ԵՊՀ պատմության ֆակուլտետն այս տարի ևս համալրվել է բարձր արդյունքներով ընդունված ուսանողներով։ Ֆակուլտետը մշտապես եղել է հեղինակավոր կրթական միջավայր, որտեղ տարբեր դպրոցներից եկող դիմորդները հնարավորություն են ստանում զարգացնելու իրենց գիտելիքներն ու հմտությունները։
Բարձր միավորներով Պատմության ֆակուլտետ ընդունված առաջինկուրսեցիները ևս մեկ անգամ փաստում են ֆակուլտետի կրթական ծրագրերի մրցունակությունը։ Ուսանողների տպավորություններն ու սպասումները պարզելու նպատակով զրուցել ենք նրանցից մի քանիսի հետ։
«Արվեստաբանության» բաժնի ուսանող Գալյա Գասպոյանը նշում է, որ ուսուցիչներն են ոգեշնչել իրեն՝ ընտրելու այս մասնագիտությունը. «Նպատակս էր պեղել ու փրկել հայ արվեստի մասունքները. այդ նպատակով էլ ընտրեցի այս ֆակուլտետը»:
Ուսանողի համար արվեստաբանությունը ոչ միայն մասնագիտություն է, այլև ապրելակերպ։ Նա ընդգծում է, որ այն ձևավորում է ճաշակ և հնարավորություն տալիս ամեն օր շփվելու գեղեցիկի հետ։ Գալյան կարևորում է այն հնարավորությունը, որ ֆակուլտետում կարող է շփվել կրթված և գիտակից մարդկանց հետ:

Ապագա արվեստաբանը խորհուրդ է տալիս դիմորդներին ընտրել այս մասնագիտությունը միայն սրտի թելադրանքով, քանի որ այն պահանջում է սեր և ուժերի լարում։
Կարինա Մանասյանի համար «Մշակութաբանությունն» այն մասնագիտությունն է, որը հնարավորություն է տալիս ուսումնասիրելու ոչ միայն անցյալը, այլև հասկանալ՝ ինչպես են ձևավորվում ներկան ու ապագան։
«Այդ գաղափարը ոգեշնչեց խորությամբ ուսումնասիրելու մշակույթի բազմաշերտությունը: Կարծում եմ՝ մշակութաբանությունը պիտի դառնա իմ մասնագիտական ճանապարհը՝ այս կամ այն տեսանկյունից աշխարհի վերաբերյալ համապարփակ ընկալում ձևավորելու համար: Եթե սիրում եք ուսումնասիրել մարդկանց ստեղծած արժեքները, հետաքրքրվում եք մեզ հասած հոգևոր ու նյութական ժառանգությամբ, ապա այս մասնագիտությունը ձեզ համար է»,- ապագա դիմորդներին խորհուրդ է տալիս Կարինան։
Սյուզի Ղազարյանը, ով ընտրել է «Կովկասագիտություն» մասնագիտությունը, անկեղծորեն խոստովանում է, որ նախկինում իրեն երբեք չի պատկերացրել Պատմության ֆակուլտետում։ Սակայն հայոց պատմության և տարածաշրջանի հանդեպ հետաքրքրությունը նրան բերեցին այստեղ, ինչի համար ուսանողը շատ ուրախ է։
Խոսելով մասնագիտության մասին՝ նա ընդգծում է. «Այն պատկերացումներ է տալիս մեր հարևան երկրների պատմության, նրանց զարգացման, դիրքի, մշակույթի մասին։ Սովորում ենք տարածաշրջանի երկու լեզուներ՝ վրացերեն, ադրբեջաներեն: Այս ամենը հնարավորություն է տալիս առավել խորությամբ ուսումնասիրելու աղբյուրները, վերլուծելու քաղաքական իրավիճակը, կանխատեսելու հետագա ընթացքը, տեսնելու տնտեսական հնարավորությունները»։

Պատմության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Մովսիսյան Լիլիթը մասնագիտության ընտրությունը պայմանավորում է ազգային ինքնության պահպանման գաղափարով. «Կարևորելով մշակույթը, պատմությունը և ազգային գաղափարախոսությունները, որոնք մեր ինքնության պահպանման առանցքն են, որոշեցի ուսումնասիրել պատմական գիտությունները։ Ընտրեցի «Հնագիտություն և ազգագրություն» մասնագիտությունը, որը, իմ կարծիքով, առավել լայն հնարավորություններ է ստեղծում այդ գաղափարների արժևորման և պահպանման համար»։
Խոսելով մասնագիտական հնարավորությունների մասին՝ Լիլիթը հավելում է. «Հնագիտությունը և ազգագրությունը չափազանց հետաքրքիր և հեռանկարային են։ Մասնագիտության ուսումնասիրության առարկան մարդն է՝ իր բազմազան դրսևորումներով և առհասարակ այն ամենով, ինչը կապված է մարդու հետ»։
Բակալավրի «Պատմություն» բաժնի ուսանող Շահանե Հակոբյանը պատմում է, որ պատմաբանի մասնագիտությունն ընտրել է դեռ 7-րդ դասարանում՝ պատմության նկատմամբ իր մեծ հետաքրքրության շնորհիվ։
«Դպրոցական տարիներին շատ եմ սիրել և լավ եմ սովորել հայրենիքիս պատմությունը: Ընթացքում ցանկություն առաջացավ ավելի խոր ուսումնասիրել այն՝ հետագայում իմ ներդրումն ունենալու մեր երկրի զարգացման գործընթացում»,- նշում է նա։
Շահանեն ընդգծում է պատմության կարևորությունը՝ նշելով, որ այն օգնում է հասկանալու տարբեր երկրների անցած ճանապարհը, պատերազմական իրավիճակները և ճգնաժամերը, ինչպես նաև դրանցից դուրս գալու ելքերը։ Այս գիտելիքները, ըստ նրա, հնարավորություն են տալիս ապագայում ձեռնարկելու ճիշտ քայլեր՝ անցյալի սխալներից խուսափելու նպատակով։
Նոր դիմորդներին Շահանեն խորհուրդ է տալիս սովորել և պայքարել իրենց երազանքին հասնելու համար՝ շատ սիրելով ընտրած մասնագիտությունը՝ անկախ դժվարություններից։
Պատմության ֆակուլտետը շարունակում է մնալ այն կրթական միջավայրը, որտեղ ձևավորվում են տարբեր ոլորտներում պահանջված և մրցունակ մասնագետներ։