- Main
- Node
- Մոտենում է ԵՊՀ շրջանավարտների ֆորումը․ ի՞նչ սպասել և ինչո՞ւ մասնակցել
May 12, 2026 | 10:00
Կրթություն
Հասարակություն
Միջոցառումներ
Մոտենում է ԵՊՀ շրջանավարտների ֆորումը․ ի՞նչ սպասել և ինչո՞ւ մասնակցել
Մայիսի 16-ին՝ Երևանի պետական համալսարանի հիմնադրման օրը, մայր բուհը կրկին կդառնա տարբեր սերունդների շրջանավարտների հանդիպման, գաղափարների փոխանակման և նոր համագործակցությունների ձևավորման հարթակ։ ԵՊՀ շրջանավարտների ֆորումը այս տարի ներկայանալու է նոր՝ ավելի ինտերակտիվ ձևաչափով՝ համադրելով մասնագիտական քննարկումները, փորձի փոխանակումն ու ոչ ֆորմալ շփման միջավայրը։ Սպասվող ֆորումի ձևաչափային նորությունների, քննարկումների թեմաների և ԵՊՀ համայնքի համար նախաձեռնության կարևորության մասին զրուցել ենք ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Աստղիկ Մնացականյանի հետ։
Մասնագիտական քննարկումներ, հաջողության պատմություններ և նոր կապեր ձևավորելու հնարավորություններ․ այս ձևաչափով է օրեր անց անցկացվելու ԵՊՀ շրջանավարտների ֆորումը։ Շրջանավարտների բանախոսություններից մինչև դինամիկ «ԶրուցԱրագ» հանդիպումներ․ ֆորումը միավորելու է փորձը, նոր գաղափարներն ու համալսարանական համայնքը։ Թե ինչ է սպասվում այս տարի, պատմում է Աստղիկ Մնացականյանը։
- Ինչո՞վ է ԵՊՀ շրջանավարտների այս տարվա ֆորումը տարբերվելու նախորդ տարվա ֆորումից, և ինչո՞ւ արժե մասնակցել։
- Ֆորումի նպատակն է մայր բուհը կրկին դարձնել հանդիպման, վերամիավորման ու նոր կապերի ձևավորման հարթակ տարբեր սերունդների շրջանավարտների համար։ Հենց այս գաղափարով էլ այս տարի միջոցառումն անցկացվելու է ավելի ինտերակտիվ և մասնակցային ձևաչափով։ Ի տարբերություն նախորդ տարվա՝ այս տարի ֆորումի ընթացքում նախատեսված են ինչպես թեմատիկ պանելային քննարկումներ, այնպես էլ ոչ ֆորմալ հաղորդակցության ձևաչափեր, որոնք հնարավորություն կտան մասնակիցներին ծանոթանալու, մտքեր փոխանակելու և տարբեր սերունդների ու մասնագիտությունների շրջանավարտների միջև ձևավորելու նոր համագործակցություններ և իրական կապեր։
Օրվա ավարտին նախատեսվում է նաև կոնցեպտուալ կոկտեյլ-բար և «In Vino Veritas» սիմպոզիումը՝ մեկ գավաթ գինու կամ կոկտեյլի շուրջ տարբեր թեմաներով ազատ քննարկման համար։
- Ֆորումի կարևոր նպատակներից մեկը ԵՊՀ-շրջանավարտ կապի ամրապնդումն է․ ի՞նչ նոր գործիքներ կամ նախաձեռնություններ են նախատեսվում՝ այս կապը ոչ միայն խորհրդանշական, այլև գործնական ու շարունակական դարձնելու համար։
- Այս տարվա ֆորումի կարևոր բաղադրիչներից են «ԵՊՀ–համայնք համագործակցություն» խորագրով թեմատիկ 4 քննարկումները, որոնք անցկացվելու են կրթության, գիտության, ենթակառուցվածքների և հանրային պատասխանատվության ուղղություններով։
Քննարկումների նպատակն է հասկանալ, թե գործնական ինչ համագործակցություն կարող է ձևավորվել ԵՊՀ-ի և շրջանավարտների համայնքի միջև, ինչ խնդիրներ կան այսօր և ինչ ռեսուրսներ են անհրաժեշտ դրանք լուծելու համար։
Մասնակիցների հետ միասին փորձելու ենք պատասխանել մի քանի հիմնարար հարցերի․
Ի՞նչ կարող է ԵՊՀ-ն տալ իր շրջանավարտներին։
Ի՞նչ կարող են շրջանավարտները տալ համալսարանին։
Ի՞նչ ռեսուրսներ են անհրաժեշտ և որտեղի՞ց գտնել դրանք։
Ինչպե՞ս այդ համագործակցությունը դարձնել կայուն, շարունակական և ինստիտուցիոնալ։
Քննարկումները մոդերացնելու են Հայ սոցիոլոգների ասոցիացիայի մասնագետները։ Քննարկումների ամփոփման հիման վրա պատրաստվելու է զեկույց, որը հիմք կծառայի երկարաժամկետ գործողությունների և գործընթացների ինստիտուցիոնալացման համար։
Բացի թեմատիկ քննարկումներից՝ այս տարի նախատեսվում են նաև մասնակցային ձևաչափեր, որոնք նպատակ ունեն շրջանավարտ–ԵՊՀ կապը դարձնելու ավելի անձնական և գործնական։
Նոր ձևաչափ է «Երազում եմ → Պլանավորում եմ → Հանձնառում եմ» նախաձեռնությունը։ Մասնակիցները հնարավորություն կունենան ձևակերպելու, թե ինչպես են պատկերացնում ԵՊՀ-ն ապագայում, ինչ ներդրում կարող են ունենալ իրենք և ինչ կոնկրետ քայլեր են պատրաստ կատարելու առաջիկա մեկ տարվա ընթացքում։
Միջոցառման ավարտից հետո գրառումները մասնակիցներին կուղարկվեն էլեկտրոնային տարբերակով՝ որպես անձնական հանձնառության հիշեցում։
Բացի դրանից՝ նախատեսվում է համատեղ վարպետաց դաս ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ գործակցությամբ՝ հուշանվերների ստեղծման ձևաչափով։
- Այս տարի ևս օրակարգում առանձնահատուկ տեղ ունեն պանելային քննարկումները։ Ի՞նչ սկզբունքով են ընտրվել քննարկումների թեմաները։
- Այս տարվա ֆորումի օրակարգում ներառված են չորս հիմնական պանելային քննարկումներ, որոնց շրջանակում անդրադարձ է կատարվելու տարբեր, բայց փոխկապակցված թեմաների՝
հայագիտության զարգացման ժամանակակից հեռանկարներին,
«CoP-17»-ի շրջանակում Հայաստանի և ակադեմիական համայնքի դերակատարությանը,
ժամանակակից աշխարհում կրթության փոխակերպումներին,
ԵՊՀ-ի՝ նորարարական էկոհամակարգ դառնալու և այդ ամենում ԱԲ տեխնոլոգիաների դերակատարման ու հնարավորություններին, ինչպես նաև առկա մարտահրավերներին։
Թեմաների ընտրությունը պայմանավորված է ինչպես ԵՊՀ 2025-2030 ռազմավարական առաջնահերթություններով, այնպես էլ համալսարանի՝ մի շարք ոլորտներում համակարգող և օրակարգ ձևավորող դերակատարությամբ։
- Ֆորումը նաև հարթակ է հաջողության պատմությունների ներկայացման համար։ Ձեր դիտարկմամբ՝ ինչո՞ւ է կարևոր, որ ներկայիս ուսանողներն ու նորավարտները լսեն ԵՊՀ շրջանավարտների մասնագիտական ճանապարհի մասին։
- Կարծում եմ՝ շրջանավարտների հաջողության պատմությունները ուսանողների համար դառնում են ոչ միայն գիտելիքի աղբյուր, այլև հնարավորություն՝ սովորելու դերային օրինակ հանդիսացող մարդկանցից (role-models), ծանոթանալու նրանց փորձառությանն ու անցած ճանապարհին և իրականում տեսնելու, թե համալսարանական տարիներից սկսած՝ կրթությունն ու նախաձեռնողականությունը ինչպես կարող են վերածվել մասնագիտական մեծ ձեռքբերումների։ Ուսանող–շրջանավարտ կապի ամրապնդման նպատակով այս տարի շարունակվելու է նաև նախորդ տարի հաջողությամբ իրականացված «Շրջանավարտների բանախոսություններ» ձևաչափը, որի ընթացքում հաջողության հասած շրջանավարտները «TEDTalk»-ային կարճ ելույթներով պատմում են իրենց փորձի և մասնագիտական ճանապարհի մասին։
Նոր ձևաչափերից մեկի՝ «ՀարցՈՒՓորձ»-ի շրջանակում էլ շրջանավարտները կմասնակցեն ինքնահարցազրույցների՝ ավելի անձնական և անկեղծ խոսելով իրենց ընտրությունների, սխալների, մարտահրավերների և հաջողությունների մասին։ Միաժամանակ, այս տարի առաջին անգամ անցկացվելու է «ԶրուցԱրագ»-ը՝ կարճ և դինամիկ հանդիպումների շարք, որտեղ ուսանողները և շրջանավարտները, պարբերաբար փոխելով զրուցակիցներին, հնարավորություն կունենան քննարկելու կարիերայի հնարավորությունները, մասնագիտական փորձը և նոր կապեր ձևավորելու ուղիները։ Այս ձևաչափը նպատակ ունի ապահովելու փորձի փոխանակում շրջանավարտների և ուսանողների միջև դինամիկ ու անկաշկանդ միջավայրում։
- ԵՊՀ շրջանավարտների ֆորումն արդեն ավանդույթ է դարձել։ Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս է այս նախաձեռնությունը փոխում համալսարանական համայնքի մշակույթը և ինչպիսի՞ երկարաժամկետ ազդեցություն կարող է ունենալ ԵՊՀ զարգացման վրա։
- Կարծում եմ՝ նման նախաձեռնություններն աստիճանաբար փոխում են համալսարանական համայնքի մշակույթը՝ դարձնելով այն ավելի բաց, համագործակցային և համակողմանի ներգրավվածության վրա հիմնված։ Եթե նախկինում շրջանավարտ–համալսարան կապը հաճախ ավարտվում էր դիպլոմ ստանալու պահից, ապա այսօր ձևավորվում է ավելի երկարաժամկետ և գործընկերային մոդել, որտեղ շրջանավարտը կարող է լինել ոչ միայն հիշողության կրող, այլև համալսարանի զարգացման ակտիվ մասնակից։
Երկարաժամկետ առումով սա կարող է նպաստել ավելի ուժեղ մասնագիտական ցանցերի ու նոր համագործակցությունների ձևավորմանը, համայնքային կապերի ամրապնդմանը, գիտակրթական և մասնագիտական ռեսուրսների փոխանակմանը և ապահովել երկարաժամկետ աջակցություն ԵՊՀ ռազմավարական զարգացմանը։
Ավարտելով զրույցը՝ Աստղիկ Մնացականյանը նշում է, որ շրջանավարտների ֆորումը պարզապես միջոցառում չէ, այլ համայնք ձևավորելու և ԵՊՀ–շրջանավարտ կապը նոր մակարդակի հասցնելու հնարավորություն։ Նրա խոսքով՝ ֆորումը միավորում է տարբեր սերունդների, փորձի ու մասնագիտությունների տեր մարդկանց՝ ստեղծելով միջավայր, որտեղ համալսարանական հիշողությունները վերածվում են նոր գաղափարների, համագործակցությունների և ապագային միտված նախաձեռնությունների։
Միացե՛ք ԵՊՀ շրջանավարտների ֆորումին՝ վերադառնալու մայր բուհ, հանդիպելու տարբեր տարիների շրջանավարտների, լսելու ոգեշնչող պատմություններ և դառնալու նոր գաղափարների ու համագործակցությունների ձևավորման մի մասը։ Գրանցվելու համար սեղմել այստեղ։