարազատ մարդկանց հետ։
- Կարողացե՞լ եք այլ քաղաքներ այցելել:
- Ի տարբերություն շատ երանելիների, որոնք փոխանակման ծրագրերի ընթացքում կարողանում են այցելել անթիվ երկրներ և քաղաքներ, ես Իտալիայից դուրս չեկա։ Որոշ հանգամանքներ ինձ դա թույլ չտվեցին։ Բայց ես ինձ չէի ների, եթե գոնե Վենետիկը «տակնուվրա» չանեի. արդեն կիսամյակի վերջում, երբ տեսնում էի՝ ոնց էին զբոսաշրջիկները խճճվում Վենետիկի փողոցներում, ես լուռ ժպտում էի, որովհետև արդեն հինգ մատիս պես գիտեի հարազատ քաղաքի «անաստված» քարտեզը։

Հյուսիսային Իտալիայի շատ քաղաքներում բախտ վիճակվեց լինելու. Միլանում, որտեղ իմ անչափ սիրելի քույրն է ապրում, Բերգամոյում, որտեղ մոտ 80 տարի առաջ ռազմագերի է պահվել Վարուժան պապիկս, Ռավեննայում, ուր հայկական հետքը բավական մեծ և տեսանելի է, Վիչենցայում, որտեղ ինձ հյուրընկալեցին շատ մտերիմ դարձած Ավոն և Մհերը, երկու անգամ Վերոնայում՝ Ռոմեոյի և Ջուլիետի հայրենի քաղաքում, երեք անգամ Պադովայում, որն իտալական ռենեսանսի բնօրրանն է, որտեղ մեկ անգամ գնացի շատ սիրելի «Ջեթրո Թալ» խմբի համերգին, մեկ անգամ ընկերների հետ՝ շրջելու, մեկ անգամ էլ՝ ապրիլի 24-ին՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության հիշատակմանը նվիրված միջոցառմանը և Պատարագին: Եղա հզոր ամրոց ունեցող գողտրիկ քաղաք Բրեշայում և Պիաչենցայում, որտեղ Ջիովաննի Ֆատորիի կտավների շատ մեծ ցուցահանդես էր կազմակերպվել։ Իսկ հունիսի վերջին, երբ արդեն անհամբեր սպասում էի վերադարձիս, վարդապետներն ինձ անակնկալ շրջայցի տարան հրաշագեղ Դոլոմիտներ։ Վենետիկի անտանելի շոգը, նեղ փողոցները, փոքրիկ կամուրջները, նավակներն ու անթիվ զբոսաշրջիկները միանգամից կորան. շուրջբոլորս ձյունածածկ լեռներ, ջրվեժներ, գետեր, լճեր, սառը և մաքուր օդ, որով վերջապես լցվեցին թոքերս։ Եվ այս ամենը զարդարվեց նրբատես եղնիկներով, որոնք ինձանից ընդամենը մի քանի մետր այն կողմ վայելում էին իրենց հայրենի լեռները։ Սակայն ես էլ էի դա ուզում. կարոտել էի իմ հայրենի լեռներին։
- Ի՞նչը նպաստեց, որ կրթությունը շարունակեք արտերկրում՝ բարձր առաջադիմությու՞նը, թե՞ այլ գործոն:
- Այս հարցն ունի մեկ իրավացի պատասխան։ Իմ առաջադիմությունն ընդհանրապես երևելի չէ, ուստի սա չէր պատճառը։ Կա միմիայն մեկ գործոն, որը նպաստեց Վենետիկ գնալուս։ Առանց դրա հնարավոր չէր լինի մեկնել արտասահման ուսման կամ գործուղման՝ առավել ևս բավարար չափով կրթաթոշակ ստանալով։ Ես շատ փոքր տարիքից արդեն գերազանց տիրապետել եմ անգլերենին, հետևաբար իրավունք չունեմ տարեկիցներիս ասելու, որ հեշտ է, արագ սովորե՛ք։ Ես հասկանում եմ, որ լեզու սովորելն ամենահեշտ բանը չէ, բայց այն բոլոր պտուղները, որ տալիս է լեզվի իմացության բերրի ծառը, կարելի է անվերջ քաղել ու վայելել։ Վենետիկում Մեծ եղեռնին նվիրված համաժողովից հետո հայագիտության ոլորտի իտալացի դոկտոր, պրոֆեսորը վերահաստատեց․ «Ինչքան լեզու գիտես, այդքան մարդ ես»։ Ուստի, իմ հնարավորության սահմաններում սովորեցի նաև իտալերեն. գո՞ւցե մի քանի տարուց հետո սա էլ ինձ մեծ հնարավորություններ ընձեռի։
- Ո՞ր բնագավառում և ի՞նչ նպատակի կծառայեցնեք արտերկրում ստացած գիտելիքը։ Ապագայում ի՞նչ նպատակներ ունեք, ո՞ր ոլորտում կցանկանայիք աշխատել և ինչո՞ւ:

- Ես մնում եմ անփոփոխ իմ մասնագիտական համոզման մեջ։ Միջնադարյան Հայաստանի հնագիտությունը անչափ հետաքրքիր մի բնագավառ է՝ լի տարբեր հնարավորություններով, մշտապես անակնկալներ տվող։ Սա միայն նյութական ժառանգության ուսումնասիրություն չէ, այլ նաև մեր պատմական ինքնության բացահայտումն ու փայփայումն է։ Յուրաքանչյուր խոնարհված եկեղեցի կամ վանք, ավերակ ամրոց կամ քաղաքատեղի, պեղումների ժամանակ գտնված կենցաղային ցանկացած իր մի նոր բան է պատմում մեր ժողովրդի անցյալի մասին՝ ստիպելով նորովի գնահատել մեր հարուստ ժառանգությունը։ Մեր ազգային բոլոր զգացմունքները միանում են ակադեմիական ճշգրտության հետ՝ տալով անշեղ պատկերը մեր նախնյաց կյանքի, հավատալիքների, մշակույթի։