February 13, 2026 | 12:35
Science
Education
Women in the world of science: YSU Professor Anahit Balabekyan on challenges and achievements
The presence of women in science is not merely a matter of equal opportunity, but also an essential component of scientific progress. We spoke with Anahit Balabekyan—Doctor of Physical and Mathematical Sciences, Professor at the Chair of Nuclear Physics and Astrophysics of the Institute of Physics, and Head of the International Center for Advanced Research at the Research Institute of Physics of Yerevan State University—about the involvement of women in the field of science.
Չնայած գիտությունը համարվում է «համընդհանուր լեզու»՝ անկախ սեռից, տարիքից կամ աշխարհագրությունից, կանանց ճանապարհը գիտության մեջ հաճախ ուղեկցվել է տեսանելի ու անտեսանելի խոչընդոտներով։ Այսօր, երբ աշխարհում ակտիվորեն քննարկվում է կանանց դերի մեծացումը գիտության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում, կարևոր է լսել այն գիտնականների ձայնը, որոնք ոչ միայն հաղթահարել են այդ մարտահրավերները, այլև ձևավորում են գիտության ապագան։ Անահիտ Բալաբեկյանի հետ մեր զրույցը կանանց ներգրավվածության, գիտական կարիերայի ընտրության, ինչպես նաև Հայաստանում և միջազգային հարթակներում գիտության զարգացման հեռանկարների մասին է։
«Իրականում կանայք գիտության ոլորտում ներկայացված են եղել դեռևս նախորդ դարի սկզբից։ Բավարար է հիշել ֆրանսիացի ֆիզիկոս Մարիա Սկլոդովսկայա-Կյուրիին, որն արժանացել է կրկնակի Նոբելյան մրցանակի ֆիզիկայի և քիմիայի բնագավառներում, ինչպես նաև մի շարք այլ կանանց, որոնք ստացել են այս բարձրագույն գիտական պարգևը։ Հայաստանում ևս կին գիտնականները նշանակալից տեղ են զբաղեցրել գիտության մեջ․ օրինակ՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Թինա Ասաթիանին, աստղաֆիզիկոս Էլմա Պարսամյանը, որոնք եղել են ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ։ Սակայն հարկ է նշել, որ տոկոսային հարաբերակցությամբ կանանց թիվը գիտության ոլորտում դեռևս չափազանց քիչ է։ Կանայք գիտության մեջ հաջողության հասնելու համար հաճախ ստիպված են կրկնակի ջանք գործադրել»,- ասում է Անահիտ Բալաբեկյանը։
- Տիկի՛ն Բալաբեկյան, ինչպե՞ս կգնահատեք կարծրատիպերի ազդեցությունը երիտասարդ կանանց՝ գիտության ոլորտը որպես մասնագիտական ուղի ընտրելու գործընթացում։ Որքանո՞վ են այդ պատկերացումները ազդում նրանց հետագա գիտական գործունեության ձևավորման վրա։
- Գիտության ոլորտում կանայք ավելի շատ ներկայացված են հումանիտար գիտություններում, քանի որ տարածված կարծիք կա, թե բնագիտական ոլորտներում տղամարդիկ ավելի հաջողակ են։ Երբ ասում եմ, որ զբաղվում եմ միջուկային ֆիզիկայով, հաճախ նկատում եմ շրջապատի անթաքույց զարմանքը, քանի որ այդ ոլորտը համարվում է բավական ծանր և վտանգավոր։ Սակայն վերջին տարիներին մեր բնագավառում կանանց թիվը զգալիորեն աճել է։
Ընդհանրապես, կանանց առջև ծառացած հիմնական մարտահրավերներից են մայրությունը և դրան հաջորդող երեխայի խնամքը։ Սա այն ժամանակահատվածն է, երբ կին գիտնականը որոշ չափով պասիվանում է գիտական գործունեության մեջ, իսկ ժամանակակից արագընթաց զարգացումների պայմաններում դա կարող է էականորեն դանդաղեցնել մասնագիտական առաջընթացը։
Իմ աշխատանքային ճանապարհին եղել են բազմաթիվ մարտահրավերներ, քանի որ փորձարարական միջուկային ֆիզիկան պահանջում է ինչպես ֆիզիկական դիմացկունություն, այնպես էլ գիշերային հերթապահություններ փորձարարությունների ընթացքում։ Սակայն ես մշտապես շրջապատված եմ եղել աջակցող և բարեկամ գործընկերներով, որոնց շնորհիվ կարողացել եմ հասնել հաջողությունների։
- Ձեր անձնական փորձը հաշվի առնելով՝ որքանո՞վ է բարդ կանանց համար համատեղել մասնագիտական գործունեությունն ու ընտանեկան պարտավորությունները։
- Կանայք գրեթե ամբողջ կյանքի ընթացքում բախվում են աշխատանքի և ընտանիքի միջև ընտրություն կատարելու դժվարությանը, և դա շատ տարածված երևույթ է։ Սակայն, եթե ընտանիքը ըմբռնումով է մոտենում կնոջ մասնագիտական գործունեությանը, ապա հնարավոր է հաջողությամբ համատեղել երկուսը։
- Իսկ Ձեր պարագայում ինչպիսի՞ ընտրությունների առաջ եք կանգնել և ինչպես եք հաղթահարել այդ դժվարությունները։
- Իմ կյանքում եղել է պահ, երբ ստիպված եմ եղել ընտրություն կատարել աշխատանքի և ընտանիքի միջև, և ես ընտրել եմ ընտանիքը։ Իսկ ամուսնուս և երեխաներիս անվերապահ աջակցության շնորհիվ կարողացել եմ գիտության ոլորտում հասնել այն հաջողություններին, որոնք ունեմ այսօր։
- Ներկայում շատ աղջիկներ և կանայք հետաքրքրված են գիտությամբ, սակայն հաճախ տատանվում են այն որպես մասնագիտություն ընտրելու հարցում։ Ի՞նչ խորհուրդ կտաք նրանց, ովքեր իրենց ապագան պատկերացնում են գիտության ոլորտում։
- Կցանկանայի խրախուսել բոլոր աղջիկներին ու կանանց՝ վստահորեն ընտրել գիտությունը, քանի որ հետազոտական գործունեությունը ոչ միայն չափազանց հետաքրքիր, այլև ստեղծագործական գործընթաց է։ Միաժամանակ կարևոր է գտնել հավասարակշռություն ընտանիքի և մասնագիտական կյանքի միջև․ գիտությունը չի սահմանափակվում խիստ ժամանակացույցով և հնարավորություն է տալիս աշխատանքը ճկունորեն համադրելու ընտանեկան պարտավորությունների հետ։ Ամենակարևորը սեփական գործը սիրով և նվիրվածությամբ կատարելն է, քանի որ հենց այդ դեպքում են ծնվում իրական արդյունքները։
- Նորարարական ի՞նչ նախաձեռնություններ կամ միջազգային համագործակցություններ կարող են նպաստել գիտական ոլորտներում կանանց ներգրավվածությանը։ Գիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օրը և այս թեմայով միջոցառումներն ինչպե՞ս են օգնում ճանաչել ու ոգեշնչել կին գիտնականներին։
- Միջազգային համագործակցությունների շրջանակում անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել կին գիտնականների ներգրավմանը և աջակցությանը։ Ինչպես դրամաշնորհային ծրագրերում նախատեսվում են քվոտաներ երիտասարդ գիտնականների համար, նույնկերպ կարելի է հատուկ աջակցություն նախատեսել նաև կին գիտնականների համար։ Գիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օրը իսկապես ոգեշնչող նախաձեռնություն է։ Այն վկայում է, որ կանանց թիվը գիտության ոլորտում աճում է, և նրանց ներդրումը արժևորվում է։ Սակայն կարևոր է, որ այս օրը չվերածվի միայն խորհրդանշական տոնակատարության․ գիտության մեջ կանանց նկատմամբ հոգատարությունն ու աջակցությունը պետք է դրսևորվեն ամենօրյա մակարդակում։
- Ի՞նչ հետազոտություններ են կատարվում Ձեր ղեկավարած ԵՊՀ ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի հեռանկարային հետազոտությունների միջազգային կենտրոնում։ Ի՞նչ դերակատարում ունեն կանայք այդ աշխատանքներում։
- Մեր կենտրոնում կատարվում են ինչպես տեսական, այնպես էլ փորձարարական հետազոտություններ միջուկային ֆիզիկայի և բարձր էներգիաների ֆիզիկայի ոլորտներում։ Քանի որ միջուկը և տարրական մասնիկները նյութի հիմնարար կառուցվածքային տարրերն են, կարելի է ասել, որ մենք ուսումնասիրում ենք նյութի հիմնական հատկությունները։ Վերջերս մեր կենտրոնի աշխատակիցների շարքերը համալրել է Իրանից տեղափոխված կին գիտնական։ Կենտրոնի աշխատակիցների մեծ մասը կանայք են, որոնք բարձր արդյունավետությամբ և նվիրվածությամբ աշխատում են այս բնագավառում։ Ներկայում մենք իրականացնում ենք ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի դրամաշնորհային երեք ծրագիր և պատրաստվում ենք դիմել ևս երկու դրամաշնորհի։
Անահիտ Բալաբեկյանի կարծիքով՝ դպրոցներում և համալսարաններում բարձր որակավորում ունեցող նվիրված մասնագետների աշխատանքը կարող է երիտասարդների մեջ սերմանել հետաքրքրություն և սեր գիտության հանդեպ և հատկապես ցույց տալ բնագիտական ոլորտների գրավչությունը աղջիկների համար։
Պրոֆեսորը համոզված է, որ այսպիսի գործընթացը կնպաստի նրան, որ առաջիկա 5–10 տարում Հայաստանում գիտության ոլորտում ավելանա հաջողակ կանանց թիվը, որոնք ոչ միայն կզբաղեցնեն բարձր պաշտոններ, այլև կարևոր դեր կունենան ռազմավարական որոշումների կայացման և գիտության առաջընթացի գործում։
Նշենք, որ Անահիտ Բալաբեկյանի գիտական գործունեությունը տարիների ընթացքում կենտրոնացած է եղել միջուկային ռեակցիաների և տարբեր էներգիաների պայմաններում դրանց փոխազդեցությունների ուսումնասիրության վրա։ Պրոֆեսոր Բալաբեկյանը ավելի քան 100 գիտական հոդվածների հեղինակ է, որոնցում ներկայացված հետազոտական արդյունքները կարևոր ներդրում են ունեցել միջուկային ֆիզիկայի ոլորտի զարգացման գործում։
Հավելենք, որ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը պրոֆեսոր Անահիտ Բալաբեկյանին վերջերս պարգևատրել է ԵՊՀ ոսկե մեդալով։ Բացի դրանից՝ պրոֆեսորը նաև արժանացել է «European Physical Journal» («EPJ») գիտական հեղինակավոր հանդեսի «2025 թ. նշանավոր գրախոս» («Distinguished Referee in 2025») կոչմանը։