- Գլխավոր
- Նորություններ
- Գիտություն առանց սահմանների. գիտական նոր համագործակցություն ԵՊՀ-ի և Բարիի համալսարանի միջև
Օգոստոս 11, 2025 | 15:15
Գիտություն
Հետազոտություն
Միջազգային համագործակցություն
Գիտություն առանց սահմանների. գիտական նոր համագործակցություն ԵՊՀ-ի և Բարիի համալսարանի միջև
ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող Անահիտ Շիրվանյանը ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Մասնագիտական վերապատրաստում-2025» ծրագրի շրջանակում եռամսյա հետազոտություն է կատարել Բարիի Ալդո Մորո համալսարանում (Իտալիա)։

Հետազոտությունը կատարվել է պրոֆեսոր Նիկոլետա Գուարագնելլայի ղեկավարությամբ, որի գիտական հետաքրքրությունների շրջանակում խմորասնկերի վրա սթրեսային գործոնների և ծերացման գործընթացների ուսումնասիրությունն է։ Անահիտ Շիրվանյանի հետազոտությունն ուղղված է եղել քացախաթթվային սթրեսի ազդեցության մեխանիզմների բացահայտմանը։ Ուսումնասիրվել են նաև ածխածնի տարբեր աղբյուրներից կախված սթրեսային արձագանքները և որոշվել է ֆերմենտների ակտիվությունը։

«Հետազոտության մի մասը կատարվել է Բարիի համալսարանում, իսկ որոշ մեթոդներ ներդրվել և զարգացվել են արդեն ԵՊՀ-ում։ Արդյունքները ներկայում ամփոփվում են հոդվածի տեսքով, որը նախատեսում ենք ուղարկել տպագրության միջազգային գրախոսվող ամսագրերից մեկում»,- պատմում է Անահիտ Շիրվանյանը։
Բարիի համալսարանում անցկացրած եռամսյա հետազոտությունն ընդգծել է նաև միջազգային համագործակցության կարևորությունը։ Ըստ ԵՊՀ գիտաշխատողի՝ հետազոտական խումբը ցույց է տվել մեծ պատրաստակամություն գիտելիքների և փորձի փոխանակման հարցում։
«Նրանց մոտեցումներն ու կիրառվող նոր մեթոդները մեծապես նպաստել են իմ մասնագիտական աճին։ Խումբն ունի տասնամյակների փորձ խմորասնկերի հետազոտության ոլորտում, իսկ ԵՊՀ-ում այս ուղղությամբ աշխատում ենք վերջին 3-4 տարում»,- մատնանշում է նա։

Գործուղման արդյունքում նախանշվել են համագործակցության նոր ուղիներ․ նախատեսվում են ուսանողների փոխայցելություններ «Էրազմուս+» ծրագրի շրջանակում, ինչպես նաև համատեղ այլ հետազոտություններ։ Բացի դրանից՝ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Բարիի համալսարանի ասպիրանտներից մեկը այցելի ԵՊՀ՝ վեցամսյա վերապատրաստման։
«Այսօրինակ ծրագրերը շատ կարևոր են հատկապես երիտասարդ գիտնականների համար։ Դրանք հնարավորություն են տալիս ոչ միայն նոր գիտելիք ու հմտություններ ձեռք բերելու, այլև համալսարանը ներկայացնելու միջազգային գիտական հանրությանը և զարգացնելու գիտության ոլորտը Հայաստանում»,- ընդգծում է Անահիտ Շիրվանյանը։