- Main
- Node
- Գիտությունը կամրջում է Սփյուռքն ու Հայաստանը․ լիբանանահայ երիտասարդ հետազոտողը՝ ԵՊՀ-ում
August 15, 2025 | 13:50
Գիտություն
Կրթություն
Ուսանողական
Գիտությունը կամրջում է Սփյուռքն ու Հայաստանը․ լիբանանահայ երիտասարդ հետազոտողը՝ ԵՊՀ-ում
Ժնևի համալսարանի (Շվեյցարիա) շրջանավարտ Կալին Բոյաջյանը «Birthright Armenia» կամավորական ծրագրի շրջանակում միացել է ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի հետազոտական աշխատանքներին՝ ձեռք բերելու նոր հմտություններ և իր ներդրումն ունենալու գիտության ոլորտում։

Լիբանանահայ Կալինն այժմ Հայաստանում է «Birthright Armenia» ծրագրի շնորհիվ, որի շրջանակում աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ երիտասարդները ներգրավվում են կամավորական աշխատանքներում՝ Հայաստանում ապրելով ընդունող ընտանիքներում և աշխատելով իրենց մասնագիտությամբ։

«Երբ լսեցի ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի մասին, որոշեցի գալ Հայաստան և ծանոթանալ նշյալ լաբորատորիայում կատարվող հետազոտական աշխատանքներին։ Ուզում էի ոչ միայն սովորել նոր մեթոդներ, այլև համադրել դրանք արդեն իմ ունեցած փորձի հետ։ Այստեղ իմ աշխատանքը տարբերվում է Շվեյցարիայի աշխատանքից, և հենց դա է հետաքրքրում ինձ»,- պատմում է Կալինը։
Նա այժմ կատարում է մանրէաբանական գիտափորձեր և տարբեր ուսումնասիրություններ։ Թեև գիտական տերմինները հայերենով երբեմն դժվար են ընկալվում, Կալինը վստահեցնում է՝ թե՛ համալսարանում, թե՛ համալսարանից դուրս բոլորը պատրաստակամ են օգնելու իրեն այս և շատ այլ հարցերում։

«Ինձ շատ է դուր գալիս այստեղի ընկերական մթնոլորտը։ Լաբորատորիայում էլ բոլորը սերտորեն համագործակցում են, ինչը մեծ ուժ է տալիս աշխատանքի ընթացքում»,- ասում է նա։
ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի գիտաշխատող Լիանա Վանյանը, որն աշխատում է Կալինի հետ, մատնանշում է, որ կամավորը հետաքրքրված է հատկապես կենսաէներգետիկական հետազոտությամբ։
«Նա հետաքրքրասեր է, արագ է սովորում և միշտ առաջինն է ձեռնամուխ լինում կատարելու նոր գիտափորձեր։ Կալինը շատ ակտիվ է և ընդունակ»,- ընդգծում է Լ․ Վանյանը։
Կալինը կմնա Հայաստանում մինչև սեպտեմբերի կեսը։ Ինչպես ինքն է ասում, ուզում է այս ամիսները լիարժեք նվիրել նոր գիտելիքներ ձեռք բերելուն և հայրենիքի հետ կապի ամրապնդմանը։