Պատմության ֆակուլտետում «Պատմության ազգային և գլոբալ չափումները․ հայոց փորձառությունը» հետազոտական խմբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ գիտական քննարկումների և բանախոսությունների շարքի հերթական՝ երրորդ հանդիպումը։ «Հիշողություն և ճգնաժամ․ հնարավո՞ր է պատմականացնել անցյալը» թեմայով զեկուցմամբ հանդես եկավ պ․գ․թ․, դոցենտ Սմբատ Հովհաննիսյանը։
Բանախոսության առանցքում հիշողության, ճգնաժամի և պատմականացման փոխհարաբերությունների տեսական ու մեթոդաբանական քննությունն էր։ Զեկուցման հիմնական նպատակը բացահայտելն էր, թե ինչպիսի մեխանիզմներով է անցյալը վերածվում պատմական պատումի՝ վկայության, արխիվի, ժամանակային վերակառուցման և հաստատութային հիշողության փոխազդեցությունների միջոցով։
Սմբատ Հովհաննիսյանը շեշտադրեց, որ «պատմականացում» եզրույթը տվյալ հետազոտական համատեքստում չի դիտարկվում որպես պատմագրության բնական ընթացք, այլ որպես ակտիվ գործընթաց, որի միջոցով մասնատված, ցավոտ և հաճախ վիճարկվող հիշողությունը փոխակերպվում է ինստիտուցիոնալորեն հաստատված պատմական պատումի (նարատիվի)։ Այս համատեքստում ճգնաժամը ներկայացվեց որպես լեզվական, սոցիալական և փորձառական խզումների ամբողջություն, որը խաթարում է անցյալի և հիշողության շարունակականությունը։
Բանախոսը, անդրադառնալով Պոլ Ռիկյորի հիշողության ֆենոմենոլոգիային, նշեց, որ անցյալի ճանաչողությունը ձևավորվում է վկայության և պատմական պատումի փոխազդեցության միջոցով։ Նրա խոսքով՝ ճգնաժամային պայմաններում կենդանի վկայությունը դառնում է խոցելի՝ ենթարկվելով մոռացության, խեղաթյուրման և քաղաքական շահարկումների։ Սմբատ Հովհաննիսյանը շեշտեց նաև Ռիկյորի «արդար հիշողության» գաղափարը՝ որպես էթիկական պարտավորություն՝ պահպանելու տուժածների հիշողությունը և չթույլատրելու անցյալի քաղաքական գործիքայնացումը։
Անդրադառնալով Ժակ Դերիդայի արխիվային տեսությանը՝ բանախոսը նշեց, որ արխիվը երբեք չեզոք տարածք չէ, այլ հիշողությունը ձևավորող իշխանական համակարգ։ Նրա խոսքով՝ հենց արխիվի միջոցով է որոշվում, թե ինչն է պահպանվելու հանրային հիշողության մեջ, իսկ ինչը՝ դուրս մնալու պատմական նարատիվից։ Քննարկվեց նաև Դերիդայի «Արխիվային տենդ» հասկացությունը, որը բնութագրում է անցյալի հետքերը պահպանելու և վերահսկելու մշտական ձգտումը։
Ռայնհարթ Քոզելեքի տեսության շրջանակում բանախոսը ներկայացրեց ճգնաժամի ժամանակային կառուցվածքը՝ հիմնված «փորձառության տարածքի» և «ակնկալիքի հորիզոնի» փոխհարաբերության վրա։ Նրա խոսքով՝ ճգնաժամային իրավիճակներում խախտվում է անցյալի և ապագայի միջև հավասարակշռությունը, իսկ պատմականացումը դառնում է այդ ժամանակային խզումը հաղթահարելու միջոց։
Ալեյդա և Յան Ասմանների տեսություններին անդրադառնալով՝ Սմբատ Հովհաննիսյանը ներկայացրեց հաղորդակցական և մշակութային հիշողության տարբերակումը։ Նա ընդգծեց, որ կենդանի հիշողությունները ժամանակի ընթացքում վերածվում են ինստիտուցիոնալացված մշակութային հիշողության, իսկ հետճգնաժամային պայմաններում պետությունն ու իշխանությունը ընտրողականորեն որոշում են, թե որ հիշողություններն են դառնալու ակտիվ հանրային նարատիվի մաս, և որոնք են մղվելու մոռացության դաշտ։
Ամփոփելով Սմբատ Հովհաննիսյանը նշեց, որ քննարկված տեսական մոտեցումները հիշողության ուսումնասիրությունների համար ծառայում են որպես ճկուն վերլուծական գործիքակազմ։ Նրա խոսքով՝ ճգնաժամային պայմաններում պատմականացումը չի կարող հիմնվել անցյալի «օբյեկտիվ» վերականգնման պատրանքի վրա, քանի որ անցյալը մշտապես ներկայանում է որպես վերաիմաստավորման ենթակա փորձառություն, որի շուրջ ձևավորվում են հասարակական հիշողության և ինքնության նոր պատկերացումներ։