- Main
- Node
- Քննարկվել են իրավաբանական կրթության և հետազոտության զարգացման հեռանկարները․ ԵՊՀ-ում էր Գրանտ Հանեսյանը
September 04, 2025 | 15:54
Գործընկերներ
Միջազգային համագործակցություն
Քննարկվել են իրավաբանական կրթության և հետազոտության զարգացման հեռանկարները․ ԵՊՀ-ում էր Գրանտ Հանեսյանը
Երևանի պետական համալսարան էր այցելել Նյու Յորքում գործող անկախ արբիտր, միջազգային ներդրումային և բարդ առևտրային վեճերի կարգավորման ոլորտներում հայտնի մասնագետ Գրանտ Հանեսյանը։ Այցի շրջանակում նա հանդիպում ունեցավ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ։

Գրանտ Հանեսյանը՝ որպես հրավիրյալ դասախոս, դասավանդում է նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական կրթական ծրագրում։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ակադեմիական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական ծրագրի ղեկավար Եղիշե Կիրակոսյանը, իրավագիտության ֆակուլտետի դեկան Հարություն Խաչիկյանը և Գրանտ Հանեսյանը քննարկեցին միջազգային արբիտրաժի և իրավագիտության ոլորտներում համագործակցության հնարավոր ուղիները, ինչպես նաև ոլորտի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները։

Խոսելով համալսարանի գործունեության հիմնական ուղղությունների մասին՝ ԵՊՀ ռեկտորը ներկայացրեց միջազգային համագործակցության ծրագրերը, ինչպես նաև ուսանողներին ու երիտասարդ գիտնականներին ընձեռվող հնարավորությունները։ Հովհաննես Հովհաննիսյանը խոսեց նաև «ԵՊՀ բարեկամներ» հիմնադրամի, ներքին դրամաշնորհների, կրթական ծրագրերի միջազգային հավատարմագրումների, տարբեր երկրների համալսարանների հետ միջազգային համագործակցությունների, ինչպես նաև ակադեմիական փոխանակման ծրագրերի մասին։
«Ուրախ եմ, որ այսօր հնարավորություն ունեցանք հանդիպելու և քննարկելու մեր համագործակցությունը: Հուսով եմ, որ մեր գործակցությունը կլինի շարունակական»,- ասաց ԵՊՀ ռեկտորը։
Պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը նշեց, որ «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական ծրագիրն ունի մեծ ներուժ ոչ միայն հետազոտական ոլորտի զարգացումը խթանելու, այլև «զինելու» սկսնակ մասնագետներին: Ըստ նրա՝ կրթական ծրագիրը, ուղղված լինելով որոշակի խնդիրների ուսումնասիրմանը, կարևոր դերակատարում ունի հետազոտության և կրթության միջև կապի ամրապնդման գործում։
«Ակադեմիական մակարդակում անհրաժեշտություն կա տպագրելու հետազոտական հոդվածներ, որոնք անդրադառնում են հստակ խնդիրների։ Այս առումով, կարծում եմ, այս կրթական ծրագիրը և համապատասխան ամբիոնը կարող են ծառայել որպես բարենպաստ հարթակ նշյալ նպատակն իրագործելու համար»,- շեշտեց նա։

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Հարություն Խաչիկյանը կարևորեց Գրանտ Հանեսյանի ներդրումը իրավաբանական կրթության զարգացման գործում՝ ընդգծելով, որ նրա փորձառությունը և ներգրավվածությունը կրթական ծրագրում ոչ միայն հարստացնում են ուսումնական գործընթացը, այլև խթանում կրթության և պրակտիկ իրավունքի միջև կապի ձևավորումը։
«Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական ծրագրի ղեկավար Եղիշե Կիրակոսյանը նշեց, որ բարեփոխումներ են կատարվում ուսումնական բաղադրիչների և պրոֆեսորադասախոսական կազմի աշխատանքի ուղղությամբ՝ նպատակ ունենալով ծրագիրն առավել գրավիչ դարձնելու նաև օտարերկրյա ուսանողների համար։
Հանդիպմանը ներկա էր նաև մագիստրոսական ծրագրի շրջանավարտ Սերգեյ Բերբերյանը։ Նա, կարևորելով կրթական ծրագրի արդյունավետությունը, մատնանշեց, որ իր համար մեծ պատիվ է լինել այս ծրագրի շրջանավարտը՝ ստանալով բարձրակարգ ակադեմիական կրթություն, աշխատելով առաջատար մասնագետների և պրոֆեսորների հետ։
«Արբիտրաժային դատավարությունները և իրավունքը զարգանում են ամեն օր և ունեն ռազմավարական նշանակություն։ Վստահ եմ, որ Գրանտ Հանեսյանի ներգրավվածությունն այս գործընթացում նկատելի է թե՛ ուսանողների, թե՛ ոլորտի մասնագետների կողմից։ Նրա աջակցությունը և մասնագիտական ներկայությունը բարձրացնում են ինչպես կրթական ծրագրի, այնպես էլ ամբողջ իրավաբանական կրթության որակը»,- ընդգծեց ԵՊՀ շրջանավարտը։
Հանդիպման ավարտին ԵՊՀ ռեկտորը հյուրին նվիրեց Զապել Եսայանի անվան հուշամեդալ՝ որպես խորհրդանիշ Երևանի պետական համալսարանի և նրա միջև ձևավորված նոր ու երկարաժամկետ բարեկամության։