- Main
- Node
- Գիտությունը՝ նոր ձևաչափով․ ԵՊՀ-ում մեկնարկել է փոդքասթների շարք
April 10, 2026 | 17:31
Հասարակություն
Ուսանողական
Գիտությունը՝ նոր ձևաչափով․ ԵՊՀ-ում մեկնարկել է փոդքասթների շարք
ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ և Կոնդենսացված վիճակի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արշակ Վարդանյանի աջակցությամբ մեկնարկել է «Նանոֆիզիկա և նանոտեխնոլոգիաներ» խորագրով փոդքասթների շարքը։ Նախաձեռնության նպատակն է գիտությունը ներկայացնել առավել հասանելի և հետաքրքիր ձևաչափով՝ ընդգծելով, որ այն ոչ միայն բարդ բանաձևերի և լաբորատոր հետազոտությունների ամբողջություն է, այլև մտածողության յուրահատուկ ձև, հարցադրումների մշակույթ և բացահայտումների շարունակական գործընթաց։
Փոդքասթների շրջանակում անդրադարձ է կատարվում ֆիզիկայի արդիական ոլորտներին և կարևոր թեմաներին։ Հյուրերը ներկայացնում են իրենց մասնագիտական ուղին՝ խոսելով գիտության ընտրության շարժառիթների, հանդիպած դժվարությունների, ձեռքբերումների և ներկայիս գործունեության մասին՝ միաժամանակ ընդգծելով գիտնականի աշխատանքի կարևորությունը հասարակության զարգացման գործում։
Նախաձեռնությունն ուղղված է ոչ միայն ուսանողներին և գիտնականներին, այլև աշակերտներին, որոնք հետաքրքրված են գիտությամբ կամ դեռևս մասնագիտական կողմնորոշման փուլում են։ Այն հնարավորություն է տալիս խորքային քննարկումների միջոցով ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները և ձևավորելու գիտության վերաբերյալ սեփական պատկերացումները։
Փոդքասթի առաջին հյուրը պրոֆեսոր Արշակ Վարդանյանն էր։ Զրույցի ընթացքում նա ներկայացրեց իր գիտական ուղին և հետազոտական հետաքրքրությունների շրջանակը՝ անդրադառնալով ֆիզիկայի դերին, առավել հետաքրքիր ուղղություններին և ինստիտուտում իրականացվող կրթական ծրագրերին։
Արշակ Վարդանյանն ընդգծեց, որ ֆիզիկան փորձարարական և բազմաշերտ գիտություն է, սակայն ոլորտում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ունենալ հիմնարար գիտելիքներ, որոնց հիման վրա հնարավոր է կատարել բարդ և կարևոր գիտափորձեր։
Փոդքասթի մասին տեսանյութը՝ շուտով։