- Գլխավոր
- Նորություններ
- Կարիերայի հնարավորություն աշխարհի ամենադինամիկ տեխնոլոգիական լանդշաֆտներից մեկում. երկշաբաթյա անվճար դասընթաց ԵՊՀ-ում
Սեպտեմբեր 04, 2025 | 16:11
Գիտություն
Կարիերա
Կրթություն
Կարիերայի հնարավորություն աշխարհի ամենադինամիկ տեխնոլոգիական լանդշաֆտներից մեկում. երկշաբաթյա անվճար դասընթաց ԵՊՀ-ում
ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում տեղի ունեցավ Եվրոպայի ամենամեծ տեխնոլոգիական ընկերության՝ SAP-ի «Training Program at YSU» դասընթացի մեկնարկային հանդիպումը: Բիզնես-գործընթացների կառավարման մեջ մասնագիտացած ընկերությունը լավագույն կարիերայի հնարավորություն է ստեղծում ինչպես Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի, այնպես էլ այլ ֆակուլտետների ուսանողների և սկսնակ մասնագետների համար:

Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում SAP ուսումնական ծրագրի անդրանիկ հանդիպման ընթացքում մասնակիցները ծանոթացան SAP-ի կողմից առաջարկվող կարիերայի հնարավորություններին՝ սկսած բիզնես-վերլուծությունից մինչև բիզնես-մշակում և բիզնես-խորհրդատվություն։

ԵՊՀ ԻԿՄ շրջանավարտ, տարածաշրջանային SAP պատվիրակ Ծովինար Չուքասզյանի խոսքով՝ SAP-ին աշխարհի առաջատար ձեռնարկությունների ծրագրային ապահովման մատակարարն է, որն օժանդակում է տարբեր ոլորտների կազմակերպություններին՝ կառավարելու կարևորագույն բիզնես-գործընթացներ։ SAP տեխնոլոգիաների միջոցով են կառավարվում համաշխարհային այնպիսի հսկաների ծրագրեր, ինչպիսիք են «Google»-ը, «Microsoft»-ը և ոչ միայն:
Բիզնես-գործընթացների կառավարման մեջ մասնագիտացած եվրոպական SAP-ին, համագործակցելով ավելի քան 113 երկրների 3.500 համալսարանների հետ, ուսանողներին առաջարկում է կրթական ծրագրեր, դասընթացներ և սերտիֆիկատներ (SAP Learning, openSAP), անվճար առցանց կրթական հարթակներ, պրակտիկա և երիտասարդ աշխատակիցների ծրագրեր (SAP Early Talent Programs), մասնակցություն հաքաթոններին, մրցույթներին և միջազգային նախագծերին, միջազգային թիմերում հեռավար աշխատանքի հնարավորություն: SAP-ին ստեղծում է բարենպաստ միջավայր կարիերայի զարգացման համար ՏՀՏ, վերլուծության, ծրագրավորման, նախագծերի կառավարման և խորհրդատվական ոլորտներում։ Բիզնեսի համար SAP-ին առաջարկում է բիզնես-գործընթացների ավտոմատացում և ինտեգրում, արտադրողականության բարձրացում և ծախսերի նվազեցում, հաճախորդների սպասարկման որակի բարելավում, ճկունություն, տվյալների անվտանգություն և համապատասխանություն միջազգային չափանիշներին:
Հայաստանում SAP տեխնոլոգիաներ կիրառվում են հիմնականում առևտրի ոլորտում, սակայն այժմ քայլեր են ձեռնարկվում կիբեռանվտանգության ոլորտում ևս ամրապնդվելու ուղղությամբ: ՀՀ-ում մեծամասշտաբ SAP ծրագրերի իրականացմանը խոչընդոտում է մասնագետների զգալի պակասը, որի լրացմանն էլ միտված են նմանօրինակ դասընթացները:
«Երկշաբաթյա դասընթացն անցկացվելու է առցանց ձևաչափով, որը կվարեն աշխարհի տարբեր երկրների միջազգային փորձագետներ: Դասընթացի ընթացքում ուսանողներն ու սկսնակ մասնագետները հնարավորություն կունենան ուսումնասիրելու ժամանակակից SAP տեխնոլոգիաներն ու ծանոթանալու SAP էկոհամակարգում առկա համաշխարհային կարիերայի հնարավորություններին:
Ծրագրի ընթացքում մասնակիցներն ընդհանուր պատկերացում կկազմեն ինչպես SAP պորտֆոլիոյի մասին, այնպես էլ SAP բիզնես-վերլուծաբանի, բիզնես-մշակողի, «DevOps»-ի և այլնի կարիերայի ուղիների վերաբերյալ: Մասնակիցներն անվճար հիմունքներով մուտք կունենան SAP-ի գլոբալ ուսումնական առաջարկներին, կսովորեն, թե ինչպես ստանալ պաշտոնական SAP հավաստագիրն անվճար: Այս ամենից զատ՝ կուսումնասիրենք, թե ինչպես SAP ոլորտում ապահովել աշխատանք թե՛ հեռավար (համագործակցություն արտասահմանյան ընկերությունների հետ), թե՛ տեղում (հայ գործատուների հետ)»,- նշեց Ծ. Չուքասզյանը:

Զուգահեռաբար կներկայացվեն ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների և խորհրդատվական ոլորտի գործատուները, որոնք կմատնանշեն իրական ուղիներ SAP-ում կարիերա սկսելու համար։ Գործնական գիտելիքներից բացի՝ լավագույն ուսանողներին կառաջարկվի պրակտիկա տեղական կազմակերպություններում, այդ թվում՝ «ACBA Bank»-ում, «EPAM»-ում, «Axellect»-ում, «AKNA Tech»-ում և այլուր։
Ճանաչողական հանդիպման ընթացքում ելույթ ունեցան նաև հրավիրյալ բանախոսներ
«AKNA Tech»-ի բիզնեսի զարգացման ղեկավար Նարինե Խարազյանը, ծրագրային ապահովման ինժեներ Արամազդ Հովհաննիսյանը (ազատ մասնագետ SAP-ի գլխավոր գրասենյակում՝ Վալդորֆում, Գերմանիա) ներկայացրին, թե ինչպես մուտք գործել SAP խորհրդատվական էկոհամակարգ և ապահովել ազատ պաշտոններ առաջատար միջազգային կազմակերպություններում։
«Axellect UAE»-ի բիզնեսի զարգացման ղեկավար Արտաշես Կրաջյանը, հանդիպմանը մասնակցելով Դուբայի գրասենյակից առցանց տարբերակով, իր հերթին հանդես եկավ բանախոսությամբ, որը վերաբերում էր «Axellect»-ի տրամադրած ամբողջական ՏՏ խորհրդատվական և թվային փոխակերպման լուծումներին: Զեկուցողը ներկայացրեց ընկերության և ուսանողների համար նախատեսված նախաձեռնությունները:
Ծրագրի շրջանակում մասնակից ԵՊՀ դասախոսներին ևս անվճար հնարավորություն կընձեռվի մասնակցելու դասընթացների և դառնալու սերտիֆիկացված մասնագետներ:
Նախաձեռնությունը ղեկավարում են «IT Park Business Center»-ը և «AgentPark LLC»-ն:
Ծրագրին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել մինչև ս.թ. սեպտեմբերի 15-ը:
Դասընթացի աշխատանքային լեզուն անգլերենն է:
Ընկերության պատմությունից
SAP SE (Systems, Applications and Products in Data Processing) Եվրոպայի խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունն է, որը հիմնադրվել է 1972 թվականին Գերմանիայի Վալդորֆ քաղաքում՝ IBM-ի նախկին հինգ աշխատակիցների՝ Դիտմար Հոպպի, Հանս-Վերներ Հեկտորի, Կլաուս Չիրայի, Հասսո Պլատների և Կլաուս Վելենրոյտերի կողմից։
Նրանց գաղափարն էր ստեղծել ընդհանուր օգտագործման ծրագրային լուծում, որը թույլ կտար ձեռնարկություններին իրական ժամանակում վերլուծել ու կառավարել տեղեկատվությունը։ Այսպես ստեղծվեց առաջին ERP համակարգը՝ SAP R/1-ը, որին հաջորդեցին SAP R/2-ը և SAP R/3-ը՝ հիմք դնելով ձեռնարկությունների ռեսուրսների կառավարման նոր ստանդարտի՝ ERP-ի։
Այսօր SAP-ն համաշխարհային առաջատար է կորպորատիվ ծրագրային ապահովման ոլորտում, ներկայացված է ավելի քան 180 երկրներում։
Վերջին տարիներին SAP-ին ստեղծում է նաև արտադրանքներ, որոնք նախատեսված են փոքր և միջին բիզնեսների համար։ Գոյություն ունեն բիզնեսի բազմաթիվ մոդելներ, որոնք կարող են օգտագործել SAP համակարգը։ Մասնավորապես այն լավագույն համակարգն է, որը կարող են օգտագործել այն կազմակերպությունները, որոնք բիզնեսում իրականացանում են «ամբողջական շղթա»՝ պլանավորումից մինչև վաճառք և ֆինանսական հաշվետվություններ։